February 24, 2024

Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման մանրամասն ժամանակագրությունը

Մեկ տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 12-ին, Ադրբեջանն արգելափակեց Լաչինի միջանցքը։ «Իրազեկ քաղաքացիների միավորումն» ամփոփել է միջանցքի արգելափակմանը նախորդած ու դրան հաջորդած իրադարձությունների ժամանակագրությունը, կարևոր դիվանագիտական հայտարարությունները։

Դեկտեմբերի 3-ին Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին Տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատրվակով փակեցին ճանապարհը։

Դեպքից մի քանի ժամ անց Բաքուն հայտնեց՝ մասնագետների խումբ է ուղարկել խաղաղապահների տեղակայման վայր՝ «հետաքննելու և վերահսկելու տեղում օգտակար հանածոների ապօրինի շահագործումն ու այդ գործունեության բնապահպանական հետևանքները»։

Դեկտեմբերի 7-ին Ադրբեջանի բնապահպանական ոլորտի պետական պաշտոնյաները այցելեցին Լեռնային Ղարաբաղ և հանդիպեցին խաղաղապահների այդ ժամանակվա հրամանատար Անդրեյ Վոլկովին։

Նույն օրը Ադրբեջանի կառավարությունը հայտարարեց՝ խաղաղապահների հետ ունեցած բանակցությունների արդյունքներով՝ այդ օրվանից ստուգումներ են սկսելու Մարտակերտի շրջանում գտնվող Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում։

Նույն օրը մի խումբ ադրբեջանցիներ փորձել էին հանքեր մտնել, բայց արցախցիների արգելքին էին հանդիպել։

Արդեն դեկտեմբերի 12-ին ադրբեջանցիները արգելափակեցին Լաչինի միջանցքը՝ բնապահպանական պատրվակով։

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 13-ին, Ադրբեջանն ամբողջությամբ դադարեցրեց Արցախի գազամատակարարումը։

Նույն օրը հայտարարություն տարածեց ՀՀ ԱԳՆ-ն՝ մեղադրելով Ադրբեջանին իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունը կոպտորեն խախտելու մեջ և նշելով, որ միջանցքի արգելափակումը Բաքվի՝ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների ենթարկելու քաղաքականության շարունակականությունն է։

Նույն օրը Երևանին արձագանքեց Բաքուն՝ նշելով, որ ՀՀ-ի՝ Ղարաբաղում հայերի իրավունքների ու անվտանգության ապահովման համար միջազգային մեխանիզմ ստեղծելու կոչերը անընդունելի են, քանի որ «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության հարցը Ադրբեջանի ներքին գործն է»:

Դեկտեմբերի 15-ի կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Արցախում 120 հազար մարդ փաստացի հայտնվել է պատանդի կարգավիճակում, և ստեղծված իրավիճակը որակեց որպես հումանիտար ճգնաժամ։

Դեկտեմբերի 21-ին Նյու Յորքում Երևանի պահանջով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարվեց․ Հայաստանը կոչ արեց ՄԱԿ-ի առաքելություն ուղարկել ԼՂ։  ԱԽ անդամ երկրների մեծ մասը հասցեական կոչեր հնչեց ադրբեջանական կառավարությանը՝ վերականգնելու միջանցքում ազատ տեղաշարժը։

Նույն օրը՝ միջանցքի արգելափակումից ի վեր առաջին անգամ, այսպես կոչված ադրբեջանցի բնապահպանները չթույլատրեցին ռուս խաղաղապահների ավտոշարասյանն անցնել Լաչինով։

Նույն օրը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշեց պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը: Դատարանի որոշումը պարտավորեցնում էր նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը։

Դեկտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ  հեռախոսազրույցում կոչ արեց ամբողջովին վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը:

Նույն օրը առանց հայկական կողմի մասնակցության Մոսկվայում կայացել էր Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ։ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հանդիպումից հետո հայտարարեց, թե Ռուսաստանը կողմ է, որ ճանապարհը արագ ու լիարժեք բացվի։ Միայն թե հավելեց նաև՝ Մոսկվան կողմ է, որ լուծվեն նաև հանքերի շահագործման շուրջ տարաձայնությունները։

