December 4, 2023

Financial Times. ԵՄ-ն քննարկում է Եվրոպայում ռուս դիվանագետների տեղաշարժը սահմանափակելու հնարավորությունը

ԵՄ անդամ երկրները քննարկում են՝ արդյոք պետք է սահմանափակել ռուս դիվանագետների ճանապարհորդությունը այն բանից հետո, երբ Չեխիան բողոքեց, որ «պոտենցիալ լրտեսներին» դժվար է վերահսկել ԵՄ երկրներում սահմանային վերահսկողության բացակայության պատճառով, գրում է Financial Times-ը։

Այն բանից հետո, երբ Ռուսաստանը սկսեց իր ներխուժումն Ուկրաինա, եվրոպական երկրները արտաքսեցին հարյուրավոր ռուս դիվանագետների՝ պնդելով, որ նրանք իրականում հետախուզության գործակալներ են։ Սակայն որոշ երկրներ դեռևս վիզաներ են տրամադրում ռուս դիվանագետներին՝ տալով մուտք Շենգենյան գոտի և առանց սահմանափակումների ճանապարհորդելու իրավունք:

Անցյալ շաբաթ Չեխիան շրջանառության մեջ դրեց մի փաստաթուղթ, որտեղ առաջարկներ կան, թե ինչպես դա կանխել Մոսկվայի դեմ ԵՄ պատժամիջոցների 12-րդ փաթեթի շուրջ բանակցությունների շրջանակներում, որը անդամ երկրները դեռ պետք է հաստատեն, նշում է Financial Times-ը։

Չեխիայի իշխանությունները ցանկանում են, որպեսզի ռուս դիվանագետները ստանան վիզաներ և կացության թույլտվություններ, որոնք թույլ կտան նրանց ճանապարհորդել միայն ընդունող երկրի ներսում, այլ ոչ Շենգենյան գոտու մնացած մասով, գրում է հրատարակությունը։

Մեկ այլ առաջարկ. ԵՄ-ն ընդունի միայն կենսաչափական անձնագրեր, որոնք ավելի դժվար է կեղծել կամ կապել կեղծ ինքնության հետ: Մեկ այլ խնդիր վերաբերում է Վիեննայում ՄԱԿ-ի գործակալություններում աշխատելու համար ավստրիական վիզա ստացած պաշտոնյաներին, որոնք կարող են այնուհետև մեկնել Չեխիա կամ այլուր, գրում է Financial Times-ը։

Բանավեճը դեռ վաղ փուլում է, և խնդրի շուրջ բարդ իրավական խնդիրները նշանակում են, որ որևէ փոփոխություն դժվար թե ներառվի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթում, որը ներկայում քննարկվում է, ամփոփում է հրատարակությունը։

Verified by MonsterInsights