February 23, 2024

Ես չուզեցա հին մարդիկ վերադառնան, ովքեր 20 տարի մորթել են հայկական ֆուտբոլը. Խորեն Հովհաննիսյան

«Հրապարակի» զրուցակիցը լեգենդար ֆուտբոլիստ, «Անի» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Խորեն Հովհաննիսյանն է:

Դեկտեմբերի 23-ին կայանալիք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին առաջադրվել է 2 թեկնածու` գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը եւ հայտնի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը: Արազին առաջադրել է Հայաստանի գործող չեմպիոն, գավաթակիր «Ուրարտու» ՖԱ-ն, Մելիքբեկյանին՝ «Անի» ակումբը: Մենք Խորեն Հովհաննիսյանին հարցրինք` ինչո՞ւ եք որոշել առաջադրել Մելիքբեկյանի թեկնածությունը` նրան ՀՖՖ լավ նախագահ չեն համարում ֆուտբոլի աշխարհում, եւ գաղտնիք չէ, որ մեզանում ֆուտբոլը, ի տարբերություն մյուս սպորտաձեւերի, բավականին վատ վիճակում է:

– Մասնագիտական լուրջ խնդիր է դա: Առաջին ազգային հավաքականն այնքան էլ վատ չի եղել: Ֆուտբոլը զարգացնելու համար առաջին հերթին ակումբները պետք է այն զարգացնեն: Ճի՞շտ է, թե՞ չէ: Ակումբներից է գալիս: Ակումբները պետք է լավ ֆուտբոլիստներ պատրաստեն, դրանից հետո՝ արդեն հավաքականներ ու ազգային հավաքական: Բոլորն ասում են` Ֆուտբոլի ֆեդերացիա, իսկ ի՞նչն է ֆեդերացիայի պարտականությունը: Նրա պարտականությունն այդ հավաքականների կազմակերպչական աշխատանքներն են: Ֆեդերացիան կապ չունի խաղերի հետ, անկախ նրանից, թե ով է նախագահը: Նա իր գործը` ամեն ինչով, հստակ կատարել է: Ինչ ուզել են, ոնց ուզել են, հագուկապ, ամեն ինչ տրամադրել է, ամեն բան արվել է բարձր մակարդակով: Այստեղ հարցը ֆուտբոլիստների մեջ է:

– Այսինքն` ֆուտբոլիստներն ու ակումբներն են մեղավոր, որ Հայաստանում ֆուտբոլը չի կայանում: Այդ դեպքում ինչո՞ւ էիք Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահի դեմ այդպես պայքարում, եթե նախագահի ձեռքին ոչինչ չկա:

– Ժամանակ է պետք, որ ակումբներ կազմեն, ֆուտբոլիստներ սարքեն: Մենք պետք է ակումբներին մեղադրենք, այնտեղ ֆուտբոլիստները ոնց խաղում են, այդպիսի արդյունք էլ լինում է: Հո ֆեդերացիան չէ՞ ֆուտբոլ խաղացողը: Նա զուտ կազմակերպչական աշխատանք է տանում, պետք է ինչ-ինչ բաներ կազմակերպեն, հավաքներ եւ այլն, միայն այդ հարցում կարող ենք մեղադրել, բայց կոնկրետ խաղալու հարցում չենք կարող, ո՞նց կարելի է: Ակումբներին մեղադրեք, որ լավ ֆուտբոլիստներ չեն տալիս: Պետք է ակումբները սխալ չաշխատեն: Ճիշտ ֆուտբոլիստներ մեծացրեք, եկեք նստեք, նրանց խաղն էլ նայեք` 16-17 տարեկանից սկսած: Ես հիմա ստեղծել եմ, ակադեմիա եմ բացել, մեծ ուշադրություն եմ դարձնում դրա վրա, էնպիսի լավ երեխաներ ունեմ, որ նրանց վրա եմ ուշադրությունս կենտրոնացրել: Չորս-հինգ տարուց հետո նենց ֆուտբոլիստներ կտրամադրեմ… որ երեւի լավագույնների մեծ մասն իմ երեխեքը կլինեն: Խոսքս Խորեն Հովհաննիսյան ակադեմիայի մասին է: Երեք ամիս է, որ բացել եմ, լրիվ նոր բան է:

– «Անի» ՖԱ-ն ընդգրկված էր Հայաստանի Առաջին խմբի 2019-2020թթ. առաջնությունում, ինչը ՀՖՖ-ի կողմից դադարեցվեց` «պայմանավորված խաղերի» պատճառով: Նախատեսված 34 տուրերի փոխարեն կայացավ 30-ը, քանի որ, ըստ ՀՖՖ-ի, մասնակից ակումբները ներքաշված էին պայմանավորված խաղերի մեջ: Դրանք էին «Լոկոմոտիվ», «Արագած», «Մասիս» եւ «Տորպեդո» ակումբները: Այն ժամանակ շատերը զարմացան, որ այս ցանկում չկար «Անին», որը խմբի ետնապահներից էր` անցկացրած 28 խաղերում բաց էր թողել 108 գնդակ՝ երբեմն մրցակիցներին պարտվելով 0:12 հաշվով, ինչն արդեն կասկածելի էր: Ի՞նչ մեկնաբանություն կտաք սրան:

– Ֆեդերացիայի նախագահն այն ժամանակ Վանեցյանն էր: Մելիքբեկյանը զուտ ուզում էր ինչ-որ քայլեր աներ, ես չգիտեմ՝ ինչ էր եղել, բայց մարդիկ ապացուցել են, որ տվյալ ակումբները նման բաներ են արել: Իտալիայից վերցրած` տենց երկիր չկա, որտեղ ակումբները նման բան չանեն: Ում էլ բռնում, պատժում են: Մեզ մոտ էլ եղավ նման թեմա, պատժվեցին:

– Այսինքն՝ «Անին» այդպես անբասի՞ր էր:

– Էնպես եք ասում, կարծես «Անին» պայմանավորված բաներ է արել: «Արարատն» էլ չկար, հետո ի՞նչ, ուրեմն բոլորը պետք է լինեի՞ն: Եթե բան գիտեք` ասեք:

– Ես ուղղակի հարց եմ տալիս:

– Այ քեզ բան, բայց Դուք էնպես եք ասում, կարծես բան ենք արել, եթե ապացույց ունեք, որ «Անին» էլ է բան արել, ասեք: Զարմանալի բան չկա այդտեղ:

– Պարզապես, քանի որ Դուք Մելիքբեկյանի թեկնածությունն եք առաջադրել, այդ հանգամանքը կասկածի առիթ է դարձել, եւ մարդիկ մտածում են, որ դեռ այն ժամանակ է ինչ-որ ստվերային պայմանավորվածություն եղել:

– Ես չուզեցա հին մարդիկ վերադառնան, ովքեր 20 տարի մորթել են հայկական ֆուտբոլը:

– Ովքե՞ր են նրանք: Քիչ առաջ ասում էիք՝ ֆեդերացիայի ձեռքին ոչինչ չկա:

– Չգիտե՞ք, թե ովքեր են հին մարդիկ, Դուք ինձնից լավ գիտեք, թե ում մասին է խոսքը: Քանդված վիճակով էս մարդիկ որոշել են մի բան անել, կամաց-կամաց զարգացնեն, Դուք ընկել եք բաների հետեւից: Ես կողմնակից եմ, որ ամեն բան ճիշտ մեկնաբանվի, թող ժողովուրդն էլ լրիվ իմանա:

Verified by MonsterInsights