December 7, 2023

Գուցե փորձեն ինձ սադրել, և ֆիզիկական հարվածներ հասցնեմ. Լևոն Քոչարյանը ձեռնամարտի համար հարմար ու հետաքրքիր տեղեր գիտի

«Հայաստան» խմբակցության պատգամավորական մանդատ ստացած Լևոն Քոչարյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե իր առաջնային նպատակը առաջին հերթին իր այն հայրենակիցների ազատ արձակումն է, որոնք այս պահին գտնվում են ապօրինի կալանքի տակ։

Հարցին՝ ի՞նչ է ինքն անելու խորհրդարանում, եթե ընդդիմությունը դեռևս առաջնորդվում է 2021 թվականի օրակարգով։

«Այսօր առաջին անգամ եմ մուտք գործում այս շենք, ընդհանուր դեպքերի զարգացումը ինձ համար նոր էր։ Առաջնայինը պատկերացնում եմ օր առաջ լծվել ու ամեն ինչ անել, որպեսզի ապօրինի կալանքի տակ գտնվող մեր հայրենակիցները ազատ արձակվեն: Առաջնայինը իշխանափոխությունն է, մնացածը՝ հետագայում։ Առաջին ուղղություններից է նաև իշխանափոխությունը»,- ասաց նա։

Չորս ոստիկանի հարվածելու համար մեղադրվող կրտսեր Քոչարյանը, պատասխանելով նաև անձեռնմխելիությունից իրեն ենթադրաբար զրկելու մասին հարցին, ընդգծեց, որ գուցե իր նկատմամբ սադրանքներ իրականացվեն, և ինքը ստիպված լինի ֆիզիկական ուժ կիրառել․ «Ինքս լսել եմ նման բաներ, մի քանի հրապարակում եղավ դրա վերաբերյալ։ Եթե մարդիկ իրենց հիմնական գործը ձախողում են, մնում է կախվել նախկիններից, շոուներ ստեղծել։ Մի գուցե փորձեն սադրել, որպեսզի ինձ հունից հանեն, ու ֆիզիկական ինչ-որ հարվածներ հասցնեմ, գնան հերթով ոստիկանություն բողոքեն, գրեն։ Քանի տարի է նման փորձեր կան տարբեր տեղերում: Բայց եթե ուզում են ձեռնամարտի մեջ մտնեն, դրա համար ավելի հարմար ու հետաքրքիր տեղեր կան»։

Պատասխանելով նաև այն հարցին, թե ինչո՞ւ է Քոչարյանը հայտարարում, որ իր համար անակնկալ էր մանդատ ստանալը, քանի որ վերջինս պատգամավորական ցուցակում արդեն կար, վերջինս նկատեց․ «Պրոֆեսոր Չարչյանի մանդատ վայր դնելը ես շուտվանից գիտեի, իմ հետ միանշանակ կապ չունի, Միհրդատն ու Անժելան հայտարարել էին, որ չէի վերցնելու մանդատները, և Գերասիմը: Միհրդատին ողջունել եմ, երբ ինձ դիմավորում էր քրեակատարողական հիմնարկի մոտ։ Կարդացել եմ նրանց հայտարարությունները և ոչ մի հիմք չունեմ հակառակը հավատալու համար։ Եթե նրանց որոշման մեջ դեր է խաղացել ինձ ապօրինի կալանքից ազատելը, ես ուրախ եմ դրա համար, դա շատ նորմալ է։ Եթե խոսում ենք ստիպելով հրաժարվելու մասին, ապա շատ շատերը կային, որ չէին վերցրել մանդատները»։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորական մանդատը ստանալու համար ԱԺ ժամանած Լևոն Քոչարյանը նիստից առաջ հրաժարվեց խոսել լրագրողների հետ։

Հարցին՝ վերջինս իրոք ցանկանո՞ւմ է Աժ-ում գործունեություն ծավալել, թե՞ այս մանդատը իր համար փրկօղակ է, Քոչարյանը պատասխանեց, որ այդ մասին անպայման կխոսի ԱԺ ընթացող նիստից հետո։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո դաշինքի նախընտրական ցուցակով հերթական 3 թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել ԿԸՀ:

Ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուն Լևոն Քոչարյանն էր։

ԿԸՀ որոշմամբ՝ նոյեմբերի 6-ին Քոչարյանը ԱԺ «Հայաստան» խմբակցությունից մանդատ ստացավ, ապա ազատ արձակվեց կալանավայրից։

Verified by MonsterInsights