2024 թվականին մեծ հավելում է նախատեսվում ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայությունների համար: Ունենք ավելացում 3,1 միլիարդ դրամի՝ 11,1 տոկոսի աճ:
Ըստ նախարարի՝ մինչև տարեվերջ կավարտվի նաև Դսեղի ամբուլատորիայի կառուցումը, որը մոդելային նոր տիպի ամբուլատորիա է: Առաջիկայում կավարտվեն նաև վերազինման և փաստաթղթային փոխանցման աշխատանքները: Ավանեսյանի խոսքով՝ այն կառուցվել է COAF հիմնադրամի հետ համատեղ․ «Դսեղի ամբուլատորիայում մենք իրականացնում ենք, արդեն իսկ ունենք գծված մոդելային նոր աշխատանքի ձև: Այս պիլոտը 6 ամիս փորձարկելուց հետո արդեն կտարածենք ապահովագրության շրջանակներում նաև մեր մյուս ամբուլատորիաների և պոլիկլինիկաների վրա»։
ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ, առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հայտարարեց, որ առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգն արդեն ընդունված է։
«Առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը նախատեսվում է սկսել 2024 թվականի կեսերից, որը կշարունակվի մինչև 2026 թվականը։ Այսինքն՝ առողջապահական ապահովագրության համակարգի ամբողջական ներդրումը կիրականացվի 2026 թվականին։ Այն նախատեսվում է ներդնել փուլային տարբերակով։ Ծրագրի միջնաժամկետ ծախսերը հաշվարկված և պլանավորված են»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգով ամբողջ կառուցվածքը և տրամաբանությունը շարադրված են․ «Առաջիկայում Ազգային ժողով կգա օրենսդրական մեծ փաթեթ, և դրա շրջանակներում քննարկումներ և բանավեճեր կունենանք։ Ազգային ժողովը պետք է ընդունի և հաստատի օրենքը, որի հիման վրա Կառավարությունը՝ արդեն իսկ այդ օրենքից բխող տրամաբանությամբ կիրականացնի բոլոր միջոցառումները՝ հիմնադրամի ստեղծումը, կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծումը և այլն։ Բնականաբար, բոլորիս նպատակն է հանրությանը տրամադրել միանման, հասանելի և մատչելի բժշկական ծառայություն»։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ իր հերթին նշեց, որ 2024 թվականի կեսերից առողջապահական ապահովագրության ներդրումը սկսելու համար կհատկացվի 18 միլիարդ դրամ։
«Առողջապահական ապահովագրության ներդրման հայեցակարգը բավականին ծավալուն, բայց նաև շատ հստակ սկզբունքներ, մոդել և կառուցվածք ամրագրող փաստաթուղթ է։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ այն ոչ միայն ընդհանրական, բնութագրիչ և սկզբունքներ հավաստող է, այլ նաև հայեցակարգի մեջ բավականին հարցերի պատասխաններ են տրված։ Շուտով կունենանք օրենսդրական մեծ փաթեթի քննարկում Ազգային ժողովում»,- ասաց նա։
Իմունականխարգելման ազգային ծրագրի համար ունենք հատկացում՝ 16,4 տոկոսի ավելացում՝ 728 միլիոն դրամի շրջանակներում, որի շնորհիվ կարողանալու ենք ներդնել մեր երկրում ջրծաղիկի պատվաստանյութի կիրառումը:
«Սա կնպաստի մեզ մոտ երեխաների, նաև զորակոչիկների առողջության և աշխատունակության պահպանմանը և նաև որոշակի առումով անվտանգային շատ կարևոր լուծում է: Ինչո՞ւ եմ նշում, որովհետև ջրծաղիկը շատ բարձր կոնտագիոզությամբ օժտված հիվանդություն է, եթե մանկապարտեզում՝ մի խմբում, ջրծաղիկ է լինում, ապա ամբողջ մանկապարտեզը, ցավոք սրտի, գրեթե բոլորը վարակվում են: Մենք ունենում ենք նաև շատ ծանր դեպքեր»,- ասաց նա։
Բաց մի թողեք
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով պայմանավորված աճ
Առողջապահական առաջնային օղակը քաղաքացիների համար պետք է լինի առավել հասանելի, վստահելի ու մրցունակ. Ավինյան
Պեկինը թաքցնում է մահաբեր նոր համաճարակը