Նույն օրը Մոսկվա եռակողմ հանդիպման չմեկնած ՀՀ ԱԳՆ Միրզոյանը հեռախոսազրույցներ էր ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահների հետ՝ Լաչինի միջանցքի արգելափակման խնդրի վերաբերյալ։

Դեկտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, թե Լաչինի միջանցքն արգելափակելով «Հայաստանին ստիպում են միջանցք տրամադրել Ադրբեջանին, անդամակցել միութենական պետությանը»։

Արդեն 2023 թվականի հունվարի 3-ին ՀՀ ԱԳՆ հայտարարեց, որ շարունակելու է նպատակամղված քայլեր ձեռնարկել բոլոր հնարավոր ձևաչափերում, ներառյալ՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի և միջազգային ու տարածաշրջանային կառույցների շրջանակներում՝ այդ կառույցների մանդատից և գործառույթներից բխող վճռական արձագանք և գործողություններ ապահովելու ուղղությամբ՝ Լաչինի միջանցքի շրջափակումը ու դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության առջև ծառացած հումանիտար ճգնաժամը վերացնելու նպատակով։

Հունվարի 7-ին ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը կոչ արեց Ադրբեջանին և Ռուսաստանին անմիջապես վերականգնել Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության մուտքը Արցախ։

Հունվարի 10-ին հայտնի դարձավ, որ վնասվել է Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ՝ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գիծը։ Ադրբեջանական կողմը այդպես էլ թույլ չտվեց իրականացնել վթարավերականգնողական աշխատանքներ։

Հունվարի 10-ին Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ արեց ապահովել Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը։

Հունվարի 12-ին ՀՀ ԱԺ ղեկավար Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե Հայաստանը չի ներգրավվելու Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքի բացման հարցով բանակցություններին։

Հունվարի 13-ին G-20-ում Հնդկաստանի նախագահության շրջանակում անցկացվող «Հարավի ձայն վիրտուալ գագաթաժողովին» Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ հայտարարեց՝ ՀՀ-ն անհրաժեշտ է համարում տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը։

Հունվարի 13-ին ՀՀ-ում պաշտոնական այցով գտնվող Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն ասաց, որ իր երկիրն ամեն ինչ կանի, որպեսզի Արցախում խուսափեն մարդասիրական աղետից»։

Հունվարի 19-ին Եվրախորհրդարանն ընդունեց բանաձևը, որով Ադրբեջանին կոչ էր անում անհապաղ բացել Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը և կանխել մարդասիրական աղետը:

Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ անցակետեր պետք է լինեն «Զանգեզուրի միջանցքի» սկզբում և վերջում, ինչպես նաև Լաչինի շրջանի ու Հայաստանի միջև»։

Փետրվարի 22-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը,  պատասխանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, ասաց, որ Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցումը Հայաստանի համար ընդունելի չէ։

Նույն օրը հրապարակվեց ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որով պարտավորեցրեց Ադրբեջանին ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Փետրվարի 23-ին ադրբեջանական կողմի պահանջով պաշտոնից հեռացվեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Փետրվարի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խոստացավ քննարկել Արցախ ՄԱԿ առաքելություն ուղարկելու հարցը։

Մարտի 5-ին Արցախում ադրբեջանական զինուժի դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվեցին ԼՂ ոստիկանության 3 ծառայողներ․ դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում՝ Ստեփանակերտի Կրկժան թաղամասից դեպի Լիսագոր գյուղ ընկած հատվածում, թիրախավորել և կրակ էր բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Մարտի 18-ին Ալիևը Թալիշ գյուղում հայտարարեց․ «Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կմ տարածքում, կա մի պայման․ նրանք պետք է ընդունեն մեր պայմանները՝ պաշտոնապես ճանաչեն Ղարաբաղը Ադրբեջանի մաս, մեր պայմանների հիմքով կատարեն սահմանագծման աշխատանքները»։

Նույն օրը Երևանն արձագանքեց՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղությունն անհնար դարձնելու համար:

Ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակեց Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում էր Լաչինի միջանցքում։

Բաքուն նույն օրը հայտարարել էր, որ անցակետը կապահովի ճանապարհով երթևեկության օրինականությունն ու թափանցիկությունը։

Նույն օրը Արցախի Անվտանգության խորհրդի անդամները՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, դիմում են եռակողմ հայտարարության կողմերին (Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան) և հատկապես Ռուսաստանին՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։

