Ֆրանսիան ողջունում է Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի վավերացման փաստաթուղթն ի պահ հանձնելը: Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․ «Միջազգային արդարադատություն – Հայաստանն ի պահ է հանձնում Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման փաստաթուղթը (նոյեմբերի 16, 2023թ.)
Ֆրանսիան ողջունում է Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման փաստաթուղթը ի պահ հանձնելը. միակ մշտական միջազգային քրեական ատյանը՝ համընդհանուր կոչումով, որը պատասխանատու է ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների, ագրեսիայի և ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող մարդկանց դատելու համար։
Այսպիսով, Հայաստանը դառնում է ՄՔԴ կանոնադրության 124-րդ մասնակից պետությունը: Ֆրանսիան ուրախ է 2024 թվականի փետրվարի 1-ից Հայաստանին տեսնել մասնակից պետությունների շարքում և ողջունում է անպատժելիության դեմ պայքարն ուժեղացնելու Հայաստանի այս կարևոր քայլը։
Նոյեմբերի 10-ին Միջազգային քրեական դատարանի դատախազ պարոն Քարիմ Խանի հետ հանդիպման ժամանակ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար տիկին Կատրին Կոլոննան վերահաստատել է իր լիակատար աջակցությունը ՄՔԴ-ին, որի դերը միջազգային լրջագույն հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարում էական նշանակություն ունի՝ զոհերի արդարադատությանը հասնելու համար: Սա միջազգային կայունության պայման է»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին, Միավորված ազգերի կազմակերպության Իրավական հարցերի գրասենյակի Պայմանագրային բաժնում տեղի ունեցած արարողության ժամանակ ի պահ է հանձնվել Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման փաստաթուղթը։
Կառույցում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը վավերացման փաստաթուղթը ներկայացրել է Միավորված ազգերի կազմակերպության Իրավական հարցերի գրասենյակի Պայմանագրի բաժնի տնօրենին՝ որպես Հռոմի կանոնադրության պահապան ի պահ հանձնելու ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 13-ին ստորագրել էր 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով «Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» հայտարարություն ընդունելու մասին օրենքը:
Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին 60 կողմ, 22 դեմ ձայներով ընդունել էր Միջազգային քրեական դատարանի Կանոնադրությունը վավերացնելու և հետադարձ ուժով իրավազորությունը ճանաչելու մասին հայտարարության օրենքի նախագիծը:
Բաց մի թողեք
Գյումրու ՔՊ-ական փոխհամայնքապետերը հրաժարական կտան. կուսակցությունը խզում է «Բալասանյան» դաշինքի հետ կնքած հուշագիրը
Հարգելի Նիկոլ, վազիր, արագ վազիր․ Սաակաշվիլին՝ Փաշինյանին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մոտ 1 միլիարդ դրամով վաճառել է իր բաժնետոմսերը