February 22, 2024

Արտաշատում անցկացվելու է Հանրապետական թատերական փառատոն

Նոյեմբերի 1-ից մինչեւ 7-ն Արտաշատում անցկացվելու է Հանրապետական թատերական փառատոն՝ նվիրված Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի՝ պետական կարգավիճակ ստանալու 90 եւ շենքի կառուցման 80-ամյակներին:

Հոբելյանի առթիվ թատրոնը հանդես է գալու հագեցած միջոցառումների ծրագրով, որի կենտրոնում Հանրապետական թատերական փառատոնն է։

Արտաշատում կայանալիք թատերական տոնին մասնակցելու է Հայաստանի 9 թատրոն՝ իրենց խաղացանկի լավագույն ներկայացումներով։

Փառատոնի մեկնարկը նախատեսված է նոյեմբերի 1-ին, բացումը վերապահված է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնին, որը հանդես է գալու «Լոռեցի Սաքոն» ներկայացմամբ: Հոբելյանական միջոցառումների շրջանակում նախատեսված են նաեւ թատրոնի պատմությունն ամփոփող գրքի շնորհանդես, նկարների ցուցադրություն։

Փառատոնի ծրագիրը լինելու է բազմազան, որի շրջանակում ներկայացումներով հանդես են գալու Երեւանի, Վանաձորի, Գյումրու, Արտաշատի թատրոնները։ Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու տարբեր ներկայացումներ, ինչպես, օրինակ, Հ. Մալյանի անվան թատրոնի «Շրջված երազ», Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի «Դում-դում իմաստունը եւ անգետները», Վանաձորի թատրոնի «Ամուսնացիր եւ սանձիր կնոջդ» ներկայացումները եւ այլն։ Փակումը վերապահված է հենց Արտաշատի դրամատիկական թատրոնին՝ «Երկու+երկու» ներկայացմամբ։

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը մեծապես կարեւորում է մարզերում թատերական փառատոններ անցկացնելու հանգամանքը, որը, ըստ նրա, յուրահատուկ թատերական, մշակութային մթնոլորտ է ձեւավորվում մարզերում։

«Փառատոններն ակտիվացնում են տեղի թատերական կյանքը։ Նման միջոցառումներից հետո հանդիսատեսը կապվում է իր թատրոնին։ Հանդիսատեսը հնարավորություն է ունենում վայելելու մյուս քաղաքների թատրոնների լավագույն ներկայացումները, տեղում շփվել իր սիրելի դերասանների հետ։ Բացի այդ, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը լեգենդար պատմություն ունեցող թատրոն է, շատ արժանի թատրոն, այդ իրադարձությունները պարտավոր էինք նշել, դրա համար էլ որոշեցինք փառատոն իրականացնել»:

Հանրապետական թատերական փառատոն՝ Արտաշատում

Verified by MonsterInsights