February 25, 2024

Թիվ 18 երթուղու վարորդը դեռևս գտնվում է բժիշկների հսկողության ներքո․ «Երևան» ավտոբուս ՓԸԲ-ի ներկայացուցիչը մանրամասնեց

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ներկայացուցիչը անդրադարձավ դեկտեմբերի 15-ին Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկում թիվ 18 ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած վթարին:

Նա հաստատեց մամուլում տարածված տեղեկությունը, որ ավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը վարելու ժամանակ վատացել է, ինչի հետևանքով վնասվել է 10 մեքենա, ուղևորներ և հետիոտներ չեն տուժել:

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ներկայացուցչի փոխանցմամբ՝ վարորդ Ա. Կարապետյանը տեղափոխվել է Հերացու անվան թիվ մեկ համալսարանական հիվանդանոց և մինչև օրս գտնվում է բժիշկների հսկողության տակ։

Քաղաքապետը հետաքրքրվեց՝ վարորդները մինչև աշխատանքի անցնելը ստուգվո՞ւմ են, «Ավտոբուս ՓԸԲ-ի ներկայացուցիչը պատասխանեց՝ նշված երթուղու վարորդը առավոտյան ստուգվել է, ամեն ինչ նորմալ է եղել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» մակնիշի ավտոբուսը Կորյունի փողոցում բախվել էր «Տոյոտա Լանդ Քրաուզեր», «Տոյոտա Քեմրի», «Սյուզուկի», «Նիսան Տիդա», «ԲՄՎ», «Նիսան Մարչ», «Տոյոտա Քեմրի», «Շեվրոլետ», «Նիսան» և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաներին: Վթարի հետևանքով ավտոբուսի վարորդը, ում առաջինը օգնության էին հասել քաղաքացիներն ու ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Verified by MonsterInsights