February 24, 2024

Ինչի դիմաց է Ադրբեջանը համաձայնել փոխանակել 32 հայ գերիներին․ Գրիգորյան

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այս բանակցություններում ոչ մի միջնորդ ներգրավված չի եղել:

Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ հայտարարությանը, համաձայն որի՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, իսկ ՀՀ-ն՝ 2 ադրբեջանցի զինծառայողների։

Հաղորդավարի արցին, թե ինչի փոխարեն է Ադրբեջանը համաձայնվել 2 զինծառայողի դիմաց փոխանակել 32 գերիների, Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ դա բանակցությունների եւ համաձայնության արդյունք էր:

Նա, մասնավորապես, ասաց. «Գիտեք, որ Կլիմայի փոփոխության կոնֆերանսն Ադրբեջանն իր համար կարեւոր էր համարում, Հայաստանն իր հերթին դիմել էր, որպեսզի կազմակերպեր այդ կոնֆերանսը Հայաստանում, բայց քանի որ բանակցություններ էին ընթանում, եւ Ադրբեջանը մեծ հետաաքրքրություն է դրսեւորել, Հայաստանը պատրաստակամություն է հայտնել զիջել այդ թեկնածությունը եւ աջակցել Ադրբեջանի թեկնածությանը, եւ այստեղ մենք կարողացել ենք համաձայնության գալ»:

ԱԽ քարտուղարի խոսքով՝ սա ե΄ւ մարդասիրական քայլ, է ե΄ւ խաղաղության պայմանագրին եւս մեկ քայլով մոտենալու արդյունք:

«Առաջնահերթ սա հումանիստական է, քանի որ լուծվել են հումանիտար հարցեր, բայց նաեւ սա ցույց է տվել, որ հնարավորություն կա համաձայնության գալու, եւ կարծում ենք, որ սա շատ դրական, կարեւոր քայլ էր խաղաղության պայմանագրի ստորագրման համար: Սա այն քայլն էր, որը ցույց տվեց, որ ցանկություն կա շարժվելու խնդիրները լուծելու տրամաբանությամբ, եւ խնդիրները լուծելու ամենամեծ հնարավորությունը խաղաղության պայմանագիրն է: Մեր օրակարգում է խաղաղության համաձայնագիրը, իհարկե, դեկտեմբերը մի քիչ դժվար է թվում, բայց մենք պատրաստ ենք մինչեւ դեկտեմբերի վերջ խաղաղության պայմանագիր կնքել»,-նշեց Գրիգորյանը:

Հարցին թե, ավելի վաղ ինքը հայտարարել է, որ Ադրբեջանը պայմանավորվածություններ խախտող կողմ է, եւ դրևա համար են անհրաժեշտ միջազգային երաշխիքներ, այս պարագայում ինչու՞ են գնացել երկկողմ բանակցությունների, Գրիգորյանը պատասխանեց, որ իրենք ե՛ւ երկկողմ, ե՛ւ բազմակողմ բանակցությունների են համաձայն խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնելու համար:

Verified by MonsterInsights