February 24, 2024

Փարաքարում «նոր» ընտրությունների հոտ է գալիս

Փարաքար խոշորացված համայնքում կրկին քաղաքական ցնցումներ են հասունանում։ Գործող համայնքապետ Դավիթ Մինասյանը, որ բանավոր համաձայնությամբ 2,5 տարի անց պաշտոնը պետք է զիջեր ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանին, մեր տեղեկություններով, փոշմանել է։

«Հրապարակ» թերթը գրում է.  Քաղաքական թիմերը, հիշեցնենք, նման պայմանավորվածություն ձեռք բերեցին անցած տարվա հունվարին, երբ ընտրություններից հետո ոչ մի ուժ մեծամասնություն չուներ: Երկար քննարկումներից, ծեծկռտուքներից ու բոյկոտներից հետո ամենաքիչ ձայներ հավաքած «Դավիթ Մինասյան» դաշինքը կոալիցիա կազմեց ոչ թե ընդդիմադիր «Ապրելու երկրի», այլ ՔՊ-ի հետ, որին պետք է 2,5 տարուց զիջեր համայնքապետի աթոռը։

Ասում են՝ Դավիթ Մինասյանի «աթոռը տակից գնում է» ոչ այնքան ՔՊ-ականների, որքան իր խմբակցության պատճառով։ Նրանք դժգոհ են համայնքապետից, ասում են` Մինասյանն իրենց տիրություն չի անում, եւ հիմա ո՛չ «շեֆին» են ուզում, ո՛չ ՔՊ-ին։ Ներքին տարաձայնությունների պատճառով ավագանու նիստեր էլ չեն կայանում` 11 հոգի չի գալիս, եւ քվորում ապահովել չի հաջողվում։ Հարցի լուծման 2 տարբերակ է քննարկվում՝ կա՛մ անվստահության գործընթաց սկսել՝ հեռացնել համայնքապետին, կա՛մ հասնել նրա հրաժարականին։ Երկու դեպքում էլ շահում է «Ապրելու երկիրը»։ Բանն այն է, որ Փարաքարի 21 հոգանոց ավագանիում 10 մանդատ ունի «Ապրելու երկիրը», որը Դավիթ Մինասյանի՝ համայնքապետ դառնալուց հետո ավագանու ոչ մի նիստի չի մասնակցել, բայց նաեւ վայր չի դրել մանդատները։ Մեր տեղեկություններով՝ ավագանու այն անդամները, որոնք դեմ են ե՛ւ Մինասյանին, ե՛ւ ՔՊ-ից Լյուդվիգ Գյուլնազարյանին, նոր ընտրությունների դեպքում ձայն կտան «Ապրելու երկրի» թեկնածու Վոլոդյա Գրիգորյանին։ Մեզ հետ զրույցում Վ. Գրիգորյանը հաստատեց՝ Փարաքարի համայնքապետարանում անառողջ մթնոլորտ է։

«Ընտրություններից հետո 1 կամ 2 անգամ է ավագանու նիստ գումարվել, նիստեր չեն լինում, քանի որ ամեն մեկն իր պրինցիպներով է առաջնորդվում։ Անընդատ արտահերթ են դնում, բայց քվորում ապահովել չի հաջողվում»,- ասաց նա։ Փարաքարի ՔՊ խմբակցության ղեկավար Արաքսյա Վարդանյանը պնդում է՝ քաղաքական ուժերը հաշտ ու համերաշխ են, գոհ են Դավիթ Մինասյանի կառավարումից, բայց չեն հանդուրժի պայմանավորվածության խախտում՝ վերջին 2,5 տարին իրենցն է։ Հարցին՝ Դավիթ Մինասյանը 2 տարվա կառավարման ընթացքում որպես համայնքապետ իրեն արդարացրե՞լ է, Վարդանյանը պատասխանեց․ «Այո, արդարացրել է, մենք լիքը լավ ծրագրեր ենք միասին արել»։ Հնարավո՞ր է, որ ՔՊ-ի գոհունակությունը դրսեւորվի նրանով, որ Դավիթ Մինասյանը չհեռանա եւ հաջորդ 2,5 տարին էլ ղեկավարի Փարաքար համայնքը։ Վարդանյանն ասաց՝ «բացառվում է»։ «Մենք աշխատում ենք 2,5-ի պայմանով։ Այնպես չէ, որ գոհ ենք, մտածում ենք՝ մնացած 2,5 տարին էլ է ինքն աշխատելու։ Որեւէ կարծիք, խոսակցություն չկա, որ նա Լյուդվիգ Գյուլնազարյանի փոխարեն էլ կղեկավարի։ Մենք շատ բարիդրացիական հարաբերությունների մեջ ենք, ամեն նիստի ժամանակ էլ հիշեցնում ենք, որ գալու է Գյուլնազարյանի կառավարման ժամանակահատվածը»,- նշեց նա։

Մեզ չհաջողվեց կապ հաստատել Փարաքարի համայնքապետ Դավիթ Մինասյանի եւ նրա խմբակցության ղեկավար Էմին Երիցյանի հետ, ով նաեւ Համայնքների միության նախագահն է։

Verified by MonsterInsights