December 4, 2023

Ոնց պտտվել, մատ ենք թափ տվել, հարցրել են՝ էս ի՞նչ հաշիվ է, ասել ենք՝ չգիտե՞ք՝ ով է մեր մեջքին կանգնած. վարչապետ

«Վերջին երեք տարիներին ամենաշատ քննարկված թեմաներից մեկը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է, և ՀՀ կառավարությանը այդ թեմայով վերագրել են ամենատարբեր խոստումներ, պատրաստակամություններ, դավադրություններ, և այսպես շարունակ»: 

Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի այն հարցին, թե արդյոք «Խաղաղության խաչմերուկի» նախագիծը տնտեսական, անվտանգային կամ քաղաքակրթական ի՞նչ բաղադրիչներ ունի և ի՞նչ կարող է տալ տարածաշրջանին, քանի որ անկախության տարիներից ի վեր խոսվել է վատ աշխարհագրական դիրք ունենալու և դրա հետևանքների մասին:
««Խաղաղության խաչմերուկ» նախագծի ամենակարևոր նշանակությունն այն է, որ մենք վիզուալ կերպով ցույց տանք՝ ինչ ենք ուզում, ինչ պատրաստակամություն ենք հայտնել, որովհետև գիտեք, որ ամենատարբեր միջանցքային խոսակցություններ են այս ընթացքում պտտվել, և այդ բառի հետ կապված ամենատարբեր մեկնաբանություններ են եղել: Մենք դրել ենք մեր պարամետրերը, որի շուրջ մեր խոսակցությունը այդ պարամետրից մի միլիմետր դուրս չի եղել»,- նկատեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ անվտանգություն ասելիս պետք է ավելի լայն նայենք:

«Անվտանգությանը պետք է ավելի լայն կոնտեքստում նայենք. «Խաղաղության խաչմերուկը» և օրակարգը հենց անվտանգության մասին է: Անվտանգության այն մոդելը, որով մենք պրոբլեմներ ենք ստեղծել, աջ ենք պտտվել՝ մատ ենք թափ տվել, ձախ ենք պտտվել՝ մատ ենք թափ տվել, ուղիղ ենք նայել՝ մատ ենք թափ տվել, հետ ենք պտտվել՝ մատ ենք թափ տվել: Մեզ հարցրել են՝ էս ինչի՞ հաշիվ է՝ ըտենց մատ եք թափ տալի, ասել ենք՝ ո՞նց, չգիտե՞ք՝ ով է մեր մեջքին կանգնած, հետո երբ որ պահը եկել է, որ դա պետք է արտահայտվեր, ասել են՝ էսօր զանգի ենք սպասում, չենք կարող ձեզ ոչ մի բան ասել»,- ասաց վարչապետը և հավելեց. «Էսօր աշխարհի շատ քիչ զարգացած երկրներ կան, որ միայն զենքով կարող են անվտանգություն ապահովել: Անվտանգությունն ապահովում են տնտեսությունով, այո մշակույթով, կոմունիկացիաներով, փոխադարձ կախվածություններով, և «Խաղաղության խաչմերուկը» իրականում դրա մասին է»:

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց՝ մեր աշխարհագրական դիրքը ճշգրիտ կրկնում է Շվեյցարիայի, Ավստրիայի, Չեխիայի աշխարհագրական դիրքը և այդպես շարունակ. «Եթե Եվրոպայի պատմությունն իմանանք, կտեսնենք, որ իմ ասած երկրների պատմությունը նույնպիսի ողբերգություններ կամ բախումներով է ընթացել, և այդպես շարունակ: Հիմա մենք ուզո՞ւմ ենք արդյոք որոշել մեր աշխարհագրական դիրքը, թե՞ ոչ, և երկրորդ՝ մենք կարո՞ղ ենք որոշել մեր աշխարհագրական դիրքը, թե՞ ոչ»:

Verified by MonsterInsights