Նույն օրը հայտարարություն տարածեց նաև Երևանը՝ կոչ անելով Ռուսաստանին «ի վերջո կատարել եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունը»։

Ապրիլի 27-ին Բաքվում Ֆրանսիայի արտգործնախարարը հանդիպեց Ադրբեջանի նախագահին և արտգործնախարարին։ Նա պահանջեց կատարել ՄԱԿ-ի դատարանի որոշումը՝ ապաշրջափակել միջանցքը։

Արդեն հաջորդ օրը Ֆրանսիայի արտգործնախարարը Երևանում էր․ նա նշեց, որ Փարիզն անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով տեղաշարժի խոչընդոտումը։

Ապրիլի 28-ին ադրբեջանցի, այսպես կոչված, ակտիվիստները հեռացան Շուշի-Քարինտակ խաչմերուկից։

Մայիսի 1-4-ն անցկացվեցին Միրզոյան-Բայրամով վաշինգտոնյան առաջին բանակցությունները։ Կողմերը նույնաբովանդակ հաղորդագրություն տարածեցին՝ գրելով, թե Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման» համաձայնագրի նախագծի «որոշ հոդվածների շուրջ» ունեցել են փոխըմբռնման առաջընթաց, մի շարք առանցքային հարցերի վերաբերյալ դիրքորոշումները մնում են տարամետ»։

Մայիսի 24-ին ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Մոսկվայում կարևորեց Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմի գործարկումը, ինչպես նաև ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային դիտորդներ ուղարկելու անհրաժեշտությունը:

Մայիսի 2-ին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստն ավարտվեց Հայաստանի վարչապետի և հրավիրյալի կարգավիճակով դրան մասնակցող Ադրբեջանի նախագահի բանավեճով։ Փաշինյանը, հակադարձելով Ալիևին, ասաց․ «Ցանկանում եմ ընդգծել, որ [եռակողմ] հայտարարության մեջ միայն մեկ միջանցքի մասին է խոսվում, դա Լաչինի միջանցքն է, որը պետք է գտնվեր ռուսաստանցի խաղաղապահների հսկողության տակ, սակայն, ցավոք սրտի, անօրինականորեն արգելափակված է Ադրբեջանի կողմից»։

Հունիսի 21-ին Եվրոպական խորհրդարանի պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովի պատվիրակությունը եվրոպացի դիտորդների հետ այցելեց  Սյունիք, դիտորդները պարեկություն իրականացրեցին Արցախն Հայաստանին կապող Լաչինի միջանցքի մոտ։

Հունիսի 22-ին ԵԽԽՎ-ն ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը՝ պահանջելով Բաքվից ապաշրջափակել միջանցքը ու ընդունել եվրոպական փաստահավաք առաքելություն ԼՂ-ում։

Հունիսի 23-ին Վաշինգտոնում կայանալիք բանակցություններին ընդառաջ պաշտոնական Բաքուն հայտարարեց, թե մերժում է Ղարաբաղի հայերին անվտանգության հավելյալ երաշխիքներ տրամադրելու Երևանի պահանջը։

«Նրանք բավարար չափով արդեն պաշտպանված են»,- Reuters-ին ասել էր Ադրբեջանի արտգործնախարարը։

Հունիսի 24-ին Բաքուն կազմակերպեց մի խումբ արտասահմանյան դիվանագետների այցը Հակարիի կամրջին գտնվող ադրբեջանական անցակետ։

Նույն օրը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն Ադրբեջանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դրագանա Կոջիչի հետ հանդիպմանն առաջարկել էր Լեռնային Ղարաբաղի հայազգի բնակչությանը «օգնելու համար» օգտագործել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը։

Հուլիսի 7-ին Արցախում մահացան ԼՂ բնակիչներ 3 տարեկան Լեոն և 6 տարեկան Գիտան։ Այս մասին թվիթերյան  գրառում արեց նաև ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը՝ նշելով, որ երեխաները Արցախում հումանիտար ծանր իրավիճակի հետևանքով են մահացել։

Հուլիսի 8-ին Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատեց իր որոշումը՝ Ադրբեջանին պարտավորեցնելու Լաչինի միջանցքով ապահովել անարգել մուտք։

