December 9, 2023

Մեր ժամկետային զինծառայողների թիվը տարեցտարի նվազել է, ինչը մտահոգությունների տեղիք է տալիս. Սարգսյան

«Ունենք բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր իրենց ընտանիքի հետ երկիրը լքել են մանուկ հասակում՝ մինչև իրենց չափահաս դառնալը, և 27 տարին լրանալուց հետո հայտնաբերում են, որ գտնվում են հետախուզման մեջ և որևէ կերպ չեն կարողանում լուծել այդ հարցը: Անգամ մեծ ցանկության դեպքում, եթե նրանք ուզենան ծառայել և ազատվել քրեական պատասխանատվությունից, չեն կարող»:

Այս մասին այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ներկայացնելով օրենքի նոր նախագիծ, որը հնարավորություն է տալիս վերոնշյալ խմբին ծառայելու:

«Եթե 27 տարին լրացած և հետախուզման մեջ գտնվող անձիք չունեն գումար վճարելու՝ չծառայելու համար, կարող են գալ և ծառայել, ինչպես մեր մյուս քաղաքացիները: Այսինքն՝ նրանց համար միայն լավարկվում են պայմանները, հնարավորություն են ստանում ծառայելու, որն այսօր չունեն»:

Հարցին, թե չկա մտավախություն, որ, ըստ էության, բոլորը կգնան, 27 տարի կսպասեն, գումար կհավաքեն, կգան կվճարեն և կազատվեն այդ պատասխանատվությունից, Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ այդ դեպքում քաղաքացին պետք է երկիրը լքի մինչև 18 տարին լրանալը և հետախուզման մեջ ապրի 9-10 տարի:

«Դրանից հետո վերադառնա և ազատվի քրեական պատասխանատվությունից, ինչը քիչ հավանական եմ համարում, քանի որ 10 տարի հետախուզման մեջ գտնվելը այդքան էլ հեշտ չէ: Նաև ունենք վիճակագրություն, որը ցույց է տալիս՝ մեր ժամկետային զինծառայողների թիվը տարեցտարի նվազել է, ինչը մտահոգությունների տեղիք է տալիս: Եվ անգամ դաշտը չկարգավորվելու դեպքում այն քաղաքացիները, ովքեր չեն ցանկանում ծառայել, չեն ծառայում, լքում են երկիրը, հաճախ հրաժարվում են քաղաքացիությունից: Այսօր էլ բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր չեն ցանկանում ծառայել, դրա մասին սկսում են մտածել իրենց ծնողները մանկուց, և նրանք այս կամ այն ճանապարհով ազատվում են ծառայությունից»,- ասաց Սարգսյանը:

Վերջինս նաև նկատեց՝ 2010 թվականին ունեցել ենք ավելի քան 44 հազար ժամկետային զինծառայող, և 9 տարվա ընթացքում այդ թիվը պակասել է 44 տոկոսով՝ 44 հազարից դառնալով 24 հազար. «Սա նաև դեմոգրաֆիական խնդիր է. նվազել է ՀՀ-ում ծնված տղաների թիվը»:

Verified by MonsterInsights