Նոյեմբերի 17-ին՝ ժամը 09.37-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում (100 քմ) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով։
Սենյակը նախատեսված է պոմպակայանի համար, որը ծառայում է նաև որպես աշխատակիցների հանդերձարան։ Կից սենյակը քիմիական նյութերի պահեստն է, որտեղ հրդեհ չի եղել: Քիմիկների կողմից տեղում իրականացվել է հետախուզում. օդում վտանգավոր գազեր չեն հայտնաբերվել։
Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ հայտնելով, որ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ, Երևան քաղաքի և Փրկարարական ուժերի վարչությունների հրշեջ-փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը, Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի խումբը և բժշկական ապահովման վարչության խումբը։
Աշխատակիցներից մեկը զոհվել է տեղում, երեք անձ՝ տեղափոխվել հիվանդանոց, այդ թվում՝ մեկը պարեկային ծառայության աշխատակից, որը ծխահարումով հոսպիտալացվել է, վիճակը գնահատվում է բավարար։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.11-ին, մարվել՝ ժամը 10.23-ին։ Կոմպրեսորային սենյակում այրվել են կենցաղային իրեր և փայտյա կառուցատարրեր։
Դեպքի վայրում ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներն իրականացնում են համապատասխան գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի պետական համալսարանում հրդեհ է տեղի ունեցել։
ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Քնար Միսակյանը պարզաբանել էր՝ հրդեհը տեղի է ունեցել ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում։ Նախնական վարկածով՝ այն առաջացել է հոսանքի տատանումից։
ՀՀ առողջապահության նախարարությունից էլ հայտնել են, որ պայթյունի հետևանքով կան տուժածներ և մահվան դեպք:
Բաց մի թողեք
Մեքենան Սախարովի հրապարակում բախվել է արձանի եզրաքարին ու բռնկվել. վիրավորին կրակի միջից դուրս է բերել մի երիտասարդ
Երևանի Բաշինջաղյան փողոցում մեքենաներ են բախվել. Լուսանկար
Ի՞նչ է պարզվել Շիրակում ողբերգական ելքով վթարի մասին. Լուսանկար