February 25, 2024

Լեմկինի ինստիտուտը կոչ Է արել ԱՄՆ-ին պաշտպանել հայերին Երուսաղեմի Կովերի պարտեզի վեճում

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կոչ է արել ԱՄՆ-ին և Իսրայելի մյուս դաշնակիցներին հայկական համայնքին պատշաճ իրավական օգնություն երաշխավորել հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» հատվածի համար վեճում:

Այս մասին ասվում է ինստիտուտի հայտարարության մեջ։

Նշվում է, որ ինստիտուտը խորապես մտահոգված է Երուսաղեմի հայկական թաղամասի ամբողջականության սպառնալիքներով: Մասնավորապես, հայտարարության մեջ ընդգծվում է, որ այս աշնանը հայ համայնքն արդեն կորցրել է կարևոր պատմական հող՝ Արցախը (Լեռնային Ղարաբաղը), որի բնակչությունը ադրբեջանական ագրեսիայի պատճառով ստիպված է եղել լքել իրենց տները:

«Թեև Երուսաղեմում հայ բնակչությունն այսօր շատ փոքր է, հայկական թաղամասը շարունակում է մնալ սփյուռքի ներկայության կարևոր մասը։ Այն հայերի ամենահին գործող սփյուռքն է»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարությունում ընդգծել են, որ Երուսաղեմի հայկական թաղամասի մշակութային ժառանգությունը պետք է պաշտպանված լինի կառուցապատողներից:

Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզումի» կրկին միջադեպ է գրանցվել։ The Armenian Weekly-ի թղթակից Գեղամ Բալյանը X-ի իր միկրոբլոգում գրել է ու տեսանյութ հրապարակել, որ Ջորջ Ուորվար անունով անձը, ով ավելի վաղ հանդիպել էր Ateret Cohanim-ի ղեկավարների հետ, ագրեսիվ կերպով ահաբեկել, սպառնացել է Երուսաղեմի տեղական խաղաղ հայ համայնքի ներկայացուցիչներին, որոնք գտնվել են «Կովերի պարտեզի» տարածքում։

Տարածքում եղել են նաև հոգևորականներ։ «Ես ձեզ հերթով դուրս կբերեմ այստեղից, այ մնացուկներ»,- արաբերենով գոռացել է նա։

Նշվում է, որ Ateret Cohanim-ը ծայրահեղական կազմակերպություն է, որի առաքելությունն է հուդայականացնել Երուսաղեմի ամբողջ Հին քաղաքը։

Հայ համայնքի ներկայացուցիչները կոչ են արել սադրանքներին չտրվել. «Պրովոկացիա է անում, թող գոռա, որ գոռում է, ծափ տվեք»։

Verified by MonsterInsights