December 4, 2023

Մենք բազմաթիվ հարցեր ունենք ՀԱՊԿ-ին․ Արմեն Գրիգորյանը՝ ՀԱՊԿ-ի նիստերին չմասնակցելու պատճառների մասին

Հայաստանը բազմաթիվ հարցեր ունի ՀԱՊԿ-ին ուղղված, որոնց պատասխանները չի ստանում։ Սա է պատճառը, որ մենք չենք մասնակցում ՀԱՊԿ-ի միջոցառումներին։

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե եթե հայկական կողմը չի մասնակցում ՀԱՊԿ-ի նիստերին, ապա ինչու ՀՀ-ն դուրս չի գալիս այդ կառույցից։

«2020 թվականից հետո, երբ ասում էին ԼՂ-ն ՀՀ-ի սուվերեն տարածքի մաս չի, մենք չենք կարող այդ հարցերով զբաղվել, բայց 2021 թվականի մայիսից, երբ ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք, մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին։ Այդ պահից սկսած մինչև նախորդ տարվա սեպտեմբերը, երբ Ադրբեջանը կրկին հարձակվել է Հայաստանի վրա և մենք ՀԱՊԿ-ից օգնություն ենք խնդրել, մենք չենք ստացել անհրաժեշտ օգնությունը մեր սուվերեն տարածքը պաշտպանելու համար։ Այդ պահից սկսած մենք բազմաթիվ հարցեր ենք ունեցել ՀԱՊԿ-ին և մինչ այժմ չունենք այդ հարցերի պատասխանը։ Եվ սա է պատճառը, որ մենք չենք մասնակցում»,- ասաց ԱԽ քարտուղարը։

Դիտարկմանը՝ արդյոք չմասնակցելու դեպքում ստանում են այդ հարցերի պատասխանները, Արմեն Գրիգորյանն արձագանքեց, որ գնալով միանշանակ չեն ստանում։

Հարցին՝ արդյոք սա դեմարշ է, նա բացասական պատասխանեց, նշելով, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է և կառույցից դուրս գալու հարց օրակարգում չկա։

Verified by MonsterInsights