Ռուս վերլուծաբան Վալերի Սոլովեյը, որ հայտնի է դարձել հատկապես նախագահ Պուտինի վախճանի մասին լուրերով, պատասխանեել է նախկին Էխո Մոսկվի ռադիոկայանի շառավիղ Գվոզդ ցանցային ալիքին: Մեկնաբանված մեկ հատված նրա հարցազրույցից:
«Տարագրության մեջ գտնվող ռուսական ընդդիմադիրների փոխադարձ հարձակումները մտորումների տեղիք են տալիս: Որո՞նք են այդ տգեղ երեւույթի ակունքները. դա պարզ խա՞նդ է, թե էլի մի բան կա: Պետք է արձանագրենք, որ ընդդիմության ներկայացուցիչները ի վիճակի չեն բանաձեւել ռուսական չարիքի վերաբերյալ իրենց օրակարգը: Անկարող են: Այսու, նրանք որեւէ կերպ չեն կարող ազդել Ռուսաստանում իրադրության վրա: Սա օբյեկտիվ իրողություն է: Նման պայմաններում մնում է մեկ բան՝ թիրախավորել միմյանց: Սա շարունակվելու է, ահագնանալու:
Հարց կծագի, իսկ ինչ պիտի պատահի, որպեսզի գզվռտոցը դադարի: Ես զգում եմ, որ եթե նույնիսկ բացվի հնարավորությունների պատուհանը, ռուսական վերնախավի մարդիկ դիմեն ընդդիմությանը, ասելով, թե իրենց կարիքն ունեն, կոչ անեն. եկեք փորձենք ակտիվացնել հանրության մասնակցությունը երկրի կյանքին, նույնիսկ այդ դեպքում որեւէ բան չի փոխվի: Իմ տպավորությամբ այդ մարդիկ կողմնորոշված են դեպի արտասահմանյան կյանք: Նրանց երազանքն է ներկայացնել ռուսական քաղաքացիական հասարակությունը, ռուս քաղաքական ընդդիմությունը արտասահմանում եւ կազմավորել կառավարություն վտարանդության մեջ:
Ես գնալով համոզվում եմ իմ այս ենթադրությամբ: Նրանց նպատակը պարզապես անհոգ կյանքն է: Այդ պատճառով է, որ նրանց ձեռնտու է Վլադիմիր Պուտինի գոյությունը: Ինչու՞ են նրանք հարձակվել ինձ վրա: Որովհետեւ Պուտինի անհետանալով նրանց [իբրեւ ընդդիմություն] գոյության իմաստը հօդս է ցնդում: Քանի դեռ կա Պուտինը՝ դուք փող եք ստանում նրա դեմ պայքարելու համար կամ նրանից փրկվելու համար: Իսկ եթե Պուտինը չկա՝ դուք ստիպված եք լինելու ձեւակերպել նոր օրակարգ, որակապես նոր օրակարգ, պետք է սկսեք դա իրագործել, ոչ թե վիճաբանել միմյանց հետ: Այո, հասկանում եմ, դա ահավոր բան է, հարկ կլինի աշխատել, փոխել ինքզինքը, շատ բան փոխել մարտավարության մեջ: Այնպես որ, նույնիսկ նկարագրած [բարենպաստ] դեպքում, վախենամ, բան չփոխվի»:
Դասախոս Վալերի Սոլովեյի կարծիքը մեկնաբանելու համար դիմեցինք ռուս քաղաքական անցուդարձին քաջատեղյակ վերլուծաբան Պավել Դալլաքյանին: Որքանով է արդարացված Սոլովեյի թերահավատ վերաբերմունքը ռուս ընդդիմությանը եւ երկրորդ, ինչ է ձեր կարծիքը Ռուսաստանի մոտ ապագայի մասին:
