December 3, 2023

Իրականության եզրափակիչ փուլի սկիզբ` կորցրեցինք ամբողջ Արցախը

Այսօր լրանում է Հայաստանի նորագույն պատմության, եւ թերեւս հայ ժողովրդի պարտության ցավագին, ծանր, ընդհուպ ամոթալի էջերից մեկի՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման, 44-օրյա պատերազմի պարտության երրորդ տարելիցը, որը դե ֆակկտո դարձավ մի իրականության եզրափակիչ փուլի սկիզբ, որի հետեւանքով մենք կորցրին ամբողջ Արցախը:

Նոյեմբերի 9-ի, 44-օրյա պատերազմի, նախորդած ու հաջորդած իրադարձությունների, մեղավորների, պատասխանատուների, ներքին եւ արտաքին պատճառների, դրդապատճառների եւ զանազան տեսությունների մասին հնչել են անթիվ գնահատականներ, մեկնաբանություններ ու վերլուծություններ, եւ անկասկած դեռ կհնչեն:

Այսօր հնչող առավել էական հարցերից է այն, թե արդյո՞ք գործում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:  Երեք տարի անց ըստ էության չկա եռակողմ հայտարարության «առարկան»՝ Լեռնային Ղարանաղն իր հայկական բնակչությամբ եւ կառավարման ինստիտուտներով: Միեւնույն ժամանակ, չկա որեւէ հայտարարություն այն մասին, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն այլեւս չկա: Ստորագրող երեք կողմերից որեւէ մեկը՝ Պուտինը, Փաշինյանն ու Ալիեւը գոնե առ այսօր չեն խոսել այս հայտարարության այսպես ասած ուժը կորցրած լինելու, անցյալ դարձած լինելու մասին: Հարցերն այս առնչությամբ բավականին շատ են, իրավիճակը բավական բազմաշերտ, առկա են նոր գործընթացներ, որ սաղմնավորվեցին 2021 թվականից, երբ խաղի մեջ մտավ Բրյուսելը: 2022 թվականի ռուս-ուկրաինական պատերազմտ լիովին այլ տրամաբանություն հաղորդեց նաեւ կովկասյան իրավիճակին:

Այլ կերպ ասած, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ արձանագրված տրամաբանությունը փոխվել սկսել է դեռեւս 2021 թվականից, սակայն առ այսօր, երբ այլեւս չկա բուն առարկան՝ Արցախը, բացակայում են եռակողմ հայտարարության չեղարկված լինելու մասին որեւէ հայտարարություն:

Առանցքային պատճառը թերեւս այն է, որ դե յուրե եռակողմ այդ հայտարարությունը դե ֆակտո ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստ ունեցող մի գործընթացի ընդամենը տեսանելի մաս է, իսկ բուն առանցքում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ քննարկումներն ու համաձայնություններն են, որոնց դրսեւորումներից մեկն էլ Աղդամում մոնիտորինգի համատեղ կենտրոնի ստեղծումն էր, որի վերաբերյալ էլ՝ առ այսօր կարծես թե չկա չեղարկման խոսք, թեեւ այդ կենտրոնն ինքնին ստեղծվել էր մեկ տարի ժամկետով:

Իհարկե, Ռուսաստանից եւ Թուրքիայից զատ կան նաեւ թե աշխույժ, թե պաիվ խաղացող այլ կենտրոններ՝ ռեգիոնալ, արտառեգիոնալ, սակայն առանցքում Ռուսաստան-Թուրքիա երկխոսությունն է, որի շուրջ են նաեւ մանեւրում մյուսռեգիոնալ կամ արտառեգիոնալ խաղացողները: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բովանդակությունը սկզբունքորեն վճռվել է ռուս-թուրքական երկկողմ ձեւաչափով, եւ թերեւս հենց այդ ձեւաչափով էլ կվճռվի հայտարարության, այսինքն դրա ներքո եղած իրողությունների հետագա ընթացքը:

Ինչ խոսք, այդ հարցում դարձյալ որոշակի ազդեցություն կունենան այլ խաղացողներ՝ ուղղակի, թե անուղղակի մեխանիզմներով, եւ աներկբայորեն՝ այլ կարեւոր ռեգիոններում գործողություններով:

Verified by MonsterInsights