Հուլիսի 14-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ բազմամարդ հանրահավաք։

Հուլիսի 15-ին Բրյուսելում կայացավ Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը, սակայն այնտեղ ևս չհաջողվեց հասնել միջանցքի ապաշրջափակման շուրջ պայմանավորվածության։

Հուլիսի 16-ին շրջափակումից ի վեր առաջին անգամ Մոսկվան Բաքվին կոչ արեց անհապաղ բացել Լաչինի միջանցքը, վերականգնել ազատ տեղաշարժն ու էներգակիրների մատակարարումը:

Նույն օրը Բաքուն քննադատեց այս հայտարարությունը։

Հուլիսի 25-ին Թեհրանում կայացավ Արարատ Միրզոյանի ու Իրանի արտգործնախարար Հոսեյն Աբդոլլահիանի հանդիպումը․ վերջինս, սակայն, այդպես էլ չանդրադարձավ Լաչինի միջանցքի խնդրին։

Հուլիսի 26-ին ՀՀ կառավարությունը 400 տոննա մարդասիրական օգնություն ուղարկեց Արցախ․ բեռնատարները, սակայն այդպես էլ չկարողացան Արցախ մտնել։ Բաքուն Հայաստանի այդ քայլը «սադրիչ» որակեց։

Հուլիսի 27-ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը Թվիթերում գրեց՝ Բաքվի պարտականությունն է երաշխավորել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։

Հուլիսի 28-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչներն այցելեցին Կոռնիձոր՝ հումանիտար շարասյան հատված՝ տեղում տեսնելու, որ հումանիտար բեռը, որը նախատեսված էր  արցախահայերի համար, դեռ կանգնած է։

Հուլիսի 28-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվեց Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվեց անհայտ ուղղությամբ։

Հուլիսի 31-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թինի Քոքսը Եվրախորհրդի նախարարների կոմիտեին կոչ արեց հնարավորինս շուտ փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ գնահատելու իրավիճակը, որում հայտնվել են հայերը։

Օգոստոսի 7-ին Արցախի խորհրդարանի ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանն ընտրվեց Արցախի Ազգային ժողովի նախագահ։

Օգոստոսի 11-ին Ռուսական «Կոմերսանտը», վկայակոչելով պետական ապարատի պաշտոնյայի, գրեց, որ Ռուսաստանը առաջարկել էր բացել Աղդամի և Լաչինի ճանապարհները, որին սկզբում համաձայնել են ադրբեջանական և ղարաբաղյան կողմերը։ Բայց, այդ նույն պաշտոնյայի խոսքով՝ արցախահայերը պայման են դրել, որ Լաչինը բացվի ոչ թե մեկ օր հետո, այլ միաժամանակ, իսկ հետո պահանջել են, որ Աղդամով ադրբեջանական ապրանքներ չմատակարարվեն։ Հետո տեղի է ունեցել Վագիֆ Խաչատրյանի հետ կապված սկանդալը, և փոխզիջումը չի կայացել։

Օգոստոսի 15-ին Արցախում գրանցվեց սովամահության առաջին դեպքը։

Օգոստոսի 16-ին Հայաստանի պահանջով կայացավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստը․ խորհրդի անդամների մեծամասնությունը դատապարտեց Բաքվի գործողությունները՝ պահանջելով բացել Լաչինի միջանցքը․ նիստի ընթացքում ԱԽ մշտական անդամ ՌԴ ներկայացուցիչը խոսեց ԼՂ բնակչության անվտանգության և իրավունքների երաշխիքներից՝ Ադրբեջանի օրենքների համատեքստում:

Օգոստոսի 25-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկն այցելեց Կոռնիձոր, որտեղ շաբաթներ շարունակ կանգնած էին Հայաստանից հումանիտար բեռներ տեղափոխող բեռնատարները։

Օգոստոսի 28-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, թե  Լաչինի միջանցքում ստեղծված կացությունն առաջիկա օրերին քննարկելու է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ։ Նա նշել էր․ «Մենք պահանջելու ենք լիարժեքորեն պահպանել Լաչինի մարդասիրական միջանցքի կենսագործունեության պայմանները։ Այս ուղղությամբ մենք միջազգային մակարդակով կրկին հանդես կգանք դիվանագիտական նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով ուժեղացնել ճնշումը»։

