February 25, 2024

Ավերիչ քաղաքական անգործունեությունն արդյունք է հասարակության զարգացման ցածր մակարդակի․ Անանյան

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քաղաքագիտական աշխատություններում ներկայացվող տեսություններում քաղաքական էլիտան բնութագրվում է որպես քաղաքական-կառավարչական գործընթացների ձևավորող, կրող, արարող։

Կառավարում իրականացնելիս, էլիտան որոշակի գաղափարախոսության հիմքի վրա մոդելավորում է իր քաղաքական վարքաբանությունը, որը ներառում է գործունեության երկու տիպեր․ արարիչ քաղաքական գործունեություն, և ավերիչ քաղաքական անգործունեություն, վերջինս շատ դեպքերում կարող է նաև քաղաքական գործունեության խաբկանքի տպավորություն ստեղծել։

Առաջին տիպը ենթադրում է վառ անհատականություններ, որոնք նվիրված են (հավատարիմ են) իրենց ներկայացրած քաղաքական արժեքներին, գաղափարներին և նրանք իրականացման համար ծավալում են քաղաքական ակտիվ և արարիչ գործունեություն։

Ավերիչ քաղաքական անգործունեությունն արդյունք է հասարակության զարգացման ցածր մակարդակի, որի պայմաններում քաղաքական էլիտան (առաջնորդը) քաղաքացու արժույթային պատկերացումները մարգինալացնում է։ Այս պայմաններում քաղաքական վարքագծի մոդելավորման գործընթացում էլիտան հենվում է անհատի՝ իրականությունից օտարվածության, ավանդական արժեքների մերժման և նոր արժեքների պարտադրման վրա։

Եթե շատ մեծ ցանկության պարագայում, մի կերպ համարենք, որ մենք, այնուամենայնիվ, ունենք քաղաքական էլիտա, նույնիսկ կռահել պետք չէ, թե որ տիպի էլիտայի մասին է խոսքը»։

Verified by MonsterInsights