February 24, 2024

Այս տարվա 10 ամիսներին Հայաստան է եկել ավելի քան 4 մլն մարդ

«ՀՀ վիճակագրական կոմիտեն ամփոփել է 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների հիմնական ժողովրդագրական ցուցանիշները. ստորեւ ներկայացնում ենք բնակչության բնական շարժի տվյալները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հրապարակված նախնական տվյալների համաձայն՝ 2023 թվականի ընթացքում մահացածների ընդհանուր թվաքանակը կազմել է 20 հազար 152 մարդ։ 2022 թվականի համեմատ՝ այս ցուցանիշը նվազ է 316-ով։

Ցուցանիշում մահվան հիմնական պատճառները եղել են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, նորագոյացությունները, շնչառական օրգանների հիվանդությունները եւ այլ հիվանդություններ։

ՀՀ բնակչության ծնվածների քանակը հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 30 հազար 186 մարդ։ Այս տվյալը ներառում է նաեւ մեռելածինների ցուցանիշները։ Նախորդ տարվա համեմատ՝ այս ցուցանիշը աճել է 258-ով, եւ 2021 թվականի համեմատ՝ նվազել 134-ով։ ՀՀ պետական սահմանի եւ՛ օդային, եւ՛ ցամաքային անցման կետերով 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախնական տվյալների համաձայն, Հայաստան է եկել 4 մլն 70 հազար 389 մարդ, որից 1 մլն 646 հազար 333-ը ՀՀ փաստաթղթերով են հատել սահմանը։ Այսինքն՝ ստացվում է, որ 2023 թվականի համար, նախնական ամփոփված տվյալների համաձայն, Հայաստան է այցելել է 2 մլն 424 հազար 56 օտարերկրացի։ Հայաստան են եկել 1 մլն 459 հազար 372 Ռուսաստանի քաղաքացի, 298 հազար 983 Վրաստանի քաղաքացի, 150 հազար 490 Իրանի քաղաքացի, 62 հազար 578 Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի»։

Verified by MonsterInsights