December 9, 2023

Հայաստանը երկու ամսից ավելի է, ինչ հետաձգում է խաղաղության պայմանագրի ներկայացումն Ադրբեջանին․ Հաջիև

«Հայաստանը երկու ամսից ավելի է, ինչ հետաձգում է խաղաղության պայմանագրի ճշգրտված 5-րդ տարբերակի ներկայացումն Ադրբեջանին»։

Այդ մասին X սոցցանցի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը։

«Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանը երկկողմ կապուղիներով հայկական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի 5-րդ ճշգրտված տարբերակը՝ համապատասխան բացատրական նշումներով, և առաջիկայում սպասվում է Հայաստանի պատասխանին։

Չնայած մինչև այս տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին հրապարակային հայտարարություններին, հայկական կողմն ավելի քան երկու ամիս է, ինչ հետաձգում է փաստաթղթի՝ իր տարբերակի ներկայացումը։ Ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ սա պատմական հնարավորություն է, և խաղաղության պայմանագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չկա, հատկապես Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնումից հետո։

Թե որքանով է Հայաստանը դրան պատրաստ, այժմ լուրջ հարցեր են առաջանում։ Խաղաղության պայմանագրի տեքստը միջուկային ֆիզիկա չէ. Ադրբեջանի կողմից առաջարկված՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների համաձայն խաղաղության պայմանագրի տեքստը կարող է ավարտին հասցվել ավելի արագ՝ երկկողմ ինտենսիվ բանակցությունների միջոցով։ Գնդակն այժմ Հայաստանի դաշտում է». – նշել է Հաջիևը։

Verified by MonsterInsights