February 25, 2024

Եթե ինձ ընտրելու եք, որ Մխիթարյանը հետ գա, ավելի լավ է՝ չընտրեք․ Արաս Օզբիլիս

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի:

«Գիտեմ, որ դժվար է լինելու, բայց շանսեր ունեմ, քանի որ զգում եմ, որ հայկական ֆուտբոլային հանրությունն աջակցում է ինձ: Կարծում եմ՝ ճիշտ եմ աշխատում ու հավատում եմ, որ կարող եմ շատ մեծ օգուտ տալ մեր ֆուտբոլին:

Ամեն ինչ կանեմ իմ ուժերի ներածին չափով, որ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև իրենց կարիերայի ավարտը կխաղան հավաքականում: Առաջինը ես կցանկանամ, որ Հենրիխը հետ գա, բայց եթե ինձ ընտրելու եք, որ Մխիթարյանը հետ գա, ավելի լավ է՝ չընտրեք: Բոլորիս նպատակն այն պետք է լինի, որ մեր ֆուտբոլը զարգանա»,- ընդգծել է նա:

Ֆուտբոլը մասսայական առողջ ապրելակերպ է, և դա պետք է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բոլոր երեխաների համար ապահովի։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՖՖ նախագահի թեկնածու, նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը։

«Անընդհատ Հայաստանում խոսում են, թե ֆուտբոլի զարգացման համար անպայման պիտի մանկապատանեկան մրցաշարեր կազմակերվեն դրսում և այլն, բայց հարց է առաջանում՝ մենք քանի մրցաշար ենք անցկացնում ներսում՝ մեր երկրում, որ խոսում ենք դրսից։ Մեր երկրում նման ծրագրեր գրեթե չկան, սա է խնդիրը։ Մրցումները պիտի շատանան, այլ կերպ հնարավոր է չէ, դա շատ կարևոր է։ Ես մի բան եմ ուզում նշել ու նաև բերել իմ օրինակը։ Անպայման պիտի սկսել համագործակցել դպրոցների հետ, որտեղ որ աշակերտները ամեն օր սովորում են»,– ասաց նա։

Ըստ նրա՝ խաղալով «Այաքսի» ակադեմիայում, միշտ լսել է՝ եթե դպրոցում լավ չես սովորում, ուրեմն իրավունք չունես նաև ֆուտբոլ պարապելու․ «Այստեղ նման բան չկա, այստեղ խաղերի ժամերը շատ մոտիկ են լինում դպրոցի ժամերին։ Ես անգամ իմ ականջով լսել եմ, որ մարզիչներ կան, որոնք ասում են՝ դե թող այդ օրն էլ երեխան դպրոց չգնա, կարևորը գա ֆուտբոլի։ Ոչ, նման բան չի կարող լինել։ Երեխեքը պիտի լավ սովորեն ու լավ խաղան։ Ակումբները պիտի ունենան իրենց ներկայացուցիչները, որոնք որ աշխատում են դպրոցների հետ։ Մարզիչ-ծնող-դպրոց․ սա իսկապես շատ կարևոր է»։

Օզբիլիսի խոսքով՝ մարզիչ սովորելու գինը Հայստանում ավելի թանկ է, քան Հոլանդիայում կամ Անգլիայում, սակայն դա ավելի հասանելի պետք է լինի գումարային առումով։ Պետք է դրսի հետ նույնպես համագործակցենք, մասնավորապես, այն երկրների հետ, որոնք քանակությամբ, հնարավորությամբ համապատասախանում են Հայաստանին։

Հիշեցնենք՝ Օզբիլիսը ՀՖՖ նախագահի ընտրություններում առաջադրել է իր թեկնածությունը։

Verified by MonsterInsights