Կիրակնօրյա ընթերցումներ․
Կինը մենակ էր տանը: Հիվանդ էր նա: Երբևէ չէր եղել այնպես, որ անհանգստանար իր համար: Բայց հիմա անհանգիստ էր, որովհետև վատ ինքնազգացողությունն առավոտից չէր լքում նրան: Անհանգստությունն աճում էր, ինչպես աճում էր ցավը սրտի շրջանում` երբեմն վերածվելով շնչահեղձության: Վախն աստիճանաբար բուն էր դնում ցավող սրտում ու ավելի անհանգստացնում: Գուցե մա՞հն է ցանկանում այցելել իրեն: Ախր շուտ է, դեռ ժամանակը չէ: Ի՜նչ անհեթեթություն. այդ ե՞րբ է մահը նախօրոք տեղեկացրել իր գալստյան մասին: Թերևս պետք է տեղյակ պահել աղջկան: Չէ՛, միայն ո՛չ դա. նա նոր է գնացել հանգստանալու, պետք չէ անհանգստացնել: Ինչ լինելու է, միևնույն է, պիտի լինի:
Վեր կացավ անկողնուց ու սկսեց քայլել սենյակում: Ցավը նորից շամփրեց սիրտը, այս անգամ այնքան սաստիկ, որ չկարողացավ քայլ գցել առաջ: Մնաց իր տեղում՝ ձեռքով սիրտն ամուր բռնած ու խոնարհված սրտին: Չէ՛, սա հաստատ վերջն է: Մահը եկել է իր ետևից: Մի՞թե այսպես պիտի լիներ իր վերջը, և, որ ամենասարսափելին է, միայնության մեջ… Պետք է պայքարել, ինչ-որ բան անել: Դե՛ղը: Անհրաժեշտ է հասնել խոհանոց ու պահարանից վերցնել դեղը: Չէ՛, ի վիճակի չէ, և հետո, թե պիտի մեռնի, էլ ինչի՞ն է պետք դեղը: Միայն թե՝ ամենակարևորը. պետք է տեղյակ պահել, որ ինքը մեռել է, որպեսզի մարմինն անշնչացած վիճակում փակ սենյակում չմնա երկար… Օ՜հ, ինչ սարասփելի է, պետք է մի բան անել… Ամենաճիշտը շտապ օգնություն կանչելն է, ինչպե՞ս ավելի շուտ չէր գլխի ընկել: Ձեռքը մեկնեց դեպի հեռախոսը, որն իր կողքին էր. հանկարծ հայացքն ուղիղ ընկավ իր մեկնած ձեռքին. եղունգներից թափվել էր մանիկյուրը՝ անհավասար, անխնամ, քանի օր է՝ ուշադրություն չէր դարձրել իրեն. իսկական փնթի կնոջ ձեռքեր: Հիշեց մորը, որը, չնայած իր տարիքին, միշտ ունի կոկիկ ու խնամված եղունգներ և ասում է, որ կնոջ ձեռքերը միշտ պետք է լինեն մաքուր ու խնամված: Ակամա պատկերացրեց, որ կգան ու իրեն այդպես կտեսնեն նախ բժիշկները, հետո հարազատները, ապա՝ ուրիշներ, ինչպիսի՜ խայտառակություն: Ու իր մասին կմտածեն, որ փնթիի մեկն է…
Կինը չզգաց, թե ինչպես վեր կացավ տեղից, սահեց ննջարան, հայելու առջևի դարակից հանեց եղունգների ներկը, մաքրող հեղուկ ու բամբակ: Նախ մաքրեց հնի մնացորդները, հետո հավասար ու սահուն քսեց նորը: Տարբեր կողմերից նայեց մատներին, հիացավ իր աշխատանքով, ապա, մինչ կչորանային նոր քսված եղունգները, նայեց իրեն հայելու մեջ: Ի՜նչ տհաճ տեսք ունի, մի՞թե սա այն բարետես կինն է: Վերցրեց հայելու առջև դրված խոզանակը, թեթևակի հարդարեց մազերը: Ահա այսպես փոքր-ինչ այլ է: Այս ի՞նչ դժգույն դեմք է, ուղղակի վախենալ կարելի է: «Կինը ցանկացած պարագայում պետք է գեղեցիկ լինի»,- մտածեց ու թեթևակի շրթներկ քսեց գունատ շուրթերին: Իսկ մա՞շկը, սա՞ ինչ է, իսկը հիվանդի վանող մաշկ… Ասես քննադատելով ուրիշին ու զայրանալով այդ ուրիշի անփութության վրա՝ դեմքի համար հատուկ հեղուկով լվաց մաշկը: Հետո նուրբ մատնահարվածներով մերսեց երեսը սնուցող քսուքով ու թեթևակի դիմափոշի քսեց: Աչքերի տակ մթամած փոսեր էին գոյացել, ուր սովորաբար սիրում է երկարատև խարիսխ գցել հիվանդ տխրությունը: Դա ամենևին դուր չեկավ նրան: Սիրալիր հոգածությամբ ինչ-որ բան քսեց՝ ջանալով քողարկել դրանք: Բայց դա չբավարարեց: Դարձյալ նայեց հայելու մեջ ու ժպտաց ինքն իրեն այն հեղափոխական ժպիտով, որով միայն կինը կարող է ժպտալ, և այդ ժպիտի մեջ սուզվեցին աչքերի տակ գոյացած փոսերը: «Ա՛յ սա բոլորովին այլ է, թե չէ ի՞նչ էր այն անփույթ կնոջ դեմքը: Կնոջ դեմքից կարելի է որոշել՝ կոկի՞կ է, թե՞ ոչ,- դեռ շարունակում էր քննադատել այն մյուս կնոջը,- նույնիսկ շատ մեծ տարիքում կինը միշտ պետք է կին մնա»,- սահմանեց մտքում: Հետո որոշեց, որ հագուստն այնքան էլ թարմ չէ, չէր խանգարի փոխել այն: Մտավ լոգարան, արագ փոխեց շորերը, հագավ ուրիշ, թեև տնային, բայց մաքուր հագուստ: Նորից դարձավ դեպի այն կարևորագույն առարկան, որ հայելի անունն ունի, ըստ սովորության, թեթևակի ուղղեց մազերը, որն ավելի շուտ շոյելու էր նման, հետո ժպտաց, այս անգամ գոհունակության ժպիտով: Ապա, պատրաստ լինելու զգացումից ոգևորված, թեթևաքայլ մոտեցավ հեռախոսին. ինչ-որ տեղ պիտի զանգահարեր: Մոտեցավ, մեքենայորեն վերցրեց խոսափողը, բայց զանգահարելու պատրաստ գեղեցիկ մատներն անորոշ մնացին օդում. նա մոռացել էր, թե ուր պետք է զանգահարեր…
Բաց մի թողեք
Մեկնարկել է «Կին» միջազգային կինոփառատոնը
«Armeno a meta’» ջազ երեկո` իտալացի դաշնակահար և գործիքավորող Վիտտորիո Մեցցայի մատուցմամբ․ Լուսանկար
Երկրաշարժի սգո օրը հայ երգչիստները տռճիկ կտան բեմում