December 8, 2023

Ադրբեջանը խաղաղության սկզբունքներին ձևական համաձայնվել է, բայց գործնական քայլեր չի անում․ Խաչատրյան

Բազմից ասվել է, որ կա համաձայնություն խաղաղության սկզբունքների մասով, միջազգային հանրության ու Ադրբեջանի միջև ձևական համաձայնություն գոնե կա, և ուզում ենք համոզվել, որ այն բովանդակալի է ու իրական։

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ նշելով՝ ասվում է «ձևական համաձայնություն», քանի որ այդ հարցերը երկրորդ անգամ քննարկելու համար այլ հանդիպումներ դեռևս տեղի չեն ունեցել։
«Ձևական նշանակում է, որ միջազգային հանրության մոտ մեկ անգամ ասվել է, որ մենք համաձայն ենք, որովհետև ուրիշ բան չեն կարող ասել, բայց քայլեր չեն անում դրանք կյանքի կոչելու համար։ Հարցը պայմանագրի երեք սկզբունքների ընդունման մեջ է, այստեղ անկլավների հարցը չի քննարկվում»,- ասաց նա։

Ըստ Խաչատրյանի՝ սահմանների ճշգրտման հարցը արվելու է 1975 թվականի քարտեզներով։

Հարցին՝ եթե Ադրբեջանը ձևական մոտեցում է ցուցաբերում, ապա ինչպե՞ս են մինչ այս պահը տարվում բանակցությունները, պատգամավորը ընդգծեց․ «Ամենավատ բանն է, որ բանակցություններ տեղի չեն ունենում, այսօր բավականին մեծ առաջընթաց կա, Ադրբեջանը նախկինում չէր համաձայնվում, հիմա համաձայնություններ տալիս է։ Միջազգային հանրությունը ճնշում է գործադրում, և այդ ճնշումները տեղ են հասնում։ Իմ կարծիքով՝ այդ ձնագունդը ավելի է մեծանալու, և կնքվելու է պայմանագիր»։

Նրա կարծիքով՝ խաղաղության պայմանագիրը երբեմն խեղաթյուրում են, պատկերացում կա, որ դա եղբայրության մասին է, բայց դա նշանակում է, որ երաշխիքներ են տրվում, օրինակ, ՀՀ-ն չի հարձակվի Ադրբեջանի վրա, չկա որևիցե խնդիր, որը կարող է բերել ուժի կիրառման։

«Ադրբեջանն այժմ նստում է բանակցությունների սեղանի շուրջ և քննարկումների գնում։ Պետք է նկատած լինեք, որ Ադրբեջանի հռետորաբանությունն այլ էր, հիմա այլ է, բոլոր ուղղություններով՝ սկսած «Զանգեզուրի միջանցք»-ից և տարածքային ամբողջականության հետ կապված։ Սակայն Ադրբեջանի տրամաբանությունը կարող է փոխվել ժամ առ ժամ։

Ադրբեջանը չի կարող ասել, որ ՀՀ-ն ոչ կառուցողական է, որևէ պատճառ չկա, որ նա չճանաչի տարածքային ամբողջականությունը։ Բանակցային այլ պրոցեսներում, որ պետք է  ստորագրություն և երաշխավորներ լինեԻՆ, դա դեռևս տեղի չի ունեցել»,- ասաց նա։

Պատգամավորը հիշեցրեց, որ այս ամսվա վերջին օրը նախատեսված էր հանդիպում, սակայն պաշտոնական Բաքու հրաժարվեց ներկա գտնվել՝ պատճառաբանելով, թե ժամանակի սղության հարց կա․ «Կգա ժամանակ, ու բանակցությունները տեղի կունենան. խաղաղությունը այլընտրանք չունի»։

Verified by MonsterInsights