December 7, 2023

Ամանորի հիմնական շահառուները երեխաներն են, չենք կարող ասել՝ սպասեք՝ անվտանգային խնդիրները վերանան, նոր. Գրիգորյան

«Երևանը միայն կենտրոնը չէ, մենք պետք է կամաց-կամաց հասնենք նրան, որ Շենգավիթ վարչական շրջանում, Նոր նորքի և մյուս վարչական շրջանների բնակիչները նոր տարվա շունչը զգան նույնքան ուժգնությամբ և նույնքան կարևորված զգան իրենց, ինչպես կենտրոնի բնակիչները»:

Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց  քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

Վերջինս նաև նկատեց՝ գաղտնիք չէ, որ ՀՀ-ն, ըստ էության, ոչ առաջին տարին է, որ ապրում է անվտանգային լուրջ մարտահրավերներ, բայց մոտեցումը հետևյալն է, որ Ամանորը և այն տոնական միջոցառումները, որ արվում են, առաջին շահառուները երեխաներն են. «Մենք չենք կարող երեխաններին ասել՝ սպասե՛ք, մի՛ մեծացեք, ձեր մանկությունը սառեցրե՛ք, անվտանգային խնդիրները կվերանան, նոր կշարունակենք: Հիմա են այդ երեխաները ապրում մանկություն, ու պետք է դա լինի վառ: Բայց միայն երեխաները չէ, մենք բոլորս դրա կարիքն ունենք, պետք է հանրության կյանքում լինեն նաև վառ կետեր: Ես նաև հավատացած եմ, որ Արցախից ժամանած մեր բարեկամները, քույրերը, եղբայրները և երեխաները այդ տոնակատարության կարիքն ունեն»:

Ըստ Գրիգորյանի՝ երկիրը սիրելու, երկրի համար պայքարելու ցանկությունը կապված է նաև այդ երկրի հետ ունեցած վառ ու լավ հուշերից, և իրենք այդ հուշերը պետք է ապահովեն:

«Այս տարիների ընթացքում առաջին անգամ ունենք իրավիճակ, որ Ամանորի լուսավորություն իրականացնելու համար օգտագործելու ենք նախորդ տարվա ընթացքում ձեռք բերված գույքը»:

Այս մասին հայտնեց քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն՝ ընդգծելով, որ մեկ տարի անց կարևոր է արձանագրել, որ այն ծախսերը, որ արվել էին անցյալ տարի ամանորյա զարդարանք ձեռք բերելու համար, արդարացված են:

Գրիգորյանը նաև նկատեց. «Գաղտնիք չէ, որ անցյալ տարի շատ քննարկվեց հատկապես լոկացիաներից մեկում՝ Հանրապետության հրապարակում և դրա շենքերի վրա կատարված աշխատանքը, անցքերը: Ինչպես անցած տարի խոստացանք, բոլոր անցքերը փակվել են: Այս տարի Հանրապետության հրապարակի շենքերի զարդարումը իրականացվելու է մի փոքր այլ եղանակով: Պատկերը, որ տեսել եք անցյալ տարի, նույն է լինելու, բայց տեխնիկական առումով պատրաստվելու են թեթև մետաղական կոնստրուկցիաներ՝ կարկասներ, որոնց վրա ամրացվելու են սարքավորումները: Էլի անցքեր լինելու են, բայց անհամեմատելի փոքր քանակով, և հիմնականում այն անցքերը, որոնք անցած տարի բացվել եՆ, լցվել են, և, ինչպես անցյալ տարի, այնպես էլ հիմա ծրագրի ավարտից հետո լցվելու են»:

Քաղաքային իշխանության ներկայացուցիչը նշեց՝ հաշվի առնելով, որ այս տարի չունեն այն հրատապության հրամանը, որը ունեցել են անցած տարի՝ կապված «Մանկական եվրատեսիլ»-ի բացման արարողության հետ, այս տարի փոքր-ինչ ուշ են վառվելու թե՛ ամանորյա, թե՛ տոնածառի լույսերը:

Verified by MonsterInsights