December 4, 2023

Լեւոն Քոչարյանը «ոչ սովորական մարդու» կարգավիճակ ունի՝ նախկին (տխրահռչակ) նախագահի որդին լինելու բերումով

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, թերեւս, միակ անկեղծ պատգամավորն է հիշյալ ընդդիմադիր խմբակցությունում, որը բաց տեքստով ու առանց սեթեւեթելու լույս սփռեց Լեւոն Քոչարյանի՝ ԱԺ պատգամավոր դառնալու հանգամանքների վրա։

Եվ մինչ իրենց բաժին հասած մանդատներից հրաժարվելու մասին դիմում գրած պատգամավորացուները տարբեր «մահանաներ» են բերում՝ հրաժարումը համոզիչ դարձնելու համար, Նազարյանն իրերն իրենց անունով է կոչել՝ միաժամանակ պնդելով, որ մանդատից հրաժարվողների նկատմամբ «որեւէ ստիպում» չի եղել։

«Եթե նույնիսկ երեք հոգի հրաժարվում է մանդատից հօգուտ Լեւոն Քոչարյանի, էդտեղ որեւէ քրեական արարք, հակաբարոյական արարք չեմ տեսնում։ Ընդհակառակը, ես տեսնում եմ բարոյական եւ շատ լուրջ քաղաքական որոշում, որովհետեւ էս պահին, երբ իրենց պատգամավորի թեկնածու ընկերը ապօրինաբար գտնվում է կալանքի տակ, դա էլ քաղաքական պայքարի դրսեւորում է՝ հրաժարվել մանդատից, որ մանդատը բաժին հասնի ապօրինի հետապնդման ենթարկվող մեկին։ ․․․ Կոնկրետ էս դեպքում իրենք, այո՛, իրենք իրենց աջակցությունն են հայտնել կալանավայրում գտնվողներին»,- մասնավորապես հայտարարել է Նազարյանը՝ հավելելով. «Ես վստահ եմ, եթե Լեւոն Քոչարյանը չլիներ Ռոբերտ Քոչարյանի որդին, այլ լիներ մեր սովորական՝ մյուս թեկնածուներից մեկը, մեր ընկերները, ովքեր հրաժարվեցին մանդատից, նույն կերպ կվարվեին»։

Փաստորեն, պարոն Նազարյանի համար Լեւոն Քոչարյանը «ոչ սովորական մարդու» կարգավիճակ ունի՝ նախկին (տխրահռչակ) նախագահի որդին լինելու բերումով։ Իսկ նրանք, ովքեր Քոչարյանի պես հայրիկներ չունեն, պատգամավորի «սովորական» թեկնածուներ են։ Նազարյանին պետք է հուշել, որ ՀՀ-ում օրենքի առաջ բոլորը հավասար են, եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյա «պապայի բալա» լինելը բնավ չի նշանակում լինել առանձնաշնորհյալ ու արտոնյալ։

Հարկ է նկատել, որ մանդատից հրաժարված երեք պատգամավորացուներն իրենց «բացատրագրերում» գեթ մեկ բառ չեն նշել, անգամ թեթեւ ակնարկ չեն արել այն մասին, որ իրենց այս որոշմամբ «աջակցություն» են հայտնում «նեղ դրության» մեջ գտնվող՝ բանտային կյանքին անսովոր «թագաժառանգին»՝ կրտսեր Քոչարյանին։ Փոխարենը, ինչպես նշեցինք, տարբեր՝ առերեւույթ կասկածի տեղիք չտվող պատճառաբանություններ են նշել։

Միհրդատ Մադաթյանը, օրինակ, որը երեկ գնացել էր Նուբարաշեն ԿՔՀ-ից ազատ արձակվող որդի Քոչարյանին դիմավորելու, պարզաբանել է, թե մանդատը վայր դնելու իր որոշումն ուներ բացառապես իրավական պատճառ։

«Բոլորդ գիտեք, որ ես հոգեբան եմ, ունեմ այցելուներ, իսկ պատգամավորությունը խանգարելու էր իմ այցելուներին»,- հայտարարել է նա։ Հարցին՝ իսկ նախքան ցուցակում ընդգրկվելը արդյոք հաշվի չէ՞ր առել հիշյալ իրավական սահմանափակումը։ «Չգիտեի, որ կան որոշակի գործողություններ, որոնք համատեղելի չեն պատգամավորական գործունեության հետ, իմ դասախոսական գործունեությունը համատեղելի է, բայց այցելուների հետ կապված գործունեությունը՝ ոչ։ Ես իրավունք չունեմ իմ ուղիղ մասնագիտության մեջ թերանալու»,- նշել է իր մասնագիտական գործունեությունը քաղաքական ակտիվիզմիով համեմող, իշխանության հասցեին անլվա խոսքեր շաղ տվող հոգեբանը։

