December 9, 2023

Ֆարիբա Վաֆի․ Երկու պատմվածք․ Խաղից հոգնած և Ճանճեր

Կիրակնօրյա ընթերցումներ․ 

Խաղից հոգնած

Հայրիկը դուռը շրխկացրեց ու գնաց: Մեզ այգի էլ չտարավ: Մայրիկը՝ ձեռքը երեսին, պառկել էր, ասես չէր ուզում արեւն աչքերից ներս թափանցի: Այդինն ամեն կերպ ստիպեց, ու կռիվ-կռիվ խաղացինք: Ես դարձա գող, Այդինը հրացանով ինձ հետեւեց: Մայրիկի մեծ փորը խրամատ դարձրի, իսկ նա ինձ կրակեց: Մայրիկը մեզ վրա չբարկացավ, Այդինն այս անգամ էլ ավելի բարձր գոռաց, եւ ես հանձնվեցի: Հետո ասացի.
– Արի զբոսայգի սարքենք:
Նախ ցանկապատերը շարեցինք, հետո ծաղկամանները բերեցինք, որ զբոսայգու ծառերը դառնան: Այդինն ասաց.
– Բա արձա՞ն:
Վազեցի գնացի, կույր տիկնիկս բերեցի: Աչքերն Այդինն էր հանել: Այդինը, աչքերը մայրիկի վրա հառած, կանգնել էր: Թեւիցս քաշեց ու ասաց.
– Արի՛, մաման մեր արձանը կդառնա:
Բռնեցինք մայրիկի ոտքերից ու քաշեցինք: Չէինք կարողանում նրան շարժել. ծանր էր: Միմյանց օգնեցինք, ոտքը նորից քաշեցինք: Հետ-հետ գնացինք, ընկանք գետնին ու ծիծաղեցինք: Նորից վեր կացանք, այս անգամ մայրիկի գլխից քաշեցինք: Հետո էլի ոտքերը բռնեցինք, այնքան շարժեցինք, որ կարողացանք մինչեւ սենյակի մեջտեղ քարշ տալ: Մայրիկը ձեռքը դրել էր ուռած փորին, աչքերը փակել: Հետո մայրիկի կողքերը ցանկապատ շարեցինք: Ինչքան բարձ ու մութաքա(1) կար, բերեցինք շարեցինք կողքերը: Եթե հայրիկը լիներ, երկուսիս նկուղը կնետեր ու դուռը կկողպեր: Մայրիկն էլ եթե աչքերը բացեր, մեզ վրա կզայրանար: Սակայն նա իրական արձանի էր նմանվել: Հիմա մայրիկը սենյակի կենտրոնում էր, իսկ նրա շուրջը՝ իմ բոյի մի պատ:
– Արի կռիվ-կռիվ խաղանք,- ասաց Այդինը:
– Զբոսայգում կռիվ-կռիվ չեն խաղում:
– Դե ուրեմն՝ բռնոցի:
Իրար հետեւից վազեցինք ու աղաղակեցինք: Այդինը հանկարծակի կանգնեց: Այնպես էր մայրիկին նայում, կարծես դեմքի վրայով մրջյուն էր անցնում: Մոտեցա: Մայրիկի աչքերի անկյունից ջուր էր հոսում. մազերն ամբողջությամբ թրջել էր: Ասացի.
– Այդին, սա էլ՝ շատրվան:
Այդինը կռացավ՝ նայելու մայրիկի աչքերին, որ ակնաղբյուրի պես հոսում էին: Կամաց ասացի.
– Արի, այս կողմինն ավելի շատ է:
Այդինը կռացավ մայրիկի դեմքին: Ապա ձայն տվեց.
– Մա՛մ:
Երկուսս միանգամից ասացինք.
– Մա՛մ, մա՜մ…
Մայրիկը բռնեց երկուսիս ձեռքերը: Ձեռքերը սառը-սառն էին:
– Այսքան խաղալուց չհոգնեցի՞ք… երեխե՛քս, ես շատ հոգնեցի: Շատ հոգնեցի խաղից:
Հետո ծիծաղեց, եւ ջուրն աչքերի անկյուններից մազերի մեջ հոսեց:

 

