February 23, 2024

Հուսով ենք՝ ընդդիմության դերում «Քաղաքացիական պայմանագրի» դերակատարումը կլինի ոչ պակաս արդյունավետ. «Բալասանյան դաշինք»

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 6-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ Գյումրիում միակողմանիորեն խզում է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության միջև 2021թ.-ի հոկտեմբերի 30-ին ստորագրած «Համագործակցության մասին» հուշագիրը։

Այսօր «Բալասանյան դաշինք»-ը հետևյալ հայտարարությունն է տարածել.

«2021թ.-ին «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ ստորագրել է համագործակցության հուշագիր, որի հիմքում եղել է Գյումրին ավելի լավը, ավելի զարգացած, ավելի բարեկարգ ու ապագային միտված քաղաք տեսնելը: Անցնող երկու տարիների ընթացքում այդ ուղղությամբ փորձել ենք, մեր գործընկերների հնարավորությունները օգտագործելով, բազմաթիվ ծրագրեր իրականացնել քաղաքում:

Ունենք համագործակցության հաջողված լուրջ փորձ ՀՀ կառավարության հետ համատեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում. 2022-2023 թթ.-ներին հիմնանորոգվել/հիմնանորոգվում է 50 փողոց, վերանորոգման աշխատանքներ են իրականացվել թվով 12 ՀՈԱԿ-ներում, ձեռք են բերվել 5 տեխնիկա և 5 սարքավորումներ, բազմաբնակարան երեք շենքերի Էներգաարդյունավետության ծրագիր է իրականցվել, թվով 10 սոցիալական բնակարան է վերանորոգվել, 16 կոմպլեկլտ լուսացույց է ձեռք բերվել՝ լուսացույցերի թարմացման և նորերի տեղադրման համար, ձեռք են բերվել նստարաններ, աղբամաններ և այլն:

«Բալասանյան Դաշինքը» մինչ այդ ևս ունեցել է համագործակցության հաջողված փորձեր ՀՀ կառավարության հետ համատեղ սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործում:

Հեռու ենք այն մտքից, որ համագործակցությունը հնարավոր է առանց տարաձայնությունների ու խնդիրների, դրանք համարում ենք բնական: Խնդիրներ ու տարաձայնություններ կարող են լինել ինչպես թիմի ներսում, այնպես էլ՝ երկու տարբեր թիմերի միջև:

Համաձայն չենք այն տեսակետի հետ, թե հուշագրով ամրագրված պայմանավորվածությունները չեն պահվել կամ դրանք խախտվել են:

Հնարավոր է, որ երկու տարվա մեջ եղել են նախնական որոշումներ, որոնք կյանքի չեն կոչվել՝ ելնելով տարատեսակ իրողությունններից, որոնց մասին մեր գործընկերները տեղեկացված են եղել: Բնականաբար, այս գործընթացը միակողմանի չի եղել, եղել են նմանօրինակ իրողություններ նաև հակառակ ուղղությամբ, որին մենք մոտեցել են ըմբռնումով և համարել բնական:

Այն ինչ վերաբերում է ստվերային կառավարման տրամաբանությանը՝ ձևակերպումը մեզ համար զարմանալի է, որովհետև քաղաքական կուսակցությունների միջոցով համայնքների կառավարումը, համաձայն որի ընտրողի վստահության քվեն ստանում է թիմը, արդեն իսկ ենթադրում է, որ սկզբունքային որոշ որոշումներ կարող են կայացվել թիմային քննարկումների հիման վրա, ինչը չի հակասում ՀՀ օրենսդրությանը:

Հարգանքով ենք մոտենում մեր գործընկերների ընդունած որոշմանը, նաև հուսով ենք, որ Գյումրու կառավարման համակարգում ընդդիմության դերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության դերակատարումը և գործողությունները կլինեն ոչ պակաս արդյունավետ, քան՝ համատեղ կառավարման ժամանակ:

Պատրաստ ենք և՛ հրապարակային, և՛ աշխատասենյակային ձևաչափերով քննարկել Գյումրի քաղաքի զարգացմանը միտված ցանկացած ծրագիր և գաղափար՝ ավելի լավ Գյումրի ունենալու համար»:

Հիշեցնենք՝ երեկ՝ դեկտեմբերի 11-ին, Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ասուլիս էր հրավիրել և ներկայացրել հուշագիրը միակողմանի խզելու պատճառները:

Verified by MonsterInsights