Ռուսաստանը վերջին 18 ամիսների ընթացքում ապացուցել է, որ ոչ մի ոլորտում վստահելի չէ։
Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Մայքլ Քարփենթերը՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Վաշինգտոնը Մոսկվայի հետ համագործակցելու հեռանկար տեսնում է։
«Ազատություն». – Չնայած միջնորդների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների ջանքերին՝ Բաքուն երեկ հաղորդեց, որ չի մասնակցի վաշինգտոնյան բանակցություններին՝ միաժամանակ խիստ քննադատելով Միացյալ Նահանգներին կողմնակալության համար։ Ինչպե՞ս կարձագանքեք։
Մայքլ Քարփենթեր. – Մենք շարունակում ենք համարել, որ Հայաստանի և Ադրբեջանի համար չափազանց կարևոր է հարաբերությունների կարգավորումը, որպեսզի տարածաշրջանում լինի խաղաղություն, կայունություն, բացվեն տրանսպորտային կապերը։ Մենք կարծում ենք, որ այս տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ունենալը բոլորի, անշուշտ, Միացյալ Նահանգների օգտին է: Եվ ուրեմն, մենք շարունակելու ենք փորձել հեշտացնել դա մեզ հասանելի գործիքների միջոցով: Եվ հուսով ենք, որ կողմերը նույնպես հասկանում են, որ դա բխում է նաև իրենց շահերից։
«Ազատություն». – Պետքարտուղարի օգնականն ասել էր՝ առաջիկա շաբաթները վճռորոշ են լինելու հայ – ադրբեջանական բանակցությունների համար։ Կարելի՞ է ասել, որ Բաքվի «ոչ»-ը, մերժումը փակեց հնարավորությունների այս պատուհանը։
Մայքլ Քարփենթեր. – Ոչ։ Ես չէի ասի, որ այս պահին որևէ պատուհան փակ է։ Ես ֆիքսված ժամանակացույց չէի դնի բանակցային գործընթացի համար։ Ես դա չէի անի նաև վեց ամիս կամ մեկ տարի առաջ: Կարծում եմ՝ կարևոր է, որ բոլոր կողմերը կրկնապատկեն իրենց ջանքերը տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հասնելու համար, քանի որ դա, ինչպես նաև մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանությունը, մեզ համար չափազանց կարևոր է: Այսպիսով, մենք պատրաստվում ենք շարունակել դա անել:
«Ազատություն». – Ադրբեջանը չգնաց Վաշինգտոն, բոյկոտում է նաև Բրյուսելի հարթակը, մտավախություն չկա՞, որ Արևմուտքը կկորցնի առաջնորդությունը, հատկապես որ Ռուսաստանը հետևողական փորձում է Մոսկվայում հանդիպում կազմակերպել:
Մայքլ Քարփենթեր. – Կողմերը կօգտվեն այն ուղիներից, որոնք հնարավորություն կտան առաջընթաց գրանցել բանակցություններում։ Իհարկե, ես ներկայացնում եմ Միացյալ Նահանգները։ Կարծում եմ, որ մենք շատ հետևողական և սկզբունքային ջանքեր գործադրեցինք՝ այս գործի համար մեր լավ հաստատություններն առաջարկելով: Անշուշտ, պետքարտուղար Բլինքենն իր շատ ժամանակ, ջանք ու ռեսուրսներ է հատկացրել բանակցություններին աջակցելու և կարգավորման այս համաձայնագիրն առաջ մղելու համար: Այնպես որ, մենք կշարունակենք առաջարկել այդ լավ հաստատությունները։ Եվ դարձյալ, ի վերջո, կողմերից է կախված, թե որ գործընթացն է առավել նպաստավոր իրենց շահերին:
«Ազատություն». – Պարոն դեսպան, արդյո՞ք այս հարցում Վաշինգտոնը Մոսկվայի հետ համագործակցելու հեռանկար տեսնում է։ Ի վերջո, ԵԱՀԿ Մինսկի խումբը ֆորմալ կա, չի լուծարվել։
Մայքլ Քարփենթեր. – Հետևյալը կասեմ՝ Ռուսաստանը վերջին 18 ամիսների ընթացքում ապացուցել է, որ ոչ մի ոլորտում վստահելի չէ։ Նա դաժանությամբ հարձակվել է իր հարևանի վրա, և միայն դա չէ։ Ռուսաստանը ստել է միջազգային տարբեր պարտավորությունների մասին և բազմիցս խախտել է դրանք վերջին տարիներին։ Կարիք չկա Ձեզ հիշեցնել այն փաստը, որ Ռուսաստանը զորքեր է տեղակայում Մոլդովայում և Վրաստանում առանց այդ երկրների համաձայնության։ Եվ կան մի շարք այլ դեպքեր, որոնք ես կարող եմ մատնանշել, որ ցույց են տալիս՝ Մոսկվան իսկապես վստահելի կողմ չէ բանակցություններում:
