December 4, 2023

«Ինչ-որ մեկը ինձ «շատ է սիրում»․ Մարտունու փոխհամայնքապետը՝ շների սպանդի և զենք ունենալու մասին

Համացանցում տարածվող տեղեկությունների և լուսանկարների համաձայն՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում շների մասսայական սպանություններ են տեղի ունեցել։ Թափառող կենդանիների խնամքով զբաղվող մի կազմակերպության ղեկավարի պնդմամբ էլ՝ վերջինս կատարվել է Մարտունի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վահագն Դավթյանի ձեռամբ։

Հնչող մեղադրանքների առնչությամբ Վահագն Դավթյանը հերքեց դրանք: Փոխհամայնքապետը վստահեցրեց, որ այդ տեղեկությունները կապ չունեն Մարտունի համայնքի հետ։

«Չի կարող համայնքում նման բան լինել, իսկ թե ինչու են սա տարածում և կապում իմ անվան հետ, կարճ կասեմ՝ ինչ-որ մեկն ինձ «շատ է սիրում»։ Համայնքում իրականում թափառող շները շատ են, դեպքեր կան, որ հարձակվում են մարդկանց, երեխաների վրա։ Եղել են, որ մարդկանց հազիվ են հասցրել հիվանդանոց և կյանքը փրկել։ Կան դեպքեր, երբ հարձակվել են ընտանի կենդանիների վրա»,- ասաց նա։

Վերջինիս խոսքով՝ համայնքապետարանն առաջացած խնդիրը լուծելու համար բազմաթիվ անգամներ է մրցույթ հայտարարել՝ թափառող շներին ստերջացնելու կամ որևէ այլ լուծում գտնելու համար, սակայն ընդամենը մեկ կազմակերպություն է երկու ամիս առաջ շահել հայտարարված մրցույթը, ստերջացրել՝ 150 շուն։ Հաջորդ հայտարարված մրցույթներին, ըստ Դավթյանի, մինչ այս պահը չկա որևէ կազմակերպություն, որն արձագանքել է։

Իսկ ինչ վերաբերում է զենք ունենալու խոսակցություններին, փոխհամայնքապետը հավաստիացրեց, որ զենք չունի․ «Չեմ պատրաստվում ձեռք բերել։ Չեմ էլ կարող ասել, թե սա բնակիչներն են արել, որովհետև իրենց հետ ամեն օր շփվում եմ, և որևէ նման տեղեկություն ինձ չեն հայտնել»։

Վահագն Դավթյանի հաղորդմամբ՝ տարածվող տեղեկության հետ կապված իրեն տեղեկացրել են, որ դիմել են ՆԳՆ ոստիկանություն։ Գործի նյութերը արդեն փոխանցվել են Քննչական կոմիտե։

Verified by MonsterInsights