Նոյեմբերի 14-ին Lոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatham House) կայացել է հանդիպում-քննարկում պաշտոնական այցով Լոնդոնում գտնվող Արարատ Միրզոյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ թե՛ ՀՀ-ՄԹ հարաբերությունների տիրույթում, թե՛ տարածաշրջանային զարգացումների համատեքստում:
Նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, տարածաշրջանային վերջին զարգացումներին, ինչպես նաև միջազգային հարթակներում ՀՀ ներգրավվածությանն առնչվող մի շարք հարցերի:
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպման մասնակիցների ուշադրությանն է ներկայացրել Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հաստատման, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման հարցում ՀՀ դիրքորոշումը, ինչպես նաև այդ ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ընձեռած հնարավորությունները:
Խոսելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին և վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության օրակարգին՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հայկական կողմի մոտեցումները հիմնականում արտահայտված են Գրանադայում ընդունված քառակողմ հայտարարության մեջ արձանագրված սկզբունքներում: Նախարարն ընդգծել է այդ սկզբունքների հիման վրա խաղաղության գործընթացը շարուբակելու Ադրբեջանի անվերապահ հանձնառության և միջազգային գործընկերների ամուր աջակցության կարևորությունը:
Միջոցառման օրակարգում են եղել նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումների հետևանքով ստեղծված իրավիճակը, 100 հազարից ավել բռնի տեղահանված և փասատացի հայրենազրկված հայերի առաջնային կարիքբերի և իրավունքների հասցեագրմանը վերաբերող հարցերը:
Նախարար Միրզոյանը պատասխանել է ներկաների մի շարք հարցերի:
Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը կարճ զրույց է ունեցել ինստիտուտի տնօրեն Բրոնուեն Մեդոքսի հետ:
Բաց մի թողեք
Որ 32 հայ գերիներին է Ադրբեջանը վերադարձնում
Մեր ձեռքերին արյուն չկա, թող իրենց հետ չխառնեն․ Սիմոնյանը՝ Լևոն Քոչարյանի կողմից հղի կնոջ վրաերթի դեպքը հիշեցնելու մասին
Խաղաղապահները հայերին ուղեկցեցին Արցախից դուրս, դա՞ էր իրենց գործառույթը․ Ալեն Սիմոնյան