Տարօրինակ է, որ Քոչարյանի թիմի իրավաբանները նրան նախընտրական ցուցակում ընդգրկելուց առաջ «լիկբեզ» չեն արել՝ ծանուցելով պատգամավորի մանդատի իրացմանը «խանգարող հանգամանքների մասին»։

Մեկ այլ՝ մանդատից հրաժարված թեկնածու՝ «Հանրային դիվանագիտություն» բարեգործական ՀԿ փոխնախագահ, Վահե Հակոբյանի գլխավորած «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Անժելա Նալբանդյանը եւս իր «բացատրագրում» մի «կես բերան» անգամ չի ակնարկել, որ իր որոշումը թելադրված է, այսպես ասած, մարդասիրական մղումներից՝ հանդեպ նախկին նախագահի որդին: «Որոշումս, կարծում եմ, միանգամայն պարզ է ու հասկանալի՝ հաշվի առնելով Ազգային Ժողովից հեռանալու՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության՝ դեռեւս նախորդ տարի նոյեմբերին կայացրած եւ գործող որոշումը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում մասնավորապես գրել է Նալբանդյանը։

Երրորդ՝ չկայացած ընդդիմադիր պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանն էլ այսպես է մեկնաբանել «մանդատամերժման» իր որոշումը՝ փոքր-ինչ խորհրդավոր ձեւակերպմամբ․ «Նկատի ունենալով իմ աշխատանքային ու կազմակերպական ծանրաբեռնվածությունը, ինչպես նաեւ որոշ այլ հանգամանքներ՝ անձնական որոշում եմ կայացրել, համաձայն որի՝ այս փուլում իմ խորհրդարանական գործունեությունը նպատակահարմար չեմ համարում»։

Քանի որ խոսք բացվեց «որոշ այլ հանգամանքներ»-ի մասին, վերհիշենք «որոշ այլ հանգամանքներ» Գ․ Վարդանյանի մասին․ նրա նկատմամբ, ինչպես հայտնի է, նույնպես իրականացվում է քրեական հետապնդում՝ ՀՅԴ ԳՄ անդամին մեղադրանք է առաջադրվել 2020 թ․ նոյեմբերի 10-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ խոչընդոտները վերացնելու եղանակով զանգվածային անկարգություններին օժանդակելու, ինչպես նաեւ խմբի կազմում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար:

Մեկ այլ քրեական գործով էլ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել եւ իր ավտոմեքենայի սրահի առջեւի պահախցում (սահմանված կարգի խախտմամբ) ապօրինի պահել է 8.9 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը 28.09.2021 թ․ նրա ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել եւ վերցվել է։

Հետաքրքիր է՝ եթե Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացված չլիներ, նա շարունակեր գտնվել անազատության մեջ, «Հայաստան»  խմբակցության փաստացի ղեկավարն արդյոք նույնքան սրտացա՞վ կգտնվեր, որքան հարազատ զավակի հանդեպ, արդյոք նույնքան օպերատի՞վ կգործեր, որքան որդու դեպքում՝ հրահանգելով նախընտրական ցուցակում Վարդանյանին նախորդող պատգամավորի թեկնածուներին հրաժարվել թանկագին մանդատից՝ հանուն (Գեղամ Նազարյանի չափանիշներով) «սովորական մարդ» ՀՅԴ-ականի փրկության՝ կալանքից ազատման։ Խիստ կասկածելի է:

Ի դեպ, Քոչարյան կրտսերին պատգամավոր դարձնելու «անակնկալը» այնքան էլ «անակնկալ» չէր, եւ քրեական հետապնդման միջով անցնող մեկ այլ «հայաստանական» «Իզմիրլյան» ԲԿ իր մասնագիտական գործունեությանը վերադարձած Արմեն Չարչյանը «ճիշտ ժամանակին» վայր դրեց մանդատը՝ այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Լեւոն Քոչարյանի կալանքը երկարաձգվեց։

Եվ քանի որ Ռոբերտ Քոչարյանին («Մարտի 1»-ի գործով քրեական հետապնդման ենթարկվելու եւ կալանք կրելու օրերին) վիրահատած բժիշկն իր մանդատը ստացել էր բացառապես նրա շնորհիվ, ապա Չարչյանին այլ բան չէր մնում, քան մանդատը զոհաբերելը հանուն մեկի, որին այն օդ ու ջրի պես է պետք՝ բանտից վայրկյան առաջ դուրս պրծնելու համար։

Verified by MonsterInsights