December 3, 2023

Չփորձես ինձ ընդհատել, թե չէ կստանաս. Խաչատրյանը՝ Հայրապետյանին

Երևանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ արձագանքելով «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Նարինե Հայրապետյանի ելույթին՝ «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանն ասաց.

«Այս ամբիոնը պետք չէ օգտագործել մանկական երազանքների՝ ասմունքելու համար, այն էլ՝ անորակ բանաստեղծություններ: Սա լուրջ ամբիոն է, կա ընտրված քաղաքապետ և քաղաքային իշխանություն, եկեք մի քիչ լրջանանք և ամեն մի հարց չտանենք քաղաքական էժանագին շոուների»:

Այնուհետև ելույթի ընթացքում պարբերաբար գոռգոռացող Հայրապետյանին դիմելով՝ Խաչատրյանն ասաց. «Այսուհետ չփորձես ինձ ընդհատել, թե չէ կստանաս»:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նկատեց, որ Հայրապետյանի բուռն ելույթի ժամանակ բոլորը լուռ լսում էին, և ոչ ոք չէր արձագանքում, ակնկալում է նույնատիպ վերաբերմունք:

Այսօր՝ Երևանի ավագանու նիստի ժամանակ, «Մայր Հայաստան» խմբակցությունից մեկը առաջարկեց բոլոր հարցերը դարձնել զեկուցվող:

Ի պատասխան՝ Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը նշեց, որ խնդիր չեն տեսնում, որ բոլոր հարցերը զեկուցվեն, բայց առհասարակ ավագանին ունի կանոնակարգ, օրենք, որը կարելի է կարդալ ու նոր գալ դահլիճ:

«Կան հանձնաժողովներ, որտեղ ավագանու անդամները պարտավոր են լինել անդամ, և թող բարի լինեն գան հանձնաժողովների նիստերին և ծանոթանան նախագծերին, մենք համաձայն չենք, դեմ ենք քվեարկում»,- խմբակցության դիրքորոշումը հայտնեց Խաչատրյանը:

Verified by MonsterInsights