February 25, 2024

Ուկրաինական բանակն անցել է անսպասելի ռազմավարության

Ուկրաինայի պաշտպանության ուժերի հրամանատարությունը, սպասելով Արևմուտքից ավելի լուրջ ռազմական օգնության, կենտրոնացել է նոր ռազմավարության վրա։ Այս մասին ասվում է գերմանական BILD-ի հոդվածում։

«Ուկրաինայի կողմից տարածքների ազատագրման պլաններն առայժմ հետաձգվում են: Ուկրաինայի զինված ուժերը վերանայել են իրենց պաշտպանությունը և անցել անսպասելի նոր ու կոշտ ռազմավարության՝ ռուս ագրեսորի դեմ պայքարում»,- ասվում է հոդվածում։ Այս ռազմավարությունը, ինչպես հաղորդվում է, ոչ թե առաջ շարժվելու կամ նույնիսկ առաջնագիծն իր ներկայիս դիրքերում պահելն է, այլ օկուպացիոն ռուսական բանակին առավելագույն կորուստներ պատճառելը։

Այն շրջաններում, որտեղ կորուստները 10:1 են հօգուտ Ուկրաինայի, ուկրաինական զորքերը դիմանում և «աղում» են թշնամու ուժերը։ Սակայն, որտեղ կորուստների հարաբերակցությունը 1:1 է, Ուկրաինայի զինված ուժերը հետ են քաշվում՝ կենդանի ուժը պահպանելու համար։

«Դուք ականապատ դաշտեր եք կառուցում, որպեսզի դրանցում ոչնչացվեն հնարավորինս շատ ռուս զինվորներ և նրանց տանկերը: Երբ թշնամին հաղթահարում է այդ դաշտերը, դուք նահանջում եք ևս մեկ կիլոմետր և թույլ եք տալիս ռուսներին խրվել հաջորդ ականապատ դաշտը, որը տեղադրվել է այս ընթացքում», ուկրաինացիների մարտավարությունը բացատրել է արևմտյան փորձագետը։

Ուկրաինայի զինված ուժերն այժմ հնարավորինս թուլացնում են Ռուսաստանի օկուպացիոն բանակը՝ սպառելով նրա հարձակողական ներուժը, սպասելով արևմտյան զենքի ժամանմանը, որը կարող է բեկել պատերազմի ընթացքը։ Խոսքն առաջին հերթին F-16 կործանիչների, ինչպես նաև ATACMS և Taurus հեռահար հրթիռների մասին է։

Նշենք, որ ԱՄՆ հետախուզության տվյալներով, ռուսները կորցրել են Ուկրաինայում իրենց ուժերի 80 տոկոսը։ Ըստ տարբեր տեղեկությունների՝ ռուսների կորուստները կազմում են 1 միլիոնից ավելի սպանված եւ վիրավոր։

Verified by MonsterInsights