December 9, 2023

Առաջիկայում արդյոք կհարձակվի՞ Ադրբեջանը Հայաստանի վրա. Լեմկինի ինստիտուտի հայտարարության հետքերով

Քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանը Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի մտահոգությունը, թե առաջիկա օրերին և շաբաթներին Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժելու հավանականություն կա, համարում է իրականություն, որի մասին գիտեն բոլորը։

Նրա խոսքով՝ ըստ էության՝ ինստիտուտի հոկտեմբերի 31-ին արած հայտարարությունը նորություն չէր, դրա մասին բազմիցս բարձրաձայնել են Հայաստանի իշխանությունները բոլոր հարթակներում, որտեղ հնարավոր է եղել ելույթ ունենալ կամ ներկայանալ:

«Հարց է՝ այս հայտարարությամբ պարզապես փաստում են ևս մեկ անգամ նման ռիսկի առկայությո՞ւնը, նախազգուշացնո՞ւմ են, թե՞ ընդգծում դրա կարևորությունը, հիշեցնում, որ Ադրբեջանը հետ չի կանգնել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Միսկարյանը նաև նկատում է՝ որքան էլ Ադրբեջանը տարբեր պաշտոնյաների շուրթերով հայտարարի, թե հետ է կանգնել «Զանգեզուրի միջանցք» կոչված գաղափարից, իրականում այդպես չէ:

«Բոլոր պարագաներում Ադրբեջանը ՀՀ-ի տարածքով իր կողմից վերահսկելի անցում է ուզում և ուզելու է միշտ։ Իսկ «գրավչությունը կորցրել է» իրենց սիրելի արտահայտությունը կարելի է վերլուծել տարբեր կերպ․ ՀՀ-ն այդպես էլ իրենց առաջարկներով, պայմաններով չի տալիս ճանապարհը, իրենց ձեռնտու չէ Հայաստանի օրենքների ու իրավասության, տարածքային ամբողջականության հիմքի վրա հիմնված տարածքից օգտվել, կամ՝ պատրվակ՝ հետագայում Սյունիքի դեմ հարձակումը արդարացնելու համար, քանի որ եթե չկա ցանկալի «միջանցքը», կան բազմաթիվ պատրվակներ, որոնք սիրում է և կարող է հորինել Ադրբեջանը»,- կարծում է նա:

Անդրադառնալով Միացյալ Նահանգների հայտարարությանն այն մասին, որ վճռականորեն աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականության պահպանմանը՝ Միսկարյանն ասում է՝ առաջին անգամը չէ, երբ ԱՄՆ-ն ցույց է տալիս, որ դեմ է Հայաստանի դեմ իրականացվելիք ցանկացած ռազմական գործողության և տարածքների սահմանների խախտման։ Այլ հարց է, թե ինչպես է պատկերացնում Նահանգներն իր քայլերը որևէ սադրանքի դեպքում։

«ԱՄՆ-ի դեպքում մի փոքր դժվար է ասել, թե որ պահին ու ինչպես կլինի այդ աջակցությունը, բայց այն վճռականությունը, որ հաստատել են կրկին այսօրվա հայտարարության մեջ, ցույց է տալիս, որ դա գնալով աճելու է։ Հարավային Կովկասում առանց Հայաստանի ժողովրդավարությունը կկորի, և աշխարհը կկորցնի իր ազդեցությունն այս տարածաշրջանի նկատմամբ։ ԱՄՆ-ն դա հասկանում է և ցանկանում է այստեղ, ի դեմս ՀՀ-ի, Վրաստանի, միգուցե նաև՝ Ադրբեջանի, ունենալ դաշնակիցներ, այլ ոչ թե հակառակ ճամբարում գործող պետություններ։ Դա ունենալու համար պետք է օգնել մեզ, որպեսզի կարողանանք կառուցել այն ժողովրդավար պետությունը, որը Նահանգները ցանկանում է տեսնել։ Թե ինչ լուծում կստանա այս ամենը, կախված է և՛ ՀՀ-ից, և՛ ժողովրդից»,- ընդգծում է նա:

Ի տարբերություն ԱՄՆ-ի՝ ՌԴ-ի ցուցաբերած լռության դեմ այս հարցում պետք չէ զարմանալ, առավել ևս սպասել հայամետ հայտարարության, ասում է Միսկարյանը: Վերջինս հիշեցնում է՝ Ռուսաստանը բազմիցս է ցույց տվել, որ բոլոր պարագայում պատրաստ է Հայաստանին զոհաբերել, որպեսզի պաշտպանի իր շահերը․ ԼՂ էթնիկ զտումը ՌԴ-ի հովանավորչության ներքո դրա վառ օրինակն էր։

Ըստ քաղաքական գործչի՝ սեփական երկիրն ու պետականությունը պահելու համար Հայաստանը պետք է տարբեր ձևաչափերով առաջ տանի համագործակցությունը։ ԱՄՆ-ից, Եվրոպայից ստացած աջակցությամբ զինվի ու վերափոխի բանակը։ Նա նաև շեշտում է, որ հայկական դիվանագիտությունը այս պահին ճիշտ ճանապարհի վրա է:

Verified by MonsterInsights