December 7, 2023

ԿԳՄՍ նախարարը՝ ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի մասին, այցելել է ԵՊՀ և «Հերացի» համալսարանական հիվանդանոց. տեսակցել տուժածին

Նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղում տեղի ունեցած պայթյունին:

«Այս պահին ուսումնասիրություններ են ընթանում: Մի քանի տարբերակներ կան: Ամեն դեպքում, ճիշտ կլինի սպասել մասնագիտական եզրակացությանը»,- ասել է նա:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ քննարկվի ԵՊՀ ռեկտորի հրաժարականի հարց, նախարարը նշել է, որ չի կարծում, թե դժբախտ պատահարի գրանցման հետևանքով նման հարց բարձրացվի, նախ պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել․ «Եթե դա կապված կլինի որևէ մեկի՝ իր աշխատանքների և պարտականությունների կատարման հետ, բնականաբար, այդ հարցերի հետևից պետք է գնալ»։

Դիտարկմանը՝ այսինքն՝ բուհու անվտանգ չէ՞, նախարարը ընդգծել է․ «Իրավիճակը ծայրահեղացնել պետք չէ։ Այսպիսի պատահարներ գրանցվում են տարբեր շենքերում, շատ աշխատանք ունենք տանելու մեր բոլոր շենքերի անվտանգության հարցերը հասցեագրելու, բայց նման հայտարարություններ չէի շտապի անել։ Տեսչական համապատասխան մարմինը պարբերաբար ստուգումներ է անում ԵՊՀ-ում»։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Երևանի պետական համալսարան: Նախարարը տեղում ծանոթացել է այսօր առավոտյան ԵՊՀ-ի առաջին մասնաշենքի նկուղային հարկում բռնկված հրդեհի հետևանքով ստեղծված իրավիճակին: Այս մասին հայտնում են նախարարությունից:

Այնուհետև Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հերացի» համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացուն:

Նախարարը զրուցել է տուժած քաղաքացու հետ, հետաքրքրվել նրա ինքնազգացողությամբ և մաղթել շուտափույթ ապաքինում։

Տուժածի վիճակը մասնագետները գնահատում են բավարար:

Verified by MonsterInsights