– Հիմնականում արդարացված է: Մեկ՝ Գարի Կասպարովի բացառությամբ: Նա նյութական վայելքների ու արեւմտյան մթնոլորտի պակաս երբեք չի ունեցել: Սոլովեյի դիտարկումը օրակարգ ձեւավորելու անընդունակության մասին ընդհանրապես ճշմարիտ է, եւ մասամբ իրավացի՝ նաեւ Գարի Կիմովիչի վերաբերյալ: Դրանում համոզվել եմ 2011 թվականի մոսկովյան հեղափոխական իրադրության ընթացքին անմիջական շփումների ժամանակ: Ռուս իրողության երկու արմատական հարցերը, ըստ իս, երկուսն են: Նախ իբրեւ իմպերիա երկրի հետագա գոյության տեսական հավանականությունը: Իսկ երկրորդը՝ ռուս ժողովրդի ապագան իբրեւ պետականության սյան (ընդգծ. խմբ): Երկուսն էլ խիստ թեական են եւ երկուսի վերաբերյալ էլ ընդդիմության առավել կիրթ եւ մտածող ներկայացուցիչ Կասպարովը որոշակի մոդել չուներ այն ժամանակ եւ չունի տակավին: Ուրիշների մասին, օրինակ Բորիս Ակունինի (Չխարտիշվիլի), կամ Ալեքսեյ Նավալնիի, խոսելն իսկ ավելորդ է: Ընդդիմության միակ թեզը՝ ժողովրդավարությունը, 500-ամյա իր առավելագույն «դարն» ապրած կայսրության եւ կայսրական ժողովրդի պարագային առնվազն կասկածելի է:
Վտարանդի կառավարություն կազմավորելու ընդդիմության ունակությունը, ըստ իս, մեծ չէ: Նույնիսկ ստվերային հանգամանք ունենալով օրակարգ է պետք ձեւավորել եւ զարգացնել:
Վալերի Սոլովեյի մյուս ակնարկի վերաբերյալ: ՄԳԻՄՈ նախկին դասախոսը խոսում է ընդդիմությանը ռուսական վերնախավի գալիք ամիսներին սպասվող դիմումի մասին՝ իբրեւ դրությունից ելք առաջարկողի: Նման դիմում, ընդ որում հրապարակային (Մեդվեդեւ, Կուդրին), կար նաեւ 2011-ի փոթորկալից դեկտեմբերին: Դիմումը ընդդիմության կողմից անպատասխան մնաց՝ ապստամբ վերխուշկան մեկ մարդու պես ուղեւորվեց դեպի տաք ծովեր Նոր տարի վայելելու: Առավել եւս անպատասխան է մնալու հիմա:
Սա բնորոշում է այն խորը ճգնաժամը, որ 2011-ից ի վեր ապրում է ռուսական հասարակությունը՝ ռուսական եւ կայսրական իդեաները առանձնաբար եւ միասին վերցրած: Իրական ընդդիմության փոխարեն «արեւմտամետ», մեզ հայտնի բրյուսելյան տեսակի համույթը, որ Ռուսաստանում եւս ամենայն հավանականությամբ կկազմավորվի իշխող շերտին սպասարկելու համար, դրություն չի փոխի: Իրավիճակը բարդ է տնտեսական, տեխնոլոգիական, ժողովրդագրական եւ, ինչպես ասացի, գաղափարային-քաղաքական իմաստներով: Բեմական փուչիկներով չի դարմանվի:
Բաց մի թողեք
Գեղամ Մանուկյանը Միրզոյանի հրավերով ԱԳՆ-ում ծանոթացել է խաղաղության պայմանագրի վերջին առաջարկներին
Իրենք ամեն ինչ են, բացի խմբակցությունից, քաղաքական ուժ էլ չեն երևի․ Ռուբեն Ռուբինյանը՝ «Պատիվ ունեմ»-ի մասին
Ադրբեջանում արտահերթ ընտրությունների պատճառը 2 ամիս խաղաղության բանակցություններից թռնելու պատճառ ունենալն է. Իոաննիսյան