February 22, 2024

Ի՞նչ ուղերձ է հղում Վաշինգտոնը, երբ խոսում է հայ-ադրբեջանական բանակցություններին այլ երկրների միջնորդության մասին

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Միլլերը Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ է արել ուղղակի բանակցություններ սկսել՝ ակնարկելով, որ Վաշինգտոնը գիտի, որ այլ երկրներ միջնորդություն են առաջարկել:

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հաջիեւը վերստին Հայաստանին խորհուրդ է տվել խաղաղությունը տեսնել ոչ թե Վաշինգտոնում, Փարիզում կամ Բրյուսելում, այլ՝ տարածաշրջանում: Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ արդյունավետ է գնահատում 3+2 ձեւաչափը: Օրակարգային է մնում Մոսկվայում արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման թեման:

Ի՞նչ ուղերձ է հղում Վաշինգտոնը, երբ խոսում է հայ-ադրբեջանական բանակցություններին այլ երկրների միջնորդության մասին, բայց Հայաստանին եւ Ադրբեջանին հորդորում ուղղակի բանակցություններ սկսել: Միացյալ Նահանգները գտնում է, որ միջնորդության անհրաժեշտություն այլեւս չկա՞, կողմերն այնքան մոտ են վերջանական համաձայնության, որ կարող են մնացած հարցերի շուրջ փոխզիջման հանգել դեմ առ դեմ բանակցություններու՞մ, թե՞ սկզբունքորեն դեմ է Ռուսաստանի հովանու ներքո եւ 3+2 ձեւաչափի բանակցություններին:

Իրաքի նախագահի հետ բանակցությունների ավարտին հաջորդած մամուլի ասուլիսին Իլհամ Ալիեւը ասել է, որ սպասում է սեպտեմբերի 11-ին ներկայացված նկատառումներին Հայաստանի պատասխանին: Երեւանի պաուզան պայմանավորված է միայն Արցախում էթնիկ զտումներից հետո իրավիճակի անորոշությա՞մբ, թե՞ Բաքվի նկատառումներում կան սկզբունքորեն անընդունելի այլ տարրե՞ր եւս: Վաշինգտոնը, առաջարկելով նոյեմբերի 20-ին պետքարտուղարի մակարդակով հյուրընկալել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին, ունե՞ր պայմանագրի նախագծի այս կամ այն ձեւակերպման տարընթերցումները ունիվերսալացնելու նպատակ եւ միջնորդական առաջարկություն:
Դրա՞նք են Ադրբեջանի գնահատմամբ «միակողմանի մոտեցում»:

Ռուսաստանը եւ Թուրքիան պնդում են, որ պոստկոնֆլիկտային Հարավային Կովկասում «արտատարածաշրջանային խաղացողները չպետք է տեղ ունենան»: Իլհամ Ալիեւը ուղերձով դիմել է «Ապագաղութացում. կանանց իրավունքների եւ լիազորությունների զարգացումը» միջազգային խորհրդաժողովին եւ չափազանց կոշտ քննադատել Ֆրանսիային՝ մեղադրելով նրան Աֆրիկայի, Հարավ-արեւելյան Ասիայի, Ատլանտյան, Խաղաղ եւ Հնդկական օվկիանոսի տարածաշրջաններում, Լատինական Ամերիկայում տասնյակ երկրներ գաղութացնելու, էթնիկ եւ կրոնական անհանդուրժողականություն կիրառելու, ցեղասպանություն կազմակերպելու մեջ:

Ալիեւը փաստացի համերաշխություն է հայտնել նոր աշխարհակարգի մասին Ռուսաստանի եւ Թուրքիայի պատկերացումներին, մի բան, որ անիմաստ կլինի, եթե չհիմնավորվի գործնական քաղաքականությամբ: Այս առումով հայ-ադրբեջանական ուղղակի բանակցությունների նպատակահարմարության մասին ԱՄՆ պետքարտուղարության ուղերձը, կարծես, կողմերին հորդորում է աշխարհաքաղաքական տուրբուլենտության պայմաններում Հարավային Կովկասը զերծ պահել ուժի բեւեռների դիմակայությունից: Մոսկվան, Անկարան եւ Բաքուն բացահայտորեն հակառակն են պնդում եւ Միացյալ Նահանգներին ու Եվրամիությանն են մեղադրում տարածաշրջանը «պայթեցնելու մտադրվածության» մեջ:

Միամտություն կամ իրականության նենգափոխում է մտածել եւ մանավանդ արտահայտվել ու գեներացնել, թե Ալիեւը իր որոշմամբ է քառասունչորսօրյա պատերազմ սանձազերծել, նոյեմբերի 9-ի փաստաուղթ ստորագրել, ապա չեղարկել բոլոր պայմանավորվածությունները, Արցախում էթնիկ զտումներ իրականացրել կամ մինչ այդ Հայաստանի սուվերեն տարածքից 200 քկմ. հող զավթել, իսկ բանակցություններում պայմաններ է թելադրում: Հայաստան-Ադրբեջան դեմ առ դեմ բանակցությունը միայն ֆորմալ առումով կարող է չմիջնորդավորված լինել:

Ի վերջո ակնհայտ չէ՞, որ մեկ պայմանագրով հնարավոր չէ կարգավորել բոլոր հարցերը: Հայաստանը կարո՞ղ է դիվանագիտական նախաձեռնություն ցուցաբերել եւ Բաքվին առաջարկել, որ հարաբերությունների կարգավորման սկզբունքներն ստորագրվում են, կողմերը միաժամանակ պարտավորվում են սահմանազատման, կոմունիկացիաների գործարկման եւ այլ խնդիրները կարգավորել բացառապես խաղաղ-բանակցային ճանապարհով: Դա, հավանաբար, թեսթ կլիներ, թե որքանո՞վ է Իլհամ Ալիեւը խաղաղության, կայունության եւ համագործակցության հարցերում անկեղծ:

Verified by MonsterInsights