February 22, 2024

«Խաղաղության խաչմերուկ»-ը ուղիղ առնչություն ունի դեպի ծով ելք ունենալու հետ․ ՀՀ վարչապետ

«Մեր համոզմունքն այն է, որ խաղաղությունն առաջին հերթին ժողովուրդների տնտեսական, մշակութային, քաղաքական կապերի հնարավորությունը և առկայությունն է, իսկ այդ կապերը ակնհայտորեն չեն կարող տեղի ունենալ առանց տրանսպորտային կոմունիկացիաների, և այս է պատճառը, որ մենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման շատ կարևոր թեմայով մեր մոտեցումներն ամբողջացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մեջ, որը, ըստ էության, տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու մասին է, և որը, ըստ էության, այդ թվում՝ ուղիղ առնչություն ունի դեպի ծով ելք ունենալու ավելի մեծ հասանելիությունների հետ»։

Այս մասին Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Փաշինյանը նախ հիշեցրեց, որ ավելի քան 30 տարի Հայաստանի սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ են․ «Եվ այսօր մենք, միջազգային հանրությունը և տարածաշրջանային երկրները շատ ենք խոսում, քննարկում տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու հնարավորությունների մասին: Շատ կարևոր եմ համարում արձանագրել այս հեղինակավոր լսարանում Հայաստանի պատրաստակամությունը՝ շատ գործուն և կոնկրետ քայլեր իրականացնելու մեր տարածաշրջանում կոմունիկացիաների բացման վերաբերյալ։ ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնում ստեղծել, վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև, ընդ որում՝ երկու՝ նախկինում գոյություն ունեցած երկաթուղիների միջոցով»։

Այնուհետև Կառավարության ղեկավարը մանրամասնեց․ «Առաջինը հյուսիսային ուղին է, որը կապում է ադրբեջանական Ղազախի շրջանը Հայաստանի Տավուշի մարզի հետ, և երկրորդը՝ հարավային ուղին, որն այլոց շարքում կապում է նաև Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ: Ընդ որում՝ մենք կարծում ենք, որ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և ընդհանրապես արտաքին աշխարհի հետ կարող են կապվել նաև հյուսիսային ուղիով, և այս պատրաստակամությունը մենք հայտնել ենք պաշտոնապես և այսօր նույնպես հայտնում ենք:

Հաջորդը վերաբերում է ավտոճանապարհներին, որը, ընդ որում, կարող է ունենալ հյուսիսային ուղի, այսպես ասած՝ միջին ուղի և հարավային ուղի, որը, ինչպես տեսնում եք, նոր հնարավորություններ կբացի մեր տարածաշրջանի համար, և, ըստ էության, Հայաստանը «Խաղաղության խաչմերուկի» միջոցով կարող է կապվել և կապել այլ երկրները հյուսիս-հարավ առանցքով և արևելք-արևմուտք առանցքով:

Ընդ որում՝ մենք նույն խնդիրը և պատրաստակամությունը ցուցաբերում ենք նաև Հայաստան-Թուրքիա երկաթուղին բացելու առումով և Հայաստան-Թուրքիա երկու ավտոճանապարհները՝ նախկինում գոյություն ունեցած, վերակառուցելու և վերաբացելու առումով, որը, կարծում ենք, էական ազդեցություն կունենա ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև ընդհանրապես միջազգային տնտեսական հարաբերությունների և մշակութային կապերի, քաղաքական կապերի և ընդհանրապես գլոբալ անվտանգության հարցերի վրա»:

Verified by MonsterInsights