Արցախի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը` «Դեդո-բաբո»-ն, Հայաստանի բազմադարյան պատմամշակութային կոթողները «Սթարմուս VI» ֆիլմում ներկայացվեցին աշխարհահռչակ «Քուին» խմբի կիթառահար Բրայան Մեյի` «Ուրիշ աշխարհ» կատարման ներքո: Այս երգը հայտնի կիթառահարը հանրության առջև առաջին անգամ կատարել է Հայաստանում:
Գիտությունն ու արվեստը համադրած «Սթարմուս» միջազգային փառատոնը Հայաստանում անցկացվեց նախորդ տարի, իսկ երեկ առաջին անգամ «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց «Սթարմուս VI» ֆիլմը: Ֆիլմը պատմում է Հայաստանում 2022թ. անցկացված «Սթարմուս» փառատոնի մասին` ներկայացնելով հրավիրված հանրահայտ գիտնականների ու տիեզերագնացների բանախոսությունները, համաշխարհային ճանաչում ունեցող երգիչների ու երաժիշտների կատարումները և այս ամենը համեմված հայկական ճարտարապետությամբ, աստղաբանության ոլորտում հայկական ձեռքբերումներով, ավանդական լավաշով, գաթայով ու մասնակիցների վառ տպավորություններով:
Ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր «Սթարմուս» փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը նշեց, որ ֆիլմը, թե Հայաստանում, թե այլ երկրներում ներկայացվելու է փակ ցուցադրություններով. «Ֆիլմն առաջիկայում կցուցադրվի Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում: ֆիլմը ցուցադրվելու է առանց տոմսերի վաճառքի, կազմակերպվելու է փակ ցուցադրություն, այն չի տեղադրվի նաև Յութուբում` որակը չկորցնելու համար»,-ասաց աստղաֆիզիկոսը:
Նրա խոսքով` ֆիլմ ստեղծելու գաղափարը ծագել է 2022թ դեկտեմբերին. «Յոթ ամսից ավելի աշխատել ենք միայն ձայնի որակի վրա»,-նշեց Գարիկ Իսրայելյանն ու հիշատակեց, որ «Սթարմուս» փառատոնն անցկացվել էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ էֆեկտները շատ էին, և քանի որ ֆիլմի գերթե բոլոր կադրերն ընտրվել են Հայաստանում կատարված նկարահանումներից, անհրաժեշտ էր լրացուցիչ աշխատանք թե բանախոսների, թե երաժշտության ձայնի որակն ապահովելու համար. «Վիդեոմասը ԱՄՆ-ում է արվել, աուդիոն` Լոնդոնում, Երևանից ևս օգնեցին մեզ»,-հավելեց նա:
Ֆիլմի պրոդյուսեր Թոդ Դուգլաս Միլլերն էլ ընդգծեց, որ Հայաստանում արդեն իսկ հանդիպումներ է ունեցել տեղական կինոարտադրող ընկերությունների հետ` համագործակցության ակնկալիքով. «Հայաստանում կա կինոարվեստի մեծ ժառանգություն , և շատ տաղանդավոր թե կինոարտադրողներ, թե դերասաններ կան, կփորձեմ նրանց հետ համագործակցել ապագայում»,-ասաց Թոդ Դուգլաս Միլլերը: Ամերիկացի պրոդյուսորի խոսքով` ինքը հիացած է հայերի վերաբերմունքով, հայկական սնունդով և անհամբեր սպասում է, թե երբ կկարողանա իր ընտանիքը ևս բերել Հայաստան:
«Սթարմուս VI» ֆիլմի պրոդյուսերներից է նաև «Սթարմուս» միջազգային փառատոնի համահիմնադիր Բրայան Մեյը, սակայն այս անգամ նրա այցը Հայաստան չէր հաջողվել:
Բաց մի թողեք
Ավետ Բարսեղյանն իրեն մեծություն է համարում, ստիպում երեխաներին նկարվել իր հետ
Ե՞րբ տեղի կունենա Սնուփ Դոգի համերգը. նախարարը նշեց ժամկետը
«Երազանքներն իրականանում են». քանոնահարուհի Բելլա Պապիկյանը նվագել է Hauser-ի հետ․ Տեսանյութեր