February 24, 2024

Հիմնականում որ երկրներ են մեկնում Հայաստանի քաղաքացիները՝ Ամանորը դիմավորելու համար. ինչ է առաջարկվում

Թեպետ Ամանորին դեռ 20 օր կա, սակայն Հայաստանում բնակվող քաղաքացիներն արդեն սկսել են տարեմուտն այլ երկրներում դիմավորելու համար նախատեսված փաթեթների ամրագրումները:

Նոր տարին դրսում տոնել ցանկացող մեր քաղաքացիներն ինչպես վերջին մի քանի տարիներին, այս տարի նույնպես ամենաշատը նախապատվությունը տալիս են Եգիպտոսին: Երկրորդ երկիրը Դուբայն է: Կան տուրիստական ընկերություններ, որտեղ պահանջվածներից է Իտալիան։ Այս երկրներին հաջորդում են Արաբական Միացյալ էմիրություններն ու եվրոպական որոշ երկրներ:

Տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների խոսքով՝ ակտիվ է նաև ներգնա ամանորյա փաթեթների նկատմամբ քաղաքացիների հետաքրքրվածությունը:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում «Ռիմա Թրավել» տուրիստական գործակալության տնօրեն Ռիմա Խաչատրյանն ասում է՝ ամանորյա տուրերի փաթեթների ամրագրման հարցում քաղաքացիները բավականին ակտիվ են, ամրագրում են թե՛ ներգնա, թե՛ արտագնա տուրեր, իսկ օտարերկրյա քաղաքացիների կողմից Ամանորը Հայաստանում նշելու ցանկությունը վերջինս այս տարի է նկատել։

«Հայաստանի քաղաքացիներն ավելի շատ մեր հանգստյան տներում են նախընտրում Ամանորն անցկացնել։ Ակտիվությունը ներգնա տուրերի նկատմամբ է շատ, իսկ այն մարդիկ, որոնք փորձում են Ամանորը նշել Հայաստանից դուրս, նախընտրում են Եգիպտոսը, Դուբայը, երբեմն՝ Վրաստանը։ Այս տարի նկատում եմ նաև շարժ օտարերկրյա զբոսաշրջիկների, որոնք ցանկանում են մեզ մոտ մասնակցել ամանորյա խնջույքներին, ինչի առթիվ ուրախ ենք, քանի որ շատ երկար տարիներ է՝ փորձում էինք զարգացնել այս ուղղությունը»,- նկատում է նա։

Մեր երկրում Ամանորը ցանկանում են նշել հիմնականում Ռուսաստանի, Եվրոպայի տարբեր քաղաքների, ինչպես նաև Եգիպտոսի քաղաքացիները։ Ամանորյա փաթեթները վաճառվում են մինչև դեկտեմբերի 31-ը։

Ռիմա Խաչատրյանի խոսքով՝ ամանորյա տուրերի ակտիվությունը նախորդ տարվա համեմատ աճել է, ինչպես նաև ի հայտ են եկել նոր ուղղություններ, որոնք նույնպես հետաքրքրում են մեր քաղաքացիներին՝ Դոհա-Քաթար, Աբու-Դաբի, Հորդանան․ «Մարդիկ այլևս չեն ուզում տանը նշել։ Քաղաքացիները նախընտրում են ամռանն իրենց հավաքած գումարները օգտագործել ամանորյա հանգստի համար»։

«Լոկա» տուրիստական գործակալությունում էլ ցանկալի երկրների թոփ տասնյակի առաջին հորիզոնականում ակտիվ են դեպի Եվրոպական քաղաքներ առաջարկվող ուղղությունները։

«Ավելի շատ ակտիվ Են Եվրոպական ուղղությունները, որոնք ավելի մատչելի են, քան Արաբական ուղղությունները, բավականին ակտիվ է նաև դեպի Իտալիա, Շվեյցարիա, Լիխտենշտեյն։ Փաթեթները սպառվում են մինչև դեկտեմբերի 15-16-ը։ Օրինակ՝ դասական Իտալիայի ծրագիրը ներառում է շրջայց Իտալիայի կարևոր քաղաքներով՝ Հռոմ, Վատիկան, Տոսկանա, Վենեցիա, որտեղ նաև կազմակերպվում է այցելություն Սուրբ Ղազար հայկական եկեղեցի, Միլան ու հետ են վերադառնում Երևան, մեկ շաբաթ է տևում»,- մանրամասնում է ընկերության աշխատակիցը։

«Լոռե» տուրիստական ընկերության տվյալներով էլ՝ ակտիվ ուղղություններն են Եգիպտոսն ու Վրաստանը:

«Վրաստանում առաջարկվում է հյուրանոց, գալա ընթրիք, արժեքը շատ մատչելի է և ներառում է նաև Երևանից-Վրաստան տրանսպորտի արժեքը, ինչպես նաև ուրեր տարբեր քաղաքներով։ Հայաստանի դեպքում ակտիվությունը դեպի Ծաղկաձոր և Դիլիջան է, նորից առաջարկում ենք գալա ընթրիք, խաշ և գինու հյուրասիրություն։ Հայաստանում ամանորյա փաթեթների արժեքը սկսվում է 130 հազարից։ Ընդ որում՝ այդ վայրերի տեղերն արդեն սպառվել են»,- տեղեկացնում է գործակալության աշխատակիցը։

«Սքայ Տուր» տուրիստական ընկերության աշխատակցի խոսքով էլ՝ ակտիվ են դեպի Արաբական Էմիրություններ և Եգիպտոս ուղղությունները, իսկ Շրի Լանկայի տեղերն արդեն սպառվել են։ Արժեքն ու առաջարկվող ծրագրերը ընտրում է անձը: Տուրերը սկսվում են 1500 դոլարից։

Verified by MonsterInsights