Ո՞րն է պատճառը, որ այս պահին հայ-ադրբեջանական բանակցությունները դադար են վերցրել։
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադառնալով այս հարցին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն ասաց. «Իրական բանակցությունները ընթանում են ոչ թե հանդիպումների ժամանակ, այլ խորհրդատվական խողովակներով, թղթեր փոխանցելով, որովհետև վերջում, երբ հավաքվում են երկրների ղեկավարները, ամփոփում են կատարված աշխատանքը և վերջում գալիս են եզրակացության ու գնում առաջ»:
Ըստ նրա՝ բանակցությունները չեն դադարել, պարզապես հանդիպումներ չկան՝ կապված աշխարհաքաղաքական տարբեր գործոնների հետ:
«Այդ թվում՝ արաբա-իսրայելական պատերազմը, որը ռիսկեր է պարունակում Հայաստանի համար, քանի որ աշխարհի ուշադրությունը շեղում է այդ հարցից, բայց այն զգուշավոր լավատեսությունը, որը ունենք՝ կապված խաղաղության պայմանագիրը 2024 թվականին կնքելու հետ, պահպանվում է, որովհետև մեծ հաշվով առանցքային հարցերի շուրջ ըմբռնում կա: Միակ հարցի, որի շուրջ չկար այդ ըմբռնումը, այսպես կոչված՝ «միջանցքի» հարցն էր, բայց այդ հարցը, իմ տպավորությամբ, Ադրբեջանի և Թուրքիայի՝ գոնե հրապարակային հայտարարություններից դուրս է եկել, հայտարարել են, որ գտել են տնտեսական առումով ավելի հարմար ճանապարհ»,- նշեց նա։
Պատգամավորը նաև նկատեց՝ խաղաղության պայմանագրի համար ՀՀ-ի կողմից չկա որևէ խանգարող հանգամանք, Հայաստանը պատրաստ է 1974-75 քարտեզներով գնալ սահմանազատման, ապաշրջափակման. «Ցանկացած քաղաքացի, ով Ադրբեջանի սահմանը կհատի Հայաստանի սահմանով, հետագա իր ճանապարհը պետք է իրականացնի բացառապես ՀՀ օրենսդրությամբ, այնպես, ինչպես Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան սահմանն է գործում»:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ադրբեջանի կողմից հնչող՝ 8 գյուղերի մասին հայտարարություններին:
Ըստ պատգամավորի՝ խաղաղության պայմանագրի կարևորագույն կետերից մեկը հենց դա է, որ արձանագրի ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ 29 հազար 800 քառակուսի կմ, ճանապարհների ապաշրջափակումը։ Պետք է լինի այնպիսի պայմանագիր, որ չառաջացնի այլ խնդիրներ և նոր պատերազմի հավանականություն: Պապոյանի խոսքով՝ սրանով է պայմանավորված, որ այդ գործընթացը երկարում է։
Պատասխանելով լրագրողներից մեկի արտահայտած մտքին, թե ինչ խաղաղության մասին է խոսքը, երբ ադրբեջանական զորքերը իբրև թե արդեն «հասել են Տիգրանաշեն»՝ իշխող ուժի անդամը այդ մտքերը որակեց աբսուրդ․ «Ես չգիտեմ, թե դուք ինչ մտքեր արտահայտեցիք, որովհետև դրանք ՀՀ-ի մասին չէին, և չգիտեմ՝ ձեր տեղեկատվությունը որտեղից է։ Նիկոլ Փաշինյանը նման բան չի ասել, և ձեր բոլոր մտքերը աբսուրդային են, մեկնաբանության կարիք չկա։ 8 գյուղերի մասին խոսում եք դուք, Հիքմեթ Հաջիևը ու Ալիևը»։
Բաց մի թողեք
Մենք սկսել ենք ու կշարունակենք ցերեկային իրազեկող բնույթի ակցիաներ իրականացնել. «Զանգ»
Հայաստանի սահմանները, տարածքային ամբողջականությունը չճանաչողը Ադրբեջանը չէ, Ռուսաստանը չի ճանաչում. Բաբաջանյան
Փաշինյանի մեղավորությունը այն է, որ հավատացել է նրանց, ում որ հավատացել է․ Բաբայան