December 4, 2023

Երկուսին օգնեցինք, երրորդին չկարողացանք հանել, խեղդվում էինք. ԵՊՀ աշխատակից

«Չեմ կարող ասել՝ ինչի հետևանքով է մահացել, բայց ինձ թվում է՝ խեղդվել է: Հասցրինք երկուսին օգնեցինք, երրորդին արդեն չկարողացանք հանել, ծուխ էր, խեղդվում էինք»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ քիմիայի մասնաշենքի պարետ Էռնեստ Թովմասյանը՝ խոսելով առավոտյան այնտեղ տեղի ունեցած պայթյունի մասին:

«Ես սենյակում էի, ձայներ լսեցի, դուրս եկա, պայթյուն չեմ լսել, ձայն լսել եմ: Պահեստներ են, հանդերձարան, այդտեղ ուսանողներ չեն մտնում: Խառն էր բոլորիս գլուխը, մոտ 9:30 էր»,- մանրամասնեց նա՝ հավելելով, որ անձամբ ճանաչում է զոհվածին. «Տղամարդ է, մոտ 60 տարեկան, անձամբ ճանաչում եմ՝ կանաչապատման աշխատակիցներից էր»:

ԵՊՀ-ի մասնաշենքերից մեկում տեղի ունեցած դեպքի հետևանքով 3 տուժածներից մեկի՝ ոստիկանի առողջական վիճակը գնահատվում է բավարար։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

«ԵՊՀ հրդեհի բռնկման հետևանքով «Հերացի» համալսարանական հիվանդանոց է բերվել մեկ տուժած (ոստիկան): Վիճակը մասնագետները գնահատում բավարար: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի պետական համալսարանում հրդեհ է տեղի ունեցել։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ռեկտորի մամուլի խոսնակ Քնար Միսակյանը պարզաբանել էր՝ հրդեհը տեղի է ունեցել ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում։ Նախնական վարկածով՝ այն առաջացել է հոսանքի տատանումից։

ՀՀ առողջապահության նախարարությունից էլ հայտնել են, որ պայթյունի հետևանքով կան տուժածներ և մահվան դեպք: Երեք տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է:

Verified by MonsterInsights