Ամերիկյան The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում ռուսական ռազմակայանի առկայությունը առավելություն չէ: Հարցազրուցավարի ճշտող հարցին, թե արդյո՞ք Հայաստանը պատրաստվում է վերանայել ռազմակայանի տեղակայումը, Նիկոլ Փաշինյանը տվել է բացասական պատասխան, ասելով, որ Հայաստանը այդ հարցը չի քննարկում, այլ փորձում է հասկանալ, թե ինչու՞ չի աշխատում այդ անվտանգային մեխանիզմը եւ դա Ռուսաստանի հետ հարաբերության օրակարգի հարց է:
Ինչպես հայտնի է, Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման պայմանագիրը մինչեւ 2043 թվականն է: Այդ երկարաձգումը տեղի ունեցավ 2010 թվականին, երբ Հայաստան էր այցելել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:
Այդ ժամանակ, ստորագրվեց ոչ միայն ռուսական ռազմակայանի տեղակայումը մինչեւ 2043 թվականը երկարաձգելու մասին համաձայնություն՝ կատարելով համապատասխան փոփոխությունը պայմանագրում, այլ նաեւ պայմանագրում կատարվեցին լրացումներ, որոնք ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ Հայաստանի անվտանգության հարցում ընդլայնում էին ՌԴ ռազմակայանի այսպես ասած իրավասությունների, հետեւաբար նաեւ պարտավորությունների շրջանակը: Դա մեկնաբանվում էր այն տրամաբանությամբ, որ ռուսական ռազմակայանը այդ փոփոխությունների համաձայն Հայաստանի անվտանգության հարցում ներգրավվածություն կունենա ոչ միայն Թուրքիայից որեւէ սպառնալիքի պարագայում, այլ նաեւ Ադրբեջանից սպառնալիքի դեպքում:
Բայց, այդ հանգամանքը ոչ միայն չզսպեց Ադրբեջանին՝ որը 2013 թվականից ըստ էության սկսեց սողացող պատերազմ, քայլ առ քայլ պատերազմը կանգնեցնելով ամբողջ հասակով, այլ չզսպեց նաեւ Թուրքիային՝ Ադրբեջանին ուղիղ աջակցություն ցուցաբերելու առումով: Ռուսաստանը զբաղվում է ոչ թե այդ ագրեսիան զսպելով, այլ ագրեսորների հետ պայմանավորվածություններով: Ընդ որում, ակնառու է, որ այդ պայմանավորվածությունները առնվազն Կովկասում տեղի էին ունենում ոչ միայն Հայաստանի եւ Արցախի հաշվին՝ հայկական անվտանգության ճարտարապետության փլուզման հաշվին, այլ նաեւ Կովկասում Ռուսաստանի ներկայության: Համենայն դեպս փաստ է, որ, եթե մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ը ռուս-թուրքական սահմանը անցնում էր Արաքսի ափով, ապա դրանից հետո այդ սահմանն անցնում էր Ստեփանակերտ-Շուշի գծով: Այսօր արդեն՝ Արցախի դեմ ագրեսիայի եզրափակիչ գործողությունից եւ էթնիկ զտումից հետո, այդ սահմաննէլ ջնջված է եւ Ռուսաստանը գնացել է նոր զիջումների, թեեւ դեռ հայտնի չէ, թե ինչի դիմաց:
Այս պայմաններում իրապես առաջանում է տրամաբանական հարց, թե ի՞նչ առավելություն կա Հայաստանի համար, երբ Հայաստանում կա ռուսական ռազմակայան: Այդ հարցը չունի միարժեք դրական պատասխան: Գուցե միարժեք այլ պատասխան էլ չկա, բայց պատասխան այդուհանդերձ պետք է ունենա, որպեսզի Հայաստանը չունենա նոր կորուստներ: Դրանք միայն ռուսական ռազմակայանի առկայությամբ կամ բացակայությամբ չէ, որ լինելու են պայմանավորված, սակայն ամբողջ հարցն այն է, որ ռազմակայանի հարցն ինքնին առանձին հարց չէ, այն մեծ աշխարհաքաղաքականության մաս է, հետեւաբար ունի շաղկապվածություն ռեգիոնալ անվտանգության նոր ճարտարապետության խնդրի հետ:
Այսօր ռուսական ռազմակայանը ըստ էության վերածվել է փլուզված ճարտարապետության այսպես ասած մի «ավերակի», այդ հասկացության ռազմա-քաղաքական իմաստով: Եվ անկասկած է, որ դա լոկ Հայաստանի հարցը չէ, թեեւ գտնվում է անմիջապես Հայաստանի տարածքում: Դա ռեգիոնալ հարց է, բոլոր այն դերակատարների համար, որոնք ռեգիոնալ անվտանգության նոր համակարգի, անվտանգության նոր ճարտարապետության իրական շահառու են:
Բաց մի թողեք
Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 35 տարի
Խորհրդավոր մահեր Ռուսաստանում
Ռուսաստանն իրագործում է Կովկասից հեռանալու իր ռազմավարությունը, իրենց նպատակն է՝ Հայաստան չպետք է մնա