Նույն օրը Մակրոնին արձագանքեց Բաքուն․ «Մակրոնի կողմից «Լաչինի հումանիտար միջանցք» եզրույթի օգտագործումն անթույլատրելի է»։

Օգոստոսի 28-ին ադրբեջանցիները Հակարիի ապօրինի անցակետից առևանգեցին երեք արցախցի երիտասարդի։

Օգոստոսի 29-ին կայացավ Մակրոնի խոստացած հեռախոսազրույցը Փաշինյանի հետ։

Օգոստոսի 30-ին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն այցելեց Լաչինի միջանցքի սկզբնամաս՝ ուղեկցելով ֆրանսիական հումանիտար բեռները։

Նույն օրը Արցախի խորհրդարանի ղեկավար Դավիթ Իշխանյանը հայտարարեց, որ հստակ որոշում ունեն՝ փակ պահել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը: Նա, միևնույն ժամանակ, ասաց՝ ռուս խաղաղապահների հետ քննարկումները դեռ շարունակվում են։

Նույն օրը ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, թե Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը հետևանք է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման։

Օգոստոսի 31-ին հայկական կողմից Զախարովային խորհուրդ տվեցին Լաչինի միջանցքի արգելափակումը չկանխելու ու բացման ուղղությամբ ռուսական խաղաղապահների գործողությունների բացակայության պայմաններում զերծ մնալ իրավիճակն էլ ավելի բարդացնելուց։

Նույն օրվա կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց, թե Ադրբեջանը ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությամբ շարունակում է Լեռնային Ղարաբաղի հայությանը սովահարության միջոցով ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը։

Սեպտեմբերի 31-ին հրաժարական տվեց Արցախի վերջին ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նույն օրը ՀՀ երրորդ նախագահը հույս հայտնեց, որ Սամվել Շահրամանյանի՝ ԼՂ նախագահի պաշտոնում նշանակման դեպքում «Արցախի Հանրապետության համար կենսական նշանակության հարցերում Արցախի իշխանությունների քաղաքականությունն առավել հստակ և նպատակադրված կդառնա»

Սեպտեմբերի 2-ին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսպես արձագանքեց Հարությունյանի հրաժարականին՝ «Ուրախացա»։ 

Սեպտեմբերի 9-ին Սամվել Շահրամանյանն ընտրվեց այդ պաշտոնում․ այդ ընտրությանը սպառնալիքով արձագանքեցին Բաքվում։

Նույն օրը ԵՄ-ն ու ԱՄՆ-ն հայտարարեցին՝ չեն ճանաչում ընտրությունները, սակայն աջակցում են ԼՂ ներկայացուցիչների ու Բաքվի միջև երկխոսությանը։

Սեպտեմբերի 9-ին Ադրբեջանից դեպի Ստեփանակերտ ուղևորվեցին մարդասիրական օգնությամբ բեռնված բեռնատարները, սակայն արցախցիները մերժեցին ընդունել դրանք․ բեռները մի քանի օր մնացին Բարդա քաղաքում։

Սեպտեմբերի 13-ին ռուսական մարդասիրական օգնությամբ 1 բեռնատար մտավ Ստեփանակերտ․ փաստացի գործարկվեց Բաքվի առաջարկած Աղդամ-Ստեփանակերտ այլընտրանքային ճանապարհը։

Սեպտեմբերի 14-ին՝ Աղդամ-Ստեփանակերտ երթուղով մեկ բեռնատար ռուսական մարդասիրական օգնության փոխադրումից հետո, Լաչինի միջանցքը փակ էր․ Ստեփանակերտից հայտնում էին, որ բանակցում են։

Սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինված ուժերը հարձակում սկսեցին Արցախում, ինչի հետևանքով զոհվեցին ու վիրավորվեցին հարյուրավոր զինվորականներ ու քաղաքացիականներ, Արցախն ամբողջությամբ հայաթափվեց մի քանի օրում։

Ռազմական ագրեսիայից հետո սկսվեց ԼՂ բնակչության մեծ հոսքը դեպի ՀՀ Լաչինի միջանցքով, հոսքը գրեթե ամբողջությամբ դադարեց հոկտեմբերի սկզբին։

Նանե Մանասյան; «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Verified by MonsterInsights