December 9, 2023

Ինչպես կարող եմ ես կուսակցության ներսում թևեր ձևավորել և անազնիվ քաղաքական խարդավանքների մեջ մտնել. Պետրոսյան

«Երեկ այդ լուրը մամուլում կարդալով և սկզբնաղբյուրը տեսնելով՝ հարկ չեմ համարել անդրադառնալ, որովհետև ցանկացած, մասնավորապես՝ Կոտայքի մարզի ՔՊ-ականին հայտնի է իմ հարաբերությունները Արզնի համայնքում 5 տարի արդեն ղեկավարած ՔՊ-ական համայնքապետի հետ»:

Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ՔՊ-ն բաժանվել է տարբեր թևերի, որի մի ճյուղը ինքն է ներկայացնում, մասնավորապես Արզնի համայնքում սատարել է ոչ ՔՊ-ական թեկնածուի և ընկած է Կոտայքի մարզպետի հետևից:

«Այդ մասով կարող եմ հստակ մատնանշել, որ դեռևս 2018 թվականին, երբ ես Կոտայքի մարզպետն էի, Ալեքսեյ Միրզոևը իմ առաջարկով է անդամակցել մեր կուսակցությանը, և ես ինքս եմ այդ գյուղապետին ներգրավել մեր կուսակցության շարքերը, ապա նաև որպես մարզպետ ներկայացրել մեր կուսակցության վարչությանը թեկնածու առաջադրելու այդ ասորական փոքրամասնություն համարվող գյուղում մեծամասնական ընտրակարգով, և առնվազն անհեթեթ է նման լուր տարածելը»,- ասաց Պետրոսյանը:

Վերջինս նաև կարևոր դիտարկում արեց. «Քաղպայամանգրի գործող վարչության կազմում ես չորս վարչականներից մեկն եմ, ով ի սկզբանե՝ սկսած հիմնադիր համաժողովից, հանդիսացել է բոլոր չորս վարչությունների անդամ: Վարչապետը, Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանը և ես, չորսս ենք, որ անդադար չորս համաժողովների արդյունքներով ընդունվել ենք վարչության կազմում: Ինչ եք կարծում, նման երդվյալ ՔՊ-ականը ինչպե՞ս կարող է սեփական թիմի ներսում թևեր ձևավորել և անազնիվ քաղաքական խարդավանքների մեջ մտնել: Մի քիչ որ վերլուծեք տվյալ սկզբնաղբյուրը, պարզ կլինի, թե քամիները որտեղից են փչում»:

«2022 թվականի գործութնեության արդյունքներով անցյալ տարի նախաձեռնված քրեական վարույթների թիվը 77-ն է, որոնցից 33-ը քննվում է Հակակառուպցիոն կոմիտեյում, իսկ 44-ը Քննչական կոմիտեյում: 2023 թվականի 10 ամիսների գործունեության արդյունքում արդեն 65 քրեական վարույթներ ունենք նախաձեռնված, որոնց դարձյալ մի մասը՝ 40 տոկոսը Հակակոռուպցիոն կոմիտեյում է քննվում, մնացած մասը՝ Քննչական կոմիտեյում»:

Այս մասին այսօր Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը:
«Վերոնշյալ մեկուկես, երկու տարվա արդյունքում հարուցված հարյուրից ավելի վարույթներից երկու գործ արդեն հասել են դատարան, մնացածի մասով դեռևս նախաքննությունը շարունակվում է և՛ քննչական մարմնի ծանաբեռնվածության հետևանքով, նաև փորձաքննությունների բյուրոյի գերծանրաբեռնվածության, փորձագետների սակավությունների հետևանքով»,- ասաց Պետրոսյանը:

Լրագրողի հարցին, թե ասեք մի իշխանական գործիչ, որ ձեր բացահայտումների արդյունքում պատժվել է, և որևէ կոռուպցիոն սխեմա որը դուք եք քանդել Ռոմանոս Պետրոսյանը արձագանքեց.

«Պետական կառավարման համակարգում գործող բազմաթիվ պաշտոնյաներ, այդ թվում նաև բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվել են իրենց լիազորություններից՝ աշխատանքից, ներգրավվել են տարբեր կարագավիճակնրով մեր ուսումնասիրությունների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում անցնող վարույթներով և այս պահին սպասում ենք գործերը դատարան հասնելուն: Քանի դեռ դատական վճիռներ չկան, քանի դեռ մարդկանց մեղքը ապացուցված չէ դատարանով ես կոռեկտ չեմ համարում հնչեցնել անուններ, բայց օբյեկտիվ լրատվություն հայտնող լրատվականներում կարող եք այդ անունները կարդալ»:

ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարը նաև նկատեց՝ մի քանի ուղղությամբ ՊՆ-ում վերահսկողական գործառույթներ են իրականացնում պերմանենտ ռեժիմում, այսինքն անըդհատ ուղեկցում են այդ գործընթացները:

«Երկու շաբաթ առաջ հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց նաև յուղերի, քսայուղերի հետ կապված շուրջ 60 միլիոն դրամի չարաշահումների մասին, մեր ուսումնասիրությունների տվյալների հիման վրա էր վարույթը նախաձեռնվել հակակոռուպցիոն կոմիտեյում, նույնիսկ վեց ձերբակալվածներ կան, այդ թվում և՛ մասնավոր տնտեսվարող, և՛ ցավոք զինվորականներ»,- ասաց Պետրոսյանը:

Վերջինս նշեց՝ Առողջապահության նախարարության մասով, իրենց ուսումնասիրությունների արդյունքում շուրջ 600 միլիոն դրամի պետպատվերի միջոցներ վերադարձվել են պետբյուջե:

Verified by MonsterInsights