Հնարավորինս արագ՝ բայց որակով: Գյումրիում արդեն մի քանի օր է բազմաբնակարան շենքերում շինարարական և նորոգման աշխատանքներ են մեկնարկել:
«Գումարի տրամադրումը մի փոքր ուշացավ, բայց համատիրության նախագահները խոստացել են, որ եթե եղանակը չխանգարի, մինչև տարվա վերջ ավարտած, կատարողական ախատանքները հանձնած կլինեն: Շատ տեմպով են աշխատում, համատիրություն կա իր նախատեսած ծավալն արդեն կես է ընկել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետարանի անշարժ գույքի, բնակարանային տնտեսության և համատիրությունների աշխատանքի համակարգման բաժնի պետի պաշտոնակատար Գևորգ Գրիգորյանը:
Այս պահին Մուշ թաղամասում անվտանգության համակարգերի տեղադրման աշխատանքներ են ընթանում, որոնք ամբողջությամբ կավարտվեն մի քանի օրից: Այս ծրագրի ավարտի վերջնաժամկետ է սահմանված դեկտեմբերի 25-ը: Այդ օրը կատարողականներն անգամ ավարտուն տեսք պետք է ունենան:
Իրականացվող բոլոր աշխատանքներն այս անգամ հանձնաժողովի մշտադիտարկմամբ են արվում: Հատուկ այս ծրագրի համար Գյումրու ավագանու խմբակցությունների ներկայացուցիչների ընդգրկմամբ ձևավորված հանձնաժողովը յուրաքանչյուր կատարած աշխատանքի համար եզրակացություն ու համաձայնություն է տալիս:
32 մլն դրամը բաշխվել է Գյումրու 21 համատիրությանը՝ յուրաքանչյուրին իր ունեցած շենքերի ու խնդիրների թվին համապատասխան: Ամենամեծ գումարը՝ 5 մլն դրամ, բաժին է հասել 250 շենք սպասարկող «Գյումրի կենտրոն»-ին:
«Կարին» համատիրությանը հատկացվել է 3 մլն 70 հազար դրամ, «Մուշ» համատիրությանը` 2 մլն 800 հազար դրամ: Ամենաքիչ գումարը` 400 հազարական դրամ, հատկացվել է «Գորկի», «Վել-Մանո», «Արատտա», «Երազանք» համատիրություններին:
Ինչպես են ընտրվել համատիրություններն ու շենքերը՝ հարցին, Գևորգ Գրիգորյանն ասաց նկատի են ունեցել համատիրությունների ղեկավարներից և բնակիչներից ստացած դիմումները:
«Մեզ հասած բոլոր դիմումները դիտարկել ենք, 80 տոկոսից ավել հասցեներ այցելել, խնդիրը տեղում ուսումնասիրել եք: Բոլորը լուսանկարահանվել, տեսանկարահանվել է, և աշխատանքի ավարտից հետո մենք ամբողջական կներկայացնենք»,- ասաց Գրիգորյանը:
Ամենախնդրահարույցը շենքերի կտուրների հարցն է, գեթե բոլորը խնդիրներ ունեն՝ կաթում են, պակաս կառուցատարրեր ու քայքայված թիթեղներով են դիմադրում քամիներին, անձրևին ու ձյանը:
Կտուրներից ետ չեն մնում նկուղները: Մեծամասամբ տարվա մի մասը ջրով են լցվում, ցուրտ եղանակին վերածվում սահադաշտերի: Տրամադրված այս գումարով, ըստ պատասխանատուի, թեև մասնակի, սակայն որոշակի խնդիրներ հնարավոր կլինի կարգավորել:
Այս հարցում Գյումրիին ձեռք կմեկնի նաև Կառավարությունը: 10 բազմաբնակարանի տանիքի հիմնանորոգման սուբվենցիոն հայտից միայն 2 շենքն է մերժում ստացել: Մնացած 8-ը, ըստ Գևորգ Գրիգորյանի, եթե ոչ այս տարի, ապա 2024-ին հիմնանորոգված տանիքներ կունենան:
Բաց մի թողեք
Ինչպես է պատրաստվում Տիգրան Ավինյանի ղեկավարած կառույցը ծախսել 2024 թվականի բյուջեն
Նախկին պատգամավորը ՊԵԿ-ի հետ դատական քաշքշուկների մեջ է. Լուսանկար
Ո՞ւմ է ՔՊ-ն ուզում Ալավերդի համայնքի ղեկավար կարգել