February 24, 2024

Արցախից հրապարակված լուսանկարները ադրբեջանական քարոզչամեքենայի արգասիք են

Սեպտեմբերյան դեպքերից հետո Արցախում մնացած հայերը վերջին օրերին ակտիվացել են սոցիալական ցանցերում։ Ստեփանակերտի տարբեր թաղամասերից լուսանկարներ, տեսանյութեր «Եղբայրական հուշահամալիրից», մի խոսքով՝ գեղեցիկ պատկերներներ «Խանքենդի» դարձած Ստեփանակերտից՝ տուն կանչող գրություններով։

Երեկ համացանցում ադրբեջանական ալիքները տեղադրեցին իր կամքով Ստեփանակերտում մնացած Միշա Գրիգորյանի՝ «գիպսի Միշա»-յի տեսանյութը։ Վերջինս ռուսերենով դիմելով Արցախը լքած հայերին՝ ասում է. «Ադրբեջանցիներն իմ եղբայրներն են, այստեղ մնացածներիս օգնում են, բժշկական ու սոցիալական ծառայություն են մատուցում, վնաս չեն տալիս»։

Նա նաև ասել է, որ սուտ են այն տեղեկությունները, թե իբր իր ձեռքերը կտրել են ադրբեջանցի ծառայողները՝ «տեսեք, ձեռքերս տեղն է»։ Տեսանյութի մեկնաբանությունների հավելվածում հայ օգտատերերը գրառումներ են կատարել, նշել, որ տեսանյութը հին է, նկարահանվել է հոկտեմբերին։ «Միշային տեսել եմ Երևանի բժշկական հաստատություններից մեկում, ձեռքերը վիրակապված վիճակում։ Չի բացառվում, որ տեսանյութը նկարահանվել է, հետո նոր վնաս են տվել»,- գրել է արցախցի օգտատերերից մեկը։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ վերլուծաբան չպետք է լինել հասկանալու համար, որ Արցախում մնացած հայերի գրառումները, տեսանյութերն ու հրապարակված լուսանկարները ադրբեջանական քարոզչամեքենայի արգասիք են։

«Ադրբեջանական պատվեր է։ Երջանիկ այդ կյանքը, որ երևում է սոցիալական ցանցում, իրականության հետ որևէ կապ չունի։ Միամիտ պետք է լինել հավատալու, որ նրանք ազատության մեջ են ու ապրում են իրենց առօրյա կյանքով»։

Արցախի ՄԻՊ-ը հիշեցրեց, որ բռնի տեղահանությունից հետո Արցախում իրենց կամքով մնացած 2 տասնյակից ավելի քաղաքացի ցանկություն է հայտնել Կարմիր խաչի միջոցով տեղափոխվել Հայաստան։ Վերջիններս պատմել են, որ ադրբեջանցի զինծառայողներն ու ոստիկանները թալանել են տները, այրել մեքենաներն ու քանդել տները.

«Եթե ամեն ինչ այդքան լավ է, այդ մարդիկ չպետք է ուզենային դուրս գալ Արցախից»։

Իհարկե՛, Արցախից հրապարակված կադրերն ինչ-որ տեղ, ինչ-որ չափով փարատում են հայրենիքի հանդեպ կարոտը, բայց Գեղամ Ստեփանյանը հորդորեց․ «Չտրվել ադրբեջանական կեղծ քարոզչությանն ու չտրվել սադրանքներին»։

Արցախից հրապարակված լուսանկարները ադրբեջանական քարոզչամեքենայի արգասիք են

Verified by MonsterInsights