February 24, 2024

Ադրբեջանում հերթական հետաքննող լրագրողն է ձերբակալվել. 1 ամսում 8 ԶԼՄ ներկայացուցիչ է զրկվել ազատությունից

Ադրբեջանում լրագրողների և մամուլի նկատմամբ ճնշումները շարունակվում են:

Այս անգամ ձերբակալվել է հետաքննող լրագրող Հաֆիզ Բաբալին, որը նյութեր է հրապարակում Abzas Media-ում, նաև երկրի եզակի անկախ գործակալություններից մեկի՝ Turan-ի տնտեսական նորությունների բաժնի խմբագիրն է:

Խուզարկվել է նրա տունը, առգրավվել են համակարգիչ, բջջային հեռախոս, փաստաթղթեր։

Նախնական տեղեկություններով՝ նա ձերբակալվել է Abzas Media-ի գործով։ Նա ութերորդ ԶԼՄ ներկայացուցիչն է, որը ձերբակալվել է վերջին՝ մեկ ամսից էլ քիչ ժամանակահատվածում։ Մեկ օր առաջ էլ ձերբակալվել էր լրագրող Թեյմուր Քերիմովը՝ սպառնալիքների միջոցով շորթում իրականացնելու մեղադրանքով։ Ձերբակալվել են նաև Abzas Media-ի տնօրենն ու գլխավոր խմբագիրը:

Լրագրողի ազգականները պատմել են, որ ոստիկանները Հաֆիզին կանգնեցրել են աշխատանքի գնալիս և ձեռնաշղթաներ հագցրել, հետո շուրջ երկու ժամ խուզարկել տունը։ Ձերբակալության և խուզարկության ժամանակ նա եղել է առանց փաստաբանի։

Ավելի վաղ լրագրողը հայտնել էր, որ նոյեմբերի 28-ին իրեն որպես վկա են կանչել Abzas Media-ի գործով:

«Ինձ հարցրել են Abzas Media-ի ֆինանսավորման մասին, ես ասել եմ, որ դրա մասին ոչինչ չգիտեմ։ Ես այնտեղ հրապարակել եմ իմ լրագրողական հետաքննությունները, աշխատել եմ հեռավար կարգով, հազվադեպ եմ գնացել խմբագրություն, ուստի ֆինանսավորման մասին ոչինչ չգիտեմ։ Ես նրանց ասել եմ, որ պատասխանատու եմ իմ լրագրողական հետաքննությունների, ոչ թե խմբագրության ֆինանսավոման համար, իմ հոդվածները հիմնված են փաստերի և փաստաթղթերի վրա։ Ես օրենքներ չեմ խախտել։ Դա իմ մասնագիտական աշխատանքն է»,- նշել է Հաֆիզ Բաբալին:

Թե կոնկրետ ինչում է մեղադրվում Բաբալին, հայտնի չէ։ Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը Հաֆիզ Բաբալիի ձերբակալության մասին տեղեկություն լ դեռևս չի փոխանցել:

Մի քանի օր առաջ Հաֆիզ Բաբալին հարցաքննվել է ոստիկանության Բաքվի քաղաքային վարչությունում՝ Abzas Media առցանց պարբերականի գործունեության հետ կապված։ Սառեցվել են նաև նրա բոլոր բանկային հաշիվները, նույնիսկ հաշմանդամության կենսաթոշակի հաշիվը։

Բաբալին բարձրաստիճան պաշտոնյաներին առնչվող կոռուպցիայի դեպքերի բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակ է։ Իր հետազոտությունների համար նա արժանացել է միջազգային մրցանակների, Ադրբեջանի եզակի անկախ լրագրողներից է, որն աշխատել է նաև միջազգային մամուլի հետ:

Ոստիկանությունում օրեր առաջ եղած հարցաքննությունից հետո Հաֆիզ Բաբալին սոցիալական ցանցերում գրել է.

«Այդ հետաքննությունները պատրաստելիս, ելնելով ժանրի առանձնահատկություններից, ես հաճախ ստիպված էի աշխատել հարյուրավոր աղբյուրների ու փաստաթղթերի հետ՝ որպես պրոֆեսիոնալ հետազոտող։ Ես բոլոր դետալներով ներկայացրեցի ընթերցողներին այն, ինչ «չի տեսնում» դատախազությունը։ Բայց նրանք, ովքեր նայում են հայելուն, կարծես թե ելքը տեսնում են այն կոտրելու մեջ։

Եթե այլ երկրում ապրեի, պետական մակարդակով երախտագիտություն կլսեի այդ հոդվածների համար։ Ապօրինի հարստացածների դեմ քրեական գործեր կհարուցվեին։ Բայց իմ ճակատագիրը Ադրբեջանում, ինչպես տեսնում եք, ճիշտ հակառակն է․ իշխանությունը հետապնդում է իրեն քննադատողներին»։

Abzas Media-ի գործով վերջին օրերին արդեն իսկ ձերբակալվել է 4 լրագրող՝ պարբերականի տնօրեն Ուլվի Հասանլին, փոխտնօրեն Մուհամեդ Կեկալովը, գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆկիզին, թղթակից Նարգիզ Աբսալամովան։

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում անկախ ԶԼՄ-ների նկատմամբ աճող ճնշումների կապակցությամբ։

Verified by MonsterInsights