Ճանճեր

Նրանց տեսել էր: Ձեռքը դրել էր դռան բռնակին, տեղում կանգնել, նրանց էր նայել: Իրար գրկած՝ անշարժացել էին, ինչպես երկու դիակ:
Ծեր կինն այնտեղից վերադառնալուն պես մոռացել էր, թե ինչու էր ուզում դուրս գնալ: Հիշողությունը փորփրելն անօգուտ էր. չէր հիշում:
Հայացքը հառեց պատուհանի մյուս կողմի խաղողի վազին ու աղջկա՝ թեյի մեջ շաքար լցնի՞, թե ոչ հարցին ի պատասխան ասաց, որ նախաճաշելու ցանկություն չունի: Հետո կգա, իր համար թեյ կլցնի: Համրիչը մատների արանքն առնելով՝ չորացած շուրթերն արագ-արագ իրար սեղմեց: Նրանցից մեկը բակը տեղը տեղին ավլեց: Ավելը բծախնդրությամբ քսեց բակի սալահատակին, երկու այգու մոլախոտերը հանեց: Բակը լվաց: Ռետինե խողովակը վերեւում պահած՝ պատերը,  խաղողի վազերն ու վարդենիները թրջեց: Թաց հողի բույրը սենյակի բաց պատուհանից դիպավ ծեր կնոջ հոտոտելիքին, սակայն նա չշարժվեց:
Այն մյուսը մինչեւ ճաշի ժամը խոհանոցից դուրս չեկավ: Երբ ճաշը պատրաստվեց, սկուտեղով, ափսեով ու գդալով սենյակ եկավ, լռելյայն նստեց սոֆրեհի(2) առաջ: Իրար չնայեցին: Ծեր կինը կոտրեց լռությունը. ճաշելու ցանկություն չուներ:
Ինքնաեռը եռաց: Ծեր կինը կաղալով ջուրը փոխեց ու նստեց ներքեւում: Երեքն էլ ականջ արեցին ինքնաեռի բլթբլթոցին, նայեցին բարձր տզզոցով զուգավորվող ճանճերին:
Ծեր կինն աչքերը փակեց: Այն երկուսն էլ իրարից հեռու նստեցին: Անելու բան չկար: Ուշադրությամբ ճանճերի շարժին հետեւեցին: Ճանճերը հասնում էին ծեր կնոջ բաց բերանի մոտ, պտտվում, վերադառնում:
Կարող էին պատուհանները փակել, վարագույրները քաշել, ճանճերին քշել, բայց չարեցին:
Ծեր կինը մի ակնթարթ աչքերը բաց արեց: Նրանք իր ծանրության ներքո ավելի կծկված դարձան: Նրանց կարծիքով՝ երկար տեւեց, մինչեւ ծեր կինն աչքերը կրկին փակեց:
Առանց իրար նայելու՝ հանգիստ ձայնով սկսեցին խոսել: Մի պահ նրանց հայացքը գամվեց ծեր կնոջ փակվող-դողդղացող կոպերին: Հիմա ծեր կնոջ դեմքը մի ճմռթված տոպրակ էր, որ ճանճերին բերանի խորքի ճեղքից սեփական կողմն էր ձգում:
Ժամը վեցին նրանցից մեկը հավաքեց իր փոքրիկ ճամպրուկը: Առանց մի հստակ կետի նայելու՝ ցտեսություն մաղթեց եւ դռան կողմը գնաց: Մյուսը նրա կողքից գնաց: Մեկ անգամ էլ ասաց, որ կարող է գիշերել, վաղը գնալ: Երեկոյան այն ժամն էր, երբ կարելի էր քայլել փողոցներում, նայել անցորդներին ու չմտածել ոչնչի մասին: Նրանք այս գեղեցիկ երեկոն դեռ առավոտից էին կորցրել: Երկուսն էլ միաժամանակ պատուհանի մյուս կողմ նայեցին: Փայտե, խունացած շրջանակով պատուհանը հին եւ մութ էր թվում: Փողոցում աղմուկ էր: Ծերունիները նստած էին խանութների դիմաց, իսկ երիտասարդները թրեւ էին գալիս:
Իր ընկերոջ գնալուց հետո աղջիկը սենյակ եկավ: Ծեր կինը, սենյակի մութ անկյունում նստած, կեսօրից մնացած ճաշն էր ուտում: Աղջիկը գլուխը ծածկոցի տակ մտցրեց, ականջները սեղմեց. անօգուտ էր: Ծեր կնոջ արհեստական ատամների չխկչխկոցը ծածկոցի տակ էլ էր հասնում, իսկ ճանճերը ծածկոցի վրա բարձր տզզոցով զուգավորվում էին:

Ծանոթագրություններ․

1․ Երկար, գլանաձեւ բարձ:

2. «Սոֆրեհ»-ը բառացի նշանակում է սփռոց: Կիրառվում է գետնին փռված սփռոցի եւ վրայի ուտելիքների համար: Հիմնականում այդպես էին սնվում ավելի համեստ կյանքով ապրող իրանցիները:

Պարսկերենից թարգմանեց Արեգ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ

Verified by MonsterInsights