«Ազատություն». – Բայց մյուս կողմից՝ Մոսկվան է սպառնալիք տեսնում, թե Արևմուտքը փորձում է Ռուսաստանը դուրս մղել այս տարածաշրջանից։
Մայքլ Քարփենթեր. – Ինչպես սկզբում ասացի, Միացյալ Նահանգների շահը կայուն և երկարատև խաղաղություն տեսնելն է։ Դա պետք է լինի արդարացի խաղաղություն: Իհարկե, այն պետք է հիմնված լինի երկու կողմերի շահերի վրա։ Բայց, ի վերջո, մենք հավատում ենք, որ սա է առաջընթացի ճանապարհը: Տեսեք, թե ինչ արեց հակամարտությունը։ Այն մարդկանց տեղահանում է իրենց տներից, հանգեցնում ողբերգությունների թե՛ անհատական մասշտաբով՝ ընտանիքների համար, թե՛ ընդհանուր համայնքների համար, թե՛ առաջացնում է ցասում, որ կարող է երկար տևել: Սա ոչ մեկի շահից չի բխում։ Այդ իսկ պատճառով մենք հենց սկզբից մոտեցել ենք այս գործընթացին լուծում գտնելու շահագրգռվածությամբ։
«Ազատություն». – Իսկ հիմա՞։ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում կոնտակտներ կա՞ն, ինչ-որ շփումներ եղե՞լ են։
Մայքլ Քարփենթեր. – Ես տեղյակ չեմ Մինսկի խմբի ձևաչափով որևէ շփումների մասին։ Իհարկե, Մինսկի խումբը շարունակում է գոյություն ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ կողմերն այլ բան չեն որոշել, բայց այս պահին շփումներ չկան։
«Ազատություն». – Իսկ Մինսկի խմբից դո՞ւրս։ Հիշեցնեմ՝ Politico-ն հաղորդեց, որ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի ու Եվրամիության դիվանագետները հանդիպել էին Թուրքիայում սեպտեմբերին՝ ադրբեջանական հարձակումից ընդամենը օրեր առաջ։ Դա ի՞նչ հանդիպում էր։
Մայքլ Քարփենթեր. – Եղել են մի շարք հաղորդումներ, որոնք հիմնված են կեղծ տեղեկությունների վրա, դրանք վերաբերում են նախկին պաշտոնյաների, վերլուծական կենտրոնների փորձագետների և այլոց այսպես կոչված երկրորդ ուղու քննարկումներին: Ես տեղյակ չեմ ռուս գործընկերների հետ ամերիկացի պաշտոնյաների հանդիպումների մասին։ Մեր ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը շատ հստակ էր այս առումով․ երբ խոսքը վերաբերում է այնպիսի կարևոր հարցի, ինչպիսին ռազմավարական կայունությունն է, մենք պատրաստ ենք քննարկումներ ունենալ: Բայց այս պահին մյուս կողմը՝ նկատի ունեմ Ռուսաստանը, պարզապես պատասխանատվությամբ չի մոտենում այս կարգի թեմաներին։ Ես կասեի՝ ճիշտ հակառակն է։ Եվ այսպես, մենք ոչ մի հնարավորություն չենք տեսնում մոտ ժամանակներս արդյունավետ քննարկում ունենալու համար:
«Ազատություն». – Պարոն դեսպան, այն խնդիրը, որ հակամարտության սկզբում դրվել էր Մինսկի խմբի առջև՝ հասնել հակամարտության խաղաղ ու դիվանագիտական կարգավորմանը, հիմա Դուք լուծված համարո՞ւմ եք։
Մայքլ Քարփենթեր. – Ես չեմ պատրաստվում հետ գնալ և հետահայաց նայել, թե ինչ է արել Մինսկի խումբը։ Բայց հստակ է՝ քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն, երկարատև խաղաղության համաձայնագիր չենք ունենա, մեր աշխատանքը չի ավարտվի։
Բաց մի թողեք
Երբ գերիները Բաքվից կվերադառնան Հայաստան
«Պատմական հնարավորություն կա»․ ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
Հայաստանն ու Ադրբեջանը աշխատում են խաղաղության համաձայնագրի ավարտի կարգավորման ուղղությամբ․ Պետդեպ