December 3, 2023

Մոլորվելու հետևանքով ադրբեջանական կողմում հայտնված Ռաշիդ Բեգլարյանին 5 հոդվածով մեղադրանք է առաջադրվել

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Ռաշիդ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել միաժամանակ մի քանի հոդվածով:

Ինչպես թելադրում է Ադրբեջանի՝ վաղուց որդեգրած շինծու մեղադրանքների պրակտիկան, վերջինս մեղադրվում է իբր 90-ականներին Ստեփանակերտ քաղաքի թիվ 3 մանկական հիվանդանոցում պահվող ադրբեջանցի ռազմագերիների նկատմամբ խոշտանգումներ կատարելու, ռազմական հանցագործությունների, անօրինական զինված խմբավորումների գործունեությանը մասնակցելու համար:

Վերջինս ձերբակալվել է։

Ըստ հաղորդագրության՝ Բեգլարյանը մատնանշել է «իր կողմից խոշտանգումների ենթարկված անձանց», որոնց ինքնությունը բացահայտվել է, և քրեական գործով ճանաչվել են տուժող։

Ադրբեջանի ՊԱԾ հաղորդագրության մեջ նաև նշվում է, թե իբր, ըստ Ռաշիդ Բեգլարյանի խոստովանության, «ադրբեջանցի 200 քաղաքացի սպանվել և թաղվել է Ասկերանի բերդի շրջակայքում»։

Հիշեցնենք՝ ԼՂ բնակիչը օգոստոսի 1-ին մոլորվելու հետևանքով հայտնվել է ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքում և ձերբակալվել։

Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով Մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմում է ներկայացրել Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ:

Verified by MonsterInsights