February 23, 2024

Մուսալեռի դպրոցից ավելի քան 15 երեխա տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիր մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Մուսալեռի վարչական տարածքում ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցից 15-ից ավելի երեխա տեղափոխվել է մի մասը «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, մի մասը՝ Մուսալեռի բժշկական ամբուլատոր կենտրոն, մի մասին էլ՝ Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Կայքի տեղեկություններով՝ դպրոց են ժամանել իրավապահները: Թե ի՞նչն է եղել դպրոցում երեխաների ինքնազգացողության վատացման պատճառը, պարզվում է: Պարզվում է նաև նրանց ինքնությունը:

Հարցին, թե ինչի՞ հետևանքով են երեխաներին տեղափոխվել բուժհաստատություններ, համայնքային իշխանության ներկայացուցիչը նշեց, որ, ըստ նախնական վարկածի, գազի արտահոսք է եղել:

Դեռ չհստակեցված որոշ տեղեկությունների համաձայն էլ՝ դպրոցի աշակերտներից մեկն է իր հետ դպրոց տարել գազի բալոնչիկ և փչել:

ՀՀ առողջապահության նախարարի խոսնակը հայտնեց, որ հոսպիտալացված երեխաները ստանում են առաջին բուժօգնություն, նրանց առողջական վիճակը դեռ գնահատման փուլում է:

«Ինչ-որ խեղդող հոտ էր տարածվել երկրորդ ու երրորդ հարկերում, երեխաների մոտ հազ առաջացավ, սկսեցին խեղդվել։ Շատ արագ տարհանում ենք կազմակերպել»,- ասաց դպրոցի տնօրեն Նաիրա Սվարյանը։

Նա տեղեկացրեց, որ աշակերտներից մեկը, որ ասթմա ուներ, վատացել է, շտապ օգնություն են կանչել ու տեղափոխել Երևանի Մուրացան համալսարանական հիվանդանոցային համալիր։

«Հինգ երեխայի էլ տեղափոխել ենք Վաղարշապատի հիվանդանոց։ Չգիտենք՝ ինչից է խնդիրն առաջացել, գազի հետ կապված ստուգում արել ենք, գազի արտահոսք չի եղել, կաթսայատունը հեռու է։ Հիմա ոստիկանները տարածքում աշխատում են։ Երեխաներին տուն ենք ուղարկել, տարհանել էինք, որոշեցինք տուն ուղարկել»,- ներկայացրեց տնօրենը։

Մեր հարցին՝ արդյո՞ք քիմիայի կաբինետի մոտակայքում է դեպքը տեղի ունեցել, հնարավո՞ր է քիմիական նյութերից որևէ մեկը թափված լինի, երեխաների մոտ հազ առաջացրած, դպրոցի տնօրենը պատասխանեց՝ այո՛, քիմիայի կաբինետի մոտակայքում է եղել, բայց երեկվանից կաբինետը փակ է, ջեռուցման խնդիր կա, դուռն անգամ չի բացվել։

Տեղեկացնենք, որ հիվանդանոց տեղափոխված երեխաները վեցերորդ, ութերորդ, իններորդ և տասնմեկերորդ դասարանների աշակերտներ են։  Հավելենք, որ դպրոցում սովորում է 364 աշակերտ։

Verified by MonsterInsights