December 3, 2023

Հաագայի դատարանը հրապարակել է Բաքվի դեմ միջանկյալ միջոց կիրառելու ՀՀ դիմումի վերաբերյալ որոշումը

Հաագայի դատարանը նոյեմբեր 17-ին հրապարակել է Բաքվի դեմ միջանկյալ միջոց կիրառելու ՀՀ դիմումի վերաբերյալ որոշումը․

«Դատարանը կիրառում է հետևյալ ժամանակավոր միջոցները․

1․ Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի իր պարտավորությունների համաձայն ապահովել, որպեսզի այն անձինք, որոնք հեռացել են ԼՂ-ից 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո և ցանկանում են վերադառնալ ԼՂ, կարողնան դա անել ապահով, առանց խոչընդոտների և արագորեն։

2․ ապահովել, որպեսզի այն անձինք, ովքեր մնում են ԼՂ-ում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո, և ցանկանում են հեռանալ, կարողանան դա անել անվտանգ, առանց խոչընդոտների և արագորեն։

3․ ապահովել, որպեսզի այն անձինք, ովքեր մնում են ԼՂ-ում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո կամ վերադարձել են ԼՂ և ցանկանում են մնալ այնտեղ, զերծ մնան ուժի գործադրումից և ահաբեկումից, որը կարող է նրանց հեռանալու պատճառ դառնալ։

13/2 ձայների հարաբերակցությամբ՝ Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է կոնվենցիայի համաձայն իր ունեցած պարտավորությունների շրջանակներում պաշտպանել և պահպանել գրանցման ինքնության և անձնական գույքի փաստաթղթերն ու գրանցամատյանները, որոնք վերաբերում են առաջին կետում նշված անձանց, և հավուր պատշաճի ու հարգանքով վերաբերել դրանց, և հիմք ընդունել այդ փաստաթղթերն իր օրենսդրական ու վարչական պրակտիկայում։

13/2 ձայների հարաբերակցությամբ՝ Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է հաշվետվություն ներկայացնել դատարանին այն քայլերի վերաբերյալ, որոնցով կապահովի ժամանակավոր միջոցների կատարումն ու Ադրբեջանի կառավարության անունից ստանձնած պարտավորությունների կատարումը, որոնք հնչեցվեցին հոկտեմբերի 12-ից դատական քննության ժամանակ։ Դա պետք է անել այս որոշման հրապարակումից հետո ութ շաբաթվա ընթացքում»։

Սա պաշտոնական Երեւանի հերթական հայցադիմումն է՝ ուղղված Արցախի խնդրի վերջնական փակմանը եւ ազերբայդժանի իրավունքների հաստատմանը, Հայաստանում արցախցիների զուգահեռ «անձնագրավորման» նողկալի ակտով, որի նպատակը արցախցիների «ապաարցախացումն է»։

Պաշտոնական Երեւանը միջազգային դատարաններ հայցերը կազմում է այնպես, որ կամ դրանք մերժվեն, կամ հաստատեն Բաքվի իրավունքները։ Դրանց թվում էին օրինակ Բերձորի միջանցքի հայանպաստ ստատուս-քվոն վիճարկելու հետ կապված հայցերը, որոնք «օրինականացրին» միջանցքի արտատարածքային կարգավիճակի վերացումն ու այն Բաքվի լիարժեք վերահսկողությանը հանձնելը։ Խոսքը մասնավորապես ՄԱԿ-ի Դատարանի հուլիսի 6-ի որոշման մասին է․ Դատարանը «գտել էր, որ այս պահին չկա իր 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը լրացնելու անհրաժեշտությունը»։ Այսինքն, ՄԱԿ-ի դատարանը մերժել էր Բերձորի միջանցքում Բաքվի կողմից անցակետ տեղակայելու վերաբերյալ անհապաղ գործողությունների պահանջ պարունակող Հայաստանի հայցադիմումը։

Միջազգային իրավունքի մասնագետները ՀՀ այս դիմումի վերաբերյալ նշում էին, որ դրա փոխարեն անհրաժեշտ էր դիմել ՄԱԿ ԱԽ, քանի որ ՄԱԿ Դատարանի մերժողական որոշումն անխուսափելի էր։ Ինչը եւ տեղի ունեցավ: Երեւանը դիմել էր ՄԱԿ Դատարան երկու նպատակով. /Ա/ Բերձորի միջանցքի ստատուս–քվոն վիճարկելու հարցում մերժում ստանալու եւ /Բ/ ՄԱԿ ԱԽ–ին ՀՀ բուն դիմումը արգելափակելու, ինչը եւ հաստատվեց ՀՀ ԱԳՆ հայտարարությամբ։

ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Հաագայի դատարանի նոյեմբեր 17-ի որոշումը։ ԱԳՆ հայտարարության մեջ անթաքույց ուրախությամբ նշվում է, որ «Դատարանի որոշումը նշանակալից է, քանի որ Դատարանի պատմության ընթացքում մեկ դատական վարույթի շրջանակներում որևէ այլ պետության նկատմամբ այս քանակի ժամանակավոր միջոցներ երբևէ չեն կիրառվել»։ Եվ իսկապես, համաշխարհային պատմության մեջ աննախադեպ երեւույթ է՝ պաշտոնական Երեւանը մի վարույթի շրջանակում այսքան հայցեր է նախաձեռնում թշնամի պետության իրավունքները հաստատելու եւ նրա հանցագործությունները օրինականացնելու համար։ Բաքուն նույնպես ողջունել է Հաագայի դատարանի այս որոշումը։

Ինչ է ասվում Հաագայի դատարանի նոյեմբեր 17-ի որոշման մեջ․ արցախցիների գրանցման ինքնության եւ գույքի ու սեփականության պահպանումը ճանաչվում է ազերբայդժանի պարտավորություն, ըստ այդմ՝ բացառիկ պետական իրավասություն, արցախցիներն իրենց գույքը տնօրինելու համար պետք է ընդունեն ազերբայդժանի քաղաքացիություն։ Վերջին օրերին Եվրոպայում, Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում արցախցիների «վերադարձի» թեմայի ակտուալացումը կապված է նաեւ այս իրողության հետ՝ Արցախի օկուպացիան ու բնիկների վտարումը «օրինականացնելու» խնդիր ունեն կոնսենսուսի կողմերը։

Կրկին պետք է շեշտենք եթե ոչ հայ պետության՝ դա թուրքի ձեռքին է, բայց հայ հանրության սթափ շերտի դիրքորոշման անհրաժեշտությունը։ Այլ կերպ կոնսենսուս չես քանդի։

Verified by MonsterInsights