February 23, 2024

Գոհ եմ Ալեքսանդր Պետրակովի աշխատանքից, նրա պայմանագիրը դեռ մեկ տարի ժամկետ ունի․ ՀՖՖ նախագահ

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը գոհ է ազգային հավքականի ներկայիս մարզիչ Ալեքսանդ Պետրակովի աշխատանքից։

«Արմենպրես»-ի հետ ծավալուն հարցազրույցի ընթացքում նա նշել է, որ Պերակովի հետ պլանավորում են արդեն հաջորդ տարվա աշխատանքները։

«Իհարկե, միշտ էլ ուղեգրի համար պայքարելու խնդիր դնում ենք: Մինչև նախավերջին խաղը մենք շանսեր ունեինք: Եթե հաղթեինք Ուելսին, ապա վերջին խաղը եզրափակիչ կլիներ: Բայց շատ ավելի քիչ միավորներ հավաքեցինք, քան կարող էինք՝ հաշվի առնելով մեր խաղի մակարդակը: Փաստացի 8 խաղից մենք միայն մեկում ենք խաղային առումով ձախողվել: Դա Լատվիայի հավաքականի հետ խաղն էր: Եվ պարադոքսալ էր, որ, նման խմբում հայտնվելով, երկու գնդակի տարբերությամբ միայն Լատվիային ենք պարտվել: Եղան վերլուծություններ թե՛ մեր կողմից, թե՛ մարզչական շտաբի կողմից, որը դրականորեն ազդեց արդեն վերջին երկու խաղերի վրա, քանի որ խաղի մակարդակն այն էր, ինչ սովորաբար, քիչ թե շատ սպասում ենք: Միավորներ քիչ եղան, մենք չկատարեցինք մեր խնդիրը, բայց հուսադրող էր այն, որ բավականին բարդ խմբում մենք կարողացանք լավ ֆուտբոլ ցուցադրել։ Այս առումով, ես, իհարկե, գոհ եմ Ալեքսանդր Պետրակովի աշխատանքից»,- ասել է նա։

Վերջինիս խոսքով՝ Պետրակովի պայմանագիրը դեռ մեկ տարի ժամկետ ունի, և արդեն իսկ խոսել են ապագայի մասին, պայմանավորել հաջորդ տարվա անելիքները․ «Իհարկե, հավաքականի առջև խնդիր է դրված Ազգերի լիգայի C խմբում առաջին տեղը զբաղեցնել: Իմ կարծիքով՝ այսօր Հայաստանի հավաքականն այն թիմերից է, որը պետք է լինի առնվազն Ազգերի լիգայի B լիգայում»:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը «Արմենպրես»-ի հետ ծավալուն հարցազրույցի ընթացքում խոսել է Ուրարտուի նախկին Ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսի մասին։

Հարցին՝ ինչպիսի՞ մրցակից է վերջինս ֆեդերացիայի ներկայիս նախագահի համար, Մելիքբեկյանը ընդգծել է․

«Չեմ կարող ասել, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում վերընտրվելու որոշումը հեշտ է եղել: Շատերը դրան, իհարկե, չեն հավատա: Ամեն օր աշխատելով ՀՖՖ-ում՝ տեսնում եմ, որ դեռ անելիքներ ունենք, որոնք պետք է ավարտենք: Ինչ վերաբերում է Արաս Օզբիլիզին, ապա ես իրեն շատ հարգում եմ, շատ լավ ֆուտբոլիստ էր, բայց ես կարծում եմ, որ իր որոշման հետևում ինքը չէ կանգնած: Կանգնած են իր ակումբի այլ մարդիկ: Ես Արասի նկատմամբ շատ դրական վերաբերմունք ունեմ որպես ֆուտբոլիստի, որպես հայկական ֆուտբոլին շատ բան տված խաղացողի»,- ասել է նա։

Ըստ նրա՝ Օզբիլիսը չի կարող ունենալ ֆուտբոլային մենեջմենթի այն որակները, որոնք նրան թույլ կտան հավակնել ՀՖՖ նախագահի պաշտոնին:

Verified by MonsterInsights