December 9, 2023

Եվրամիություն – Հայաստան – Ադրբեջան եռանկյունում հանգույցներ ու բաց խոսակցություն

Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը: Ընդգծվել է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդության կարեւորությունը, նրա մշտական շփումը կողմերի առաջնորդների հետ՝ բանակցությունները շարունակելու եւ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության հասնելու համար:

Քննարկումների քաղաքական արդյունքները հնչեցրել է ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով հանձնակատար Բորելը: Եվրամիությունը մտադիր է ընդլայնել հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելությունը, աջակցել Հայաստանին:

Բորելը նախազգուշացրել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ որեւէ ոտնձգություն «լրջագույն հետեւանքներ կունենա »: Բաքվի պաշտոնական քարոզչությունը շարունակում է տպավորություն թողնել, թե «ամեն ինչ սոսկ խոսքեր են, Ադրբեջանն ինքն է որոշում արտաքին եւ ռազմական քաղաքականության ուղղությունները, եւ ոչ ոք չի կարող հակառակը պարտադրել»: Երեւում է, սակայն, որ ալիեւյան իշխանությունը մտահոգված է: «Թուրան» գործակալությունը հիշեցրել է, որ Ադրբեջանի ազգային անվտանգության 2007թ. հայեցակարգը որպես առաջնահերթություն սահմանել է եվրաատլանտյան ինտերգրացիան, սակայն անցած տասնվեց տարիներին ԵՄ հետ համապարփակ համագործակցության պայմանագիր այսպես էլ չի ստորագրվել՝ ի տարբերություն Հայաստանի եւ Վրաստանի:

Իշխող քաղաքական ուժից խորհրդարանի պատգամավոր Բաբաօղլուն Ալիեւի «հավասարակշռված քաղաքականությունը» համարում է արդարացված եւ ընդգծում է Եվրամիության առանձին պետությունների, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի արդյունավետ համագործակցությունը, ինչի շնորհից հաջողվել է հասնել մի քանի նպատակների իրականացման: Տրամագծորեն հակառակ տեսակետ ունի Քաղաքական մենեջմենթի ինստիտուտի տնօրեն Ազեր Գասիմլին, որ առանձնացնում է ռուս-ադրբեջանական դաշինքը եւ «Ղարաբաղի հարցում համատեղ ջանքերը»: Ասվածը «թարգմանաբար» նշանակում է, որ հատկապես սեպտեմբերի 19-ի ահաբեկչական պատերազմը, Արցախում էթնիկ զտումները ռուս-ադրբեջանական համատեղ ջանքերի հետեւանք են, իսկ Եվրամիության հետ ներկայիս բարդ հարաբերությունների հիմնական պատճառը դա է:

Փաստացի Ռուսաստանի հետ համատեղ «լուծելով» Լեռնային Ղարաբաղի հարցը, Իլհամ Ալիեւը գիտակցում է Եվրամիության հետ երկխոսության անխուսափելիությունը, բայց, ինչպես Գասիմլին է ձեւակերպել՝ «այստեղ էական է ռուս-ուկրաինական ճգնաժամի երկարաձգումը»: Պետք է հասկանալ, որ Իլհամ Ալիեւը սպասում է ռուս-ուկրաինական պատերազմի ելքին: Դա նրա դիրքորոշումն է, իսկ Ռուսաստա՞նը: Չէ՞ որ Մոսկվան Բաքվի հետ ԼՂ հարցում ջանքերը համատեղել է ոչ թե Իլհամ Ալիեւի «գեղեցիկ աչքերի» համար, այլ՝ իր աշխարհաքաղաքական նպատակների: Ալիեւին կհաջողվի՞ հաղթահարել ահռելի կախվածությունը: Աղդամում ռուս- թուրքական համատեղ կենտրոնի թուրք զինվորականների ներկայությունը մեկ տարով երկարաձգվել է: Դա նշանակում է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում կմնա առնվազն եւս մեկ տարի: 2024թ. մարտի 17-ին Ռուսաստանում նախագահական ընտրություններ են, հաջորդ տարի լրանում է Իլհամ Ալիեւի պաշտոնավարման ժամկետը: Զարգացումները չեն սպասում, իրադարձությունները շարունակում են եռալ…

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ եւ կոշտ քննադատել Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով Ժոզեպ Բորելին՝ նախօրեին մամուլի ասուլիս ընթացքում հնչեցրած «հակադրբեջանական մոտեցումների» համար:

Ըստ Բաքվի՝ Եվրամիությունը, որ խնդիրներ ունի անջատողական շարժումների հետ, փորձում է «Ադրբեջանի տարածքում անգրեսիվ անջատողականություն սերմանել»:

Ադրբեջանի ԱԳՆ-ն ԵՄ այդ կեցվածքը համարում է իր երկրի «տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ սպառնալիք»:

Բաքուն համարում է, որ ուժի լեզվով իր հետ խոսելն «անընդունելի է, եւ ցանկացած ոչ բարեկամական գործողություն ոչ միայն դրական արդյունք չի ունենա, այլեւ կստանա համարժեք պատասխան»:

Մինչ այդ Ադրբեջանի ԱԳՆ-ն ԵՄ կողմից Հայաստանի «սպառազինումը եւ ռազմականացումը» համարել է «նոր հակամարտության տանող քաղաքականության հովանավորում, որի համար պատասխանատու է նաեւ Եվրամիությունը»:

Հայտարարությունը կառուցված է քառասունչորսօրյա եւ սեպտեմբերի 19-ի ահաբեկչական պատերազմը միջազգայնորեն օրինական ճանաչելու նպատակադրվածության հիմքով, ինչին, պաշտոնական Բաքվի կարծիքով, Եվրամիությունը խոչընդոտում է «երկակի ստանդարտների կիրառմամբ»:

Ակնարկն, ակնհայտորեն վերաբերում է Գազայում Իսրայելի ռազմական գործողություններին արեւմտկան դաշինքի գնահատակին, որ դա Իսրայելի «ինքնապաշտպանության իրավունքն է»:

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը այս իմաստով ոչ մի քննադատության չի դիմանում, որովհետեւ թե՜ 2020, թե՜ մանավանդ 2023թ. սեպտեմբերին ռազմական գործողություններ սկսելու ոչ մի առիթ արցախյան կողմը չի տվել:

Ավելին, սեպտեմբերի 19-ի լայնածավալ հարձակմանը նախորդել է Արցախի իննամսյա շրջափակումը, փաստ, որ արձանագրված է Հաագայի միջազգային դատարանի վճռով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումներով, միջազգային հանրության, իրավապաշտպան եւ մարդասիրական կազմակերպությունների մի քանի հայտարարություններով:

Պաշտոնական Բաքուն, երեւում է, գործի է դրել Հարավային Կովկասում նոր պատերազմի սպառնալիքը եւ Բրյուսելին սպառնում է էներգետիկ ծրագրերի չեղարկման հնարավորությամբ: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ Երեւանում նախատեսվող նիստին Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի պատվիրակությունների մասնակցության չեղարկումը վկայում է, որ Հարավային Կովկասի ապագայի հարցում այդ երեք երկրները հանդես են գալիս նույն, այն է՝ արեւմտյան ազդեցությունը բացառելու, խնդիրները ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքով «կարգավորելու» եւ տարածաշրջանը եվրաատլանտյան քաղաքակրթական միջավայրից լիովին մեկուսացնելու դիրքից:

Եվրամիությունն ունի՞ բավարար ներուժ, գործիքակազմ եւ քաղաքական կամք, որպեսզի ռուս-թուրք-ադրբեջանական եռյակի հավակնությունները հակակշռի Հայաստանի անվտանգության կայուն երաշխիքներով եւ առարկայան ձեռնարկումներով: Ադրբեջանը, կարելի է փաստել, իր բոլոր ռեսուրսներով հանդերձ չէր կարող Բրյուսելին նման մարտահրավեր նետել: Հայաստանի դիվանագիտական ջանքերն, իհարկե, ողջունելի են եւ կարեւոր, բայց նոր էսկալացիայի բացառման երաշխիքները պետք է գործնական տեսքի բերվեն:

Verified